ՆԱՏՕ-ն օգնություն կցուցաբերի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն օգնություն կցուցաբերի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսության Ռուսաստանի հետ Ուկրաինայի հետ կապված իրավիճակի շուրջ, սակայն սրման դեպքում դա կստիպի նրան «թանկ վճարել», իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, ոչ ոք շահագրգռված չէ զինված հակամարտությամբ, քաղաքական լուծման դեպքում մենք բոլորս կշահենք»,- ասել է նա։

Այդուհանդերձ, դաշինքը «պատրաստված է վատագույնին», հավելել է գլխավոր քարտուղարը։

«Եթե Ռուսաստանը ևս մեկ անգամ ուժ կիրառի Ուկրաինայի դեմ, նա ստիպված կլինի ծանր գին վճարել տնտեսական և քաղաքական պատժամիջոցների տեսանկյունից: Մենք Ուկրաինային օգնություն կտրամադրենք՝ աջակցելու նրա ինքնապաշտպանության իրավունքին, և, բնականաբար, պատրաստ ենք նաև պաշտպանել բոլոր դաշնակիