Լիբանանահայերն իրենց պետության նվիրյալներն են, իսկ նրանց տարհանման մասին կարծիքները՝ իմաստազուրկ 

Լիբանանահայերն իրենց պետության նվիրյալներն են, իսկ նրանց տարհանման մասին կարծիքները՝ իմաստազուրկ 

Նախ կցանկանայի ցավակցություն ու զորակցություն հայտնել Լիբանանի բնակչությանը՝ պա­տուհասած տեխնածին աղետի հետևանքով բազմա­թիվ զոհերի ու ավերա­ծութ­յուն­նե­րի կապակցությամբ:

Լիբանանի հայերը դարեր շարունակ ապրում են լիբանանցիների հետ, իսկ նրանց մի մասը ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են, ում սրտաբաց ընդունել է Լիբանանի արաբ ժողովուրդը:

Այդ փոքրիկ ու հրաշալի ծովափնյա երկիրը բազմաթիվ աղետներ է տեսել, պատերազմներ, որոնք չեն ընկճել նրա բնակչությանը, այդ թվում՝ հայերին:  Այնպես որ, տեղին չէ նրանց տարհանման վերաբերյալ կարծիքներ հայտնելը: Անշուշտ, լավ կլինի, որպեսզի մեր հայրենակիցներն անվտանգ միջավայրում ապրեն, էլ ավելի լավ կլիներ, եթե Մայր Հայրենքում հաստատվեին: Բայց ստացվել է այնպես, որ հայի ա­ռաքելությունն աշխարհասփյուռ լինելն է…

Լիբանանում և Սիրիայում բնակվող հայերը ՀՀ-ի համար արաբական աշ­խարհի, Մերձավոր Արևելքի հետ մեր հուսալի կապուղիներն են: Անկախ աշխար­հաքաղաքական զարգա­ցում­ներից, արաբները եղել են ու կմնան աշխարհին մշա­կութային մեծ ժա­ռանգություն պարգևած ժո­ղովուրդ: Սիրիայի և Լիբանանի արաբ­ներն ապաստանել են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր նվիրվել են հյուրընկալ պետություններին, ինտեգրվել ու ներգրավվել նրանց զար­գացման գործընթացներում: Այս աղետն էլ նրանք կհաղթահարեն իրենց համա­քա­ղաքացի արաբ եղբայրների ու քույրերի հետ, որոնց կմիանա Հայաստանի ու աշխարհասփյուռ հայությունը: 
Այս ծանր պահին մեր պե­տութ­յան գլխավոր խնդիրը ոչ միայն լիբանա­նա­հա­յերի մասին մտահոգվելն է, այլև Հայաստանի բարեկամ երկրի պե­տության կողքին կանգնելը: Դրա վկայությունը կարող է լինել ՀՀ Նախագահի կամ ՀՀ Վարչապետի այցը Լիբանան՝ տեղում մեր անելիքները քննարկելու համար: Մինչ այդ, համա­պա­տասխան կապուղիներով կարելի է ճշտել, թե հրատապ ինչ աջակ­ցության կարիք կա. փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլն: Առաջիկայում հատ­կապես կա­րևոր դերակատարում կարող է ունենալ մեր շինինդուստրիան: Լիբանանի Կառավարության հետ համաձայնեցնելով, նպատակահարմար կլինի հա­վաքագրել անհրա­ժեշտ ոլորտների կամավոր – մասնագետների:

Ուրախալի է, որ հայ գործարարներն արդեն իսկ հայտնել են իրենց պատ­րաստակամությունը՝ ֆինանսական օժանդակության վերաբերյալ: Պետության և մասնավոր հատվածի ջանքերը պետք է մեկտեղել և ձեռամուխ լինել գործուն աջակ­ցություն ցուցաբերելու լիբանանի բարեկամ ժողովրդին:
Լիբանանի ժողովուրդը միայնակ չի մնա աղետի դեմ հանդիման:

Գագիկ Վարդանյան
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր