Մենք անօգնական վիճակում ենք, այլևս չենք կարող դատարանից դատարան գնալ

Մենք անօգնական վիճակում ենք, այլևս չենք կարող դատարանից դատարան գնալ

Դեռևս 2019 թվականի դեկտեմբերին մենք գրել էինք, որ թոշակառու նախկին ուսուցիչների ընտանիքը բնակարանը կորցնելու վտանգի առաջ է հայտնվել։Նախկին մանկավարժ, պատմության ուսուցիչ Գագիկ Վաղարշակյանն ու իր կինը, որը նույնպես մանկավարժ է, բանկային համակարգի հերթական զոհն են դարձել։ Վաղարշակյանը դիմել է դատարան՝ ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի` անշարժ գույքի աճուրդը եւ դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Բանն այն է, որ տարիներ առաջ՝ 2012 թվականին Վաղարշակյանի որդու ընկերը՝ Էդգար Թորոսյանը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից, որը հետագայում վերակազմավորվեց «Արդշինբանկի», 6 մլն դրամ հիփոթեքային վարկ է վերցնում՝ 3 տարի ժամկետով և 18 տոկոս տոկոսադրույքով ՝ գրավադրելով ընկերոջ ծնողների՝ Վաղարշակյանի և իր կնոջ  բնակարանը, ապա այդ գումարը կիսում է Վաղարշակյանի որդու հետ։ Վաղարշակյանը այդ 3 տարիների ընթացքում  կատարում է իր վարկային պարտավորությունները, սակայն վերջին տարում կինը հիվանդանում է, և թոշակառու ամուսինները չեն կարողանում վճարել տոկոսադրույքները։

Թոշակի անցած ուսուցիչը հանդիպում է «Արդշինբանկի» կառավարիչ Արտակ Անանյանին՝ խնդրելով ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա մաս-մաս վճարել։ Վաղարշակյանի խոսքով՝ իրեն ասում են, որ եթե մայր գումարը կարողանա վճարել, գուցե և տոկոսադրույքների վերաբերյալ մի դրական լուծում գտնեն, սակայն 4 ամիս հետո ստանում է հետևյալ պատասխանը․
«Ի պատասխան Ձեր դիմումի, որով խնդրում եք ժամանակ տրամադրել վճարված գումարները ուղղել մայր գումարի եւ վարկի մարման համար, սույնով հայտնում ենք, որ քննարկման արդյունքում բանկը նպատակահարմար չի գտնում Ձեր դիմումը բավարարել»:

Վաղարշակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ պատասխանից մոտ 2 ամիս անց ստանում են մեկ այլ, ավելի շոկային գրություն  այն մասին, որ չնայած իրենց մոտ 1 մլն դրամ գումար էր մնացել վճարելու՝ իրենց պարտքը բանկին կազմում է շուրջ 5 մլն դրամ, քանի որ մոտ 1 տարի կնոջ հիվանդության պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները։ Ի վերջո ամուսինները ճանաչվում են սնանկ, բնակարանը դրվում է աճուրդի։ Դատական գործընթացների ժամանակ բանկն առաջին իսկ փորձով ԴԱՀԿ-ի աճուրդով գնել է վիճելի տունը՝ 5 միլիոն 300 000 դրամով:
Վաղարշակյանն ասել էր, որ դիմել են Վերաքննիչ դատարան, քանի որ մի անապահով ընտանիքի շահ է ոտնահարվել, եւ առաջին ատյանի դատարանը հօգուտ ուժեղ կողմի՝ բանկի է գործել։ Այսօր Վաղարշակյանը կրկին այցելել էր մեր խմբագրություն՝ ամբողջովին հուսահատված։ Նա պատմեց, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և այն ուղարկել հետ՝ նոր քննության, բացի այդ Վաղարշակյանն ասաց, որ նաև հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան։ Թոշակառու ուսուցիչը նշում էր, որ այլևս գումար չունի փաստաբաններին տալու, կինը վատառողջ է և հազիվ դեղերի հարցն են լուծում, իսկ որդին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում վարձով, և նրա գործերն էլ լավ չեն։ 

«Մենք այլևս փող չունենք, այս 2 տարվա մեջ 500 հազար դրամ փող ենք տվել փաստաբանին, մենք թոշակառու մարդիկ ենք, ես ու կինս ընդամենը 100 հազար դրամ թոշակ ենք ստանում միասին»- ասաց Վաղարշակյանը՝ խնդրելով նաև արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի ուշադրույունն ու օգնությունը․ «Մենք չենք կարող այլևս, էլ ուժ չունենք գտնդակի նման դատարանից դատարան թռնելու համար։ Մենք գտնվում ենք անօգնական վիճակում, հիմա կարող են էլի հօգուտ բանկի վճիռ կայացնել։ Մենք ընկել ենք կրակը, բանկի գումարը ամբողջովին մուծել ենք, պարտք չեն, որ ասեք՝ ընկեր, դու բանկի գումարը վերցրել ես 6 միլիոն, մուծել ես 3 միլիոն։ Մենք 6 միլիոն վերցրել ենք, 6 մլն 700 հազար դրամ մուծել ենք»։