Կալանավորվել է «սանիկ ես, ուրեմն հանցագործ ես» մոտեցմամբ

Կալանավորվել է «սանիկ ես, ուրեմն հանցագործ ես» մոտեցմամբ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած Նորայր Փանոսյանը երեկ կալանավորվեց։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, արդարադատության նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ աշխատակից Տիգրան Դավիթի Տեր-Հարությունովին՝ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Փանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ որոշումը պատճառաբանված չէ, այն զուտ «copy past» գործողության արդյունք է․ «Դատավորի պատճառաբանական մասը 10 ոչինչ չասող տող էր։ Ցավալի է, որ դատարանը նման որոշում է կայացրել, մենք, իհարկե, կբողոքարկենք։ Սրանով հաստատվում է, որ սա պարզապես ճնշում է Հրայր Թովմասյանի հանդեպ, այլ ոչ թե քրեական գործով իրականացվող սովորական դատավարական գործողություն։ Մեր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, եւ, առհասարակ, մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է։ Ձեզ ասեմ, որ բացակայում է հանցանքի նկարագրությունը՝ երբ, ինչպես, ում միջոցով եւ ինչ արեց, ուստի այլ գնահատական, քան քաղաքական պատվեր, որի հետեւանքով անմեղ մարդը հայտնվեց ճաղերի ետեւում, չկա»։

Փանոսյանը նիստի ժամանակ խոսել է, անդրադարձել խափանման միջոց կալանավորման հիմնավորմանը․ «Նշեց, որ ինքն առհասարակ կապ չէր կարող ունենալ նշված իրադարձությունների հետ, հետաքրքիրն այն է, որ այդ խնդրահարույց տարածքը տնօրինվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից, այն ժամանակ, երբ պարոն Փանոսյանը չէր էլ աշխատում արդարադատության նախարարությունում։ Խնդիրը սկսվել է տարածքի տնօրինման հետ կապված, երբ քաղաքապետը եղել է Կարեն Կարապետյանը, հետո շարունակվել է Գագիկ Բեգլարյանի օրոք եւ վաճառվել է աճուրդով Տարոն Մարգարյանի օրոք»։

- Այս գործի շրջանակում հնարավո՞ր է նախկին քաղաքապետերը եւս ներգրավվեն։

- Բացարձակ։ Դա տարածք է եղել, առաջարկվել է, որ նոտարները գնեն, չեն ցանկացել գնել, ընդ որում՝ շուկայականից ցածր գնով են առաջարկել, հետո վաճառվել է աճուրդով ավելի բարձր գնով, սովորական առքուվաճառք է։ Երբ պարոն Փանոսյանը դուրս էր եկել աշխատանքից, այդ տարածքները բավականին բարձր գնով մասնավոր սեփականատիրոջից գնել է պարոն Փանոսյանի քեռու տղան, նա էլ բիզնեսմեն, հարուստ մարդ է։ Ընդամենը միակ կապը, որը կարող ենք տալ պարոն Փանոսյանի եւ այդ տարածքի միջեւ, այն է, որ աշխատանքից դուրս գալուց հետո իր քեռու տղան գնել է այդ տարածքը։

- Ցուցմունք կա՞ Ձեր պաշտպանյալի դեմ։

- Չկա իր դեմ ցուցմունք։

- Նոտարները հարցաքննության ժամանակ ի՞նչ են ասել։

- Չեմ կարող ասել մանրամասն, բայց որեւէ ցուցմունք, որ Փանոսյանն արել է էս կամ էն, չկա։ Նորից եմ ասում՝  էդ տարածքները փոխանցվել են Երեւան համայնքին 2009 թվականին՝ կառավարության որոշմամբ, երբ պարոն Փանոսյանը լրիվ այլ տեղ էր աշխատում, ոչ մի ձեւ չէր կարող կառավարության որոշման վրա ազդել։ Նա կապ չունի, արդարադատության նախարարությունը որեւէ կերպ դատական այդ պրոցեսին չի մասնակցել։ Քաղաքապետարանը դատի է տվել նոտարներին, որ նրանք այդ տարածքները լքեն, եւ բավարարվել է այդ պահանջը։ Սովորական տարածքի օտարման խնդիր է։

- Պարոն Աթանեսյան, նոտարները պնդո՞ւմ են, որ իրենց իրավունքները խախտվել են։

- Նախ՝ այդ նոտարներից մեկն է հիմա աշխատում, մեկին աշխատանքից հեռացրել են, տիկին Էմմա Շաբոյանը թոշակի է արդեն, նրանց փոխարինած նոտարները ոչ մի բողոք չունեն, մնում է Նունե Սարգսյանը, որը եւս չի ասում ոչինչ պարոն Փանոսյանի դեմ։ Ճիշտ է, իրենք դժգոհ են, ուզում են, որ էդ տարածքներն իրենց անվճար տրվեին, իրենք շահագրգիռ կողմ են, բայց պետությունն իրենց չի տվել անհատույց, տվել է Երեւան համայնքին։ Այսինքն՝ իրենց ստեղ տուժող դիտարկելը շատ ծիծաղելի է, 127 միլիոնի մասին գրեց քննչականը, այդ գումարը 7-8 տարվա մեջ իրենց վճարած վարձավճարներն են։ Նման հնարած մեղադրանք վաղուց չէի տեսել, ասեմ՝ Մարտի 1-ի մեղադրանքներն ավելի լուրջ տեսք ունեին, քան սա։

- Նորայր Փանոսյանն առողջական խնդիրնե՞ր ունի։

- Փառք Աստծո, վիրահատական միջամտության կարիք չեղավ, բազում առողջական խնդիրներ ունի, բայց դատարանում անտեսվել է, ով էլ լիներ իր տեղը, կալանավորվելու էր «սանիկ ես, ուրեմն հանցագործ ես» մոտեցմամբ։

- Նույն գործի շրջանակում կալանավորվել է նաեւ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ աշխատակից Տիգրան Դավիթի Տեր-Հարությունովը։

- Այդ անձին մենք չենք ճանաչում, պարոն Փանոսյանը չի ճանաչում։