Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը․ փաստեր խորհրդածության համար

Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը․ փաստեր խորհրդածության համար

2018-ի իշխանափոխությունից հետո «մերժիր Սերժին» ծրագրի շրջանակներում սկսեցին «մերժվել» նաև հայաստանյան բուհերի ռեկտորները, և կարճ ժամանակ անց առանց ռեկտորի մնաց Վանաձորի պետական համալսարանը նույնպես։ Բայց այս բուհի բախտը, մյուս բախտակիցների հետ համեմատած, կարծես բերեց․ մերժումից տարիուկես անց բուհն ունեցավ նոր ռեկտոր՝ հանձին Ռուստամ Սահակյանի, որ իշխանությունների եթե ոչ դրածոն, ապա առնվազն բերածոն էր․ սորոսական ուժերի աջակցությամբ մարդուն ռուսաստանյան անհայտությունից բերեցին և բազմեցրին բուհի ռեկտորի աթոռին։ Ուշագրավ է, որ նրա «ընտրության» լուրին անմիջապես արձագանքեց ԿԳՄՍ նախարարը՝ ֆեյսբուքյան իր էջում ողջունելով, ինչպես նաև համոզմունք հայտնելով, որ Ռ․ Սահակյանը «նոր համալսարան» կկառուցի։ 

Եվ քանի որ ՎՊՀ նոր ռեկտորի պաշտոնավարման 100 օրը վաղուց է լրացել, օրերս հարցեր ուղարկեցինք նրան, որոնց նա պատասխանել է։ Դրանց դեռ կանդրադառնանք։ Այժմ՝ մեկի մասին։

Հարցը․ Շրջանառվող լուրերի համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար ուսուցման ընթացքում Դուք մասնագիտական օգնություն եք ցուցաբերել Ձեր ղեկավարած բուհին` մասնավորապես Moodle ծրագրի ներդրման համար, և այդ ծառայության դիմաց վարձատրվել եք (դարձյալ ըստ լուրերի` 390.000 ՀՀ դրամ): Արդյո՞ք լուրերը համապատասխանում են իրականությանը: Եթե` այո, Դուք ծառայությունների մատուցման պայմանագիր եք կնքել ինքներդ Ձե՞զ հետ,  ի՞նչ իրավական հիմքերով: Այլ կերպ ասած` ինչպե՞ս եք որոշել, որ հենց Դո՛ւք պիտի մատուցեք այդ ծառայությունը: Եվ ենթահարց. կարճ պաշտոնավարման ընթացքում Դուք բուհում բազմաթիվ հաստիքների կրճատումներ եք կատարել` միջոցներ խնայելու, հաստատության ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով: Այս պարագայում ավելի տրամաբանական չէ՞ր Ձեր մասնագիտական կարողություններն անշահախնդրորեն ծառայեցնեիք բուհի կարիքներին. դա նույնիսկ Ձեր պաշտոնական պարտականությունը պետք է լիներ։ 

Հարցին ՎՊՀ ռեկտորը պատասխանում է՝ զարմանալի միամտությամբ «չընկալելով» հարցի ողջ բարոյական դրվածքը։ Բայց նրա պատասխանի մեջ ժամանակագրական մի զուգադիպություն կա, որ խիստ ուշագրավ  է։

