Մաքրուհիները ուզում են ավլել գիշերով, բայց քաղաքին հարմար չէ

Մաքրուհիները ուզում են ավլել գիշերով, բայց քաղաքին հարմար չէ

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը, որը զբաղվում է քաղաքի աղբահանությամբ, օրեր առաջ փոխել է իր աշխատակիցների աշխատանքային ժամանակացույցը, ստիպելով նրանց քաղաքը մաքրել ոչ թե գիշերային ժամերին, ինչպես եղել է դեռ «Սանիթեքի» ժամանակներում, այլ ցերեկը: 
Այս պահանջը մաքրուհիների դժգոհությունն է առաջացրել:

«Մենք տարիներով գիշերներն ենք աշխատել, ցերեկը մեր գործերով ենք զբաղվել: Գիտեք, մաքրուհիները հիմնականում կանայք են, երեխաներ ունենք, թոռներ ունենք: Գիշերը գործ ենք արել, ցերեկը մեր երեխաներին ենք պահել: Հիմա մեզ ստիպում են ցերերկներով քաղաքը մաքրել:

Դա ոչ մեզ է հարմար, ոչ քաղաքացիներին: Մարդիկ ասում են՝ խի եք փոշի անում: Արևին, շոգին, էս դիմակները դնչներիս՝ շատ-շատ դժվար վիճակի մեջ ենք», - ասաց մաքրուհիներից Ա-ն: 

Նա խնդրեց իր անունը չհրապարակել, ասելով, որ «հանգիստ նշեմ»՝ ինքը խոսում  է բոլոր մաքրուհիների անունից: Կանայք հարցը բարձրացրել են աղբահանության հիմնարկի ղեկավար Բագրատ Աղաջանյանի մոտ, սակայն նա, ըստ մեր զրուցակցի, կոպտել է իրենց, ասելով, որ եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, կարող է ազատվել գործից, ոչ մեկին ուժով չեն պահում: «Սա ի՞նչ շփման ձև է, մեզ մարդու տեղ չեն դնում: Մենք «Սանիտեքից» էինք բողոքում, բայց այսօրվա մարդիկ ավելի կոպիտ են, չեն ուզում մտնել մեր վիճակի մեջ», - գանգատվում է Ա-ն: 

Մենք կապ հաստատեցինք Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանի հետ, նրան հարցրեցինք, թե ի՞նչ տարբերություն հիմնարկի համար՝ ցերե՞կը մաքրուհիները դուրս կգան գործի, թե՞ գիշերը և ինչո՞ւ հարավոր չէ հարգել կանանց խնդրանքը: 
Աղաջանյանը պատասխանեց, որ կարևոր է, որ ոչ թե մաքրուհիներին հարմար լինի աշխատանքային գրաֆիկը, այլ Երևան քաղաքին: «Իրենց նպատակահարմար լինելը քիչ է: Բողոքում են այն աշխատողները, ով որ ցերեկները գնում են անօրինական աշխատանքներ անելու՝ տարբեր խանութներում, օբյեկտներում: Առաջ իրենք գիշերը աշխատում էին, ցերեկները անլեգալ աշխատում, դրա համար ցերեկային աշխատանքը ձեռք չի տալիս», - ասաց Բագրատ Աղաջանյանը:
Ինչո՞վ է քաղաքին հարմար, որ մաքրուհիները ցերեկը, շոգին աշխատեն, մարդկանց վրա փոշի անելով: «Ունենք բակային ու ցերեկային մաքրություն անողներ: Եթե ցերեկը փոթորիկ է լինում, տերև է ընկնում, կամ աղբ են թափում, մի տեղ մի բաժակ են գցում, ու իրենք բացակայում են, բա ո՞վ պետք է մաքրի: Մեկը ասում է՝ ձեռս է ցավում, մյուսը՝  թոռանս պահող չունեմ: Եթե հարմար չի, թող չաշխատեն, կգան նրանք, ում հարմար է»:  

Ըստ Բագրատ Աղաջանյանի, մաքրուհիներին իրենք բավականին բարձր են վարձատրում՝ 150 հազար դրամից է սկսվում նրանց աշխատավարձը, իսկ նախկինում՝ «Սանիթեքի» ժամանակ մոտ 80 հազար էին տալիս, ու նրանք այլ գործեր էլ էին փնտրում: 

Լսելով Բագրատ Աղաջանյանին, ստացվում է, որ ունենք քաղաք, որի 12 վարչական շրջաններն ամեն առավոտ, ժամը 6-ին մեքնենաներով լվանում են, որտեղ փողոցում ոչ մի տերև, ոչ մի «ադնառազովի» բաժակ անգամ գետնին գցած չի: Իսկ մաքրուհիներն, ամեն փողոցում պատրաստ կանգնած, սպասում են, որ մի տերեւ ընկնի կամ մեկը մի թուղթ գցի՝ անմիջապես մաքրեն։