Սեպտեմբերի 21-ի տոնը կազմակերպող ընկերության ակունքներում մասոն գործընկեր է

Սեպտեմբերի 21-ի տոնը կազմակերպող ընկերության ակունքներում մասոն գործընկեր է

Սեպտեմբերի 21-ի «գունագեղության» շրջանակներում, անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների կազմակերպչի՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ի մասին երեկ տեղեկացրել էինք։ Այս կազմակերպությունը, որը լավ էլ աշխատել է նախկինների հետ, այսօր Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։ Մեր աղբյուրների վկայությամբ, սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումների համար 2 միլիոն դոլար է հատկացվելու այս կազմակերպությանը։

2018-2021թթ․ այս կազմակերպությանը կառավարությունից պատվերներ են տրվել՝ կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներ, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնություններ, եւ նույնիսկ «Ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից է տեսաֆիլմերի արտադրության պատվեր ստացել։

Այս անգամ ընկերությունը պատվերը ստացել է առանց մրցույթի՝ որպես հրատապ գնում՝ մեկ անձից։ Գրել էինք նաեւ, որ սա ամենեւին պատահական չէ, քանի որ ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, եւ հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։

Ինչպեսեւ կասկածում էինք, Աշոտ Առաքելյանը բազում «կմախքներ» ունի «պահարանում պահված», այդ պատմությունների թելերը տանում են մինչեւ 2011 թվականը։ «Դոմինո փրոդաքշն»-ը ժամանակին մեկ անգամ լուծարվել է ու հետո նորից կազմավորվել որպես  գրեթե նույնանուն կազմակերպություն։ Այն ժամանակվա «Դոմինոյի» կազմում եղել է նաեւ լրագրող, «Ասեկոսե» կայքի սեփականատեր Արամ Հարությունյանը, որի առաջարկությամբ էլ լուծարվել է «Դոմինոն», քանի որ համատեղ աշխատանքի շարունակությունն այլեւս անհնար է դարձել: Այսինքն՝ կազմակերպության հիմնադիրները եղել են լիբանանահայ Սեւակ Սերոբյանը, Աշոտ Առաքելյանը եւ լրագրող Արամ Հարությունյանը։ Հարությունյանի հեռանալուց հետո Սեւակ Սերոբյանն ու Աշոտ Առաքելյանը շարունակել են աշխատանքը, վերջինս՝ որպես silent partner։ Ասում են, որ համատեղ սրճարան էլ ունեն՝ «Բյուրո» անունով։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Արամ Հարությունյանը լուծարման պատճառների մասին խոսեց պայմանով, որ Աշոտ Առաքելյանի մասին չենք խոսելու։ «Ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ մեկնաբանություն տալիս են մեկի մասին, որն իրենից որեւէ բան է ներկայացնում։ Աշխատել եմ այդ անձնավորության ու նրա լիբանանյան գործընկերոջ հետ, սակայն տարաձայնություններ եմ ունեցել՝ ինչպես, ինչ միջոցներով, ինչ մեթոդներով, ում հետ, ումից գործ ստանալու, ում ինչ տալու հարցերում, ու էդ մասին գրավոր ու բանավոր տեղեկացրել եմ հիմնական ֆինանսավորողին, որը կրկին Լիբանանից է։ Ի դեպ, հասկացել եմ, որ նրանց ընդհանուր շահերը համընկնում են, որոշում եմ կայացրել համատեղ կազմակերպությունը լուծարելու մասին, որից հետո որեւէ կապ չեմ ունեցել ո՛չ այդ անձնավորությունների, ո՛չ կազմակերպության հետ։ Դա եղել է մոտ տասը տարի առաջ»,- ասաց Արամ Հարությունյանը։

Միասին՝ նախկին կազմով, ընկերությունն Օպերայի բակում անցկացրել է Մայիսի 28-ին նվիրված միջոցառում։ Արամ Հարությունյանն ավելացրեց, որ իր որոշման համար վճռորոշ են եղել նաեւ իր գործընկերներից մեկի կապերը մասոնական կազմակերպություններից մեկի հետ։ «Քանի որ վստահ եմ, որ ապազգային կառույցը չի կարող լավ բան անել ազգայինի համար եւ, առհասարակ, որեւէ կապ ունենալ ազգայինի հետ, ինչպեսեւ աղանդավորական կազմակերպությունը»,- ասաց Արամ Հարությունյանը։ Նա հստակեցրեց, որ մասոնների հետ կապ ունի ոչ թե «այդ անձնավորությունը», այլ նրա լիբանանահայ գործընկերը։

Տեղեկացանք, որ Սեւակ Սերոբյանն Աշոտին ու Արամին հրավիրած է եղել մասոնական երկու «պարագլխի» հետ հանդիպման,  որն անցել է Բեյրութի ճոխ ռեստորաններից մեկում, Արամը  գնացել է, սակայն դրանից հետո մերժել է որևէ քայլ անել։

Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր իշխանությունների օրոք նման պատվերներ ստանում են նույն մարդիկ։ Արամ Հարությունյանն ասում է․ «Էդ տեսակ մարդիկ միշտ էլ գտնվում են, իսկ թե ինչու են գտնվում՝ իրենց հետ աշխատում, ինքդ կարող ես վերլուծել»։

ՀԳ․ Մենք փորձեցինք Արամ Հարությունյանի ասածների վերաբերյալ ստանալ նաեւ Աշոտ Առաքելյանի մեկնաբանությունները, մանավանդ՝ մասոն գործընկերոջ, նրա փայաբաժնի, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին, իսկ «Բյուրո» սրճարանից էլ խոստացան հետ զանգահարել, բայց չզանգահարեցին։