Ըստ պաշտոնական պատասխանի՝ ռեկտորն իրավամբ մատուցել է այդպիսի ծառայություն, սակայն՝ ոչ ինքն իր հետ պայմանագիր կնքելու եղանակով։ Moodle ծրագրի համար ծառայությունների մատուցման թիվ 171 պայմանագիրը կնքվել է նրա և ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս․ Թումանյանի միջև ս/թ ապրիլի 1-ին։ Տարօրինակ զուգադիպությամբ, սակայն, մեկ օր անց՝ ապրիլի 2-ին Ռ․ Սահակյանը ՀՀ կառավարության նիստում հաստատվում է ռեկտորի պաշտոնում։ Անշուշտ․ Ռ․ Սահակյանը նախօրեին «տեղյակ չէր» իր առաջիկա հաստատման ավետիսից։ Բայց ծառայությունների մատուցման պայմանագիրը «կատարող Ռ․ Սահակյանի» հետ (այդպիսին է եղել Ռ․ Սահակյանի կարգավիճակը հիշարժան ապրիլի 1-ին) արդեն կնքված էր, և նա անցնում է ոչ միայն ռեկտորական պարտականությունների կատարմանը, այլև, միաժամանակ, պայմանագրով ամրագրված «ծառայությունների մատուցմանը»։ Ծրագրային նորահայտ մասնագետը, որը, ինչպես շուտով կպարզվի, խիստ մտահոգված էր բուհի ֆինանսական վիճակով, չի էլ փորձում գտնել մեկ այլ՝ ավելի բարձրակարգ մասնագետ՝ ավելի ցածր վարձատրությամբ և ավելի բարձր բարոյական դրդումներով։ Ինքը պատրաստ կար։ 
Խորհրդատվական ծառայությունների մատուցման կարգը, ի դեպ, սահմանված է Գնումների մասին ՀՀ օրենքով, որի պահանջները նշված պայմանագրով ոչ միայն պահպանված չեն, այլև փաստորեն խախտված են (հմմտ․ Գնումների մասին ՀՀ օրենքի 43, 44 հոդվածներ)։ 

Հետաքրքիր է նաև վարձատրության չափը, որով ծառայությունը մատուցվել է․ ըստ ՎՊՀ-ից ստացված պաշտոնական պատասխանի՝ դա եղել է ռեկտորի աշխատավարձին հավասար՝ 386․342 ՀՀ դրամ։ Դուրս է գալիս, որ պայմանագիրը կնքելիս կողմերը «բարիշել» են ռեկտորի մեկ ամսվա աշխատավարձի չափով, չնայած ոչ մի տրամաբանական ու բանական հիմնավորում չկա, թե այդ ծառայությունն ինչո՛ւ պիտի հենց այդքան կազմեր։  

Ի լրումն այս ամենի՝ նշենք, որ Վանաձորի պետական համալսարանում դեռ 2019 թվականին Moodle ծրագրով դասախոսներ են  վերապատրաստվել։ Ուշագրավ է, սակայն, որ ռեկտոր հաստատվելուց շատ կարճ ժամանակ անց Ռ․ Սահակյանը կասեցնում է բուհում հենց  Moodle ծրագիրը ներդնողներից մեկի՝ նոր տեխնոլոգիաների բաժնի վարիչ Նելսոն Ստեփանյանի պաշտոնավարումը։ Ռեկտորին չի խանգարում նույնիսկ այն իրողությունը, որ Ն․ Ստեփանյանն առողջական խնդիրներ ունի։ Եվ համավարակի պայմաններում ռեկտորը բուհի երկարամյա աշխատողի հետ կնքված պայմանագիրը խզում է․․․ մայիսի 1-ին։ Խորհրդանշական օր է, այնպես չէ՞։

ՀԳ․։ Ինքնակենսագրության մեջ Ռ․ Սահակյանը մայրենի լեզվի իր իմացությունը թեև բնորոշում է «կատարյալ» բառով (տե՛ս բուհի պաշտոնական  կայքը), բայց մենք, ամենայն հարգանքով լցված նրա բացառիկ կարողությունների հանդեպ, դժվարանում ենք դրան հավատալ, որովհետև նույնիսկ Հրաչյա Աճառյանն իր մասին հազիվ թե այդպիսի բան ասեր։
Նույն ինքնակենսագրության մեջ, որպես գիտական հետաքրքրությունների ոլորտ, Ռ․ Սահակյանը նշում է նաև «ոչ հստակ տրամաբանությունը»։ Այս մեկին հավատում ենք։

(շարունակելի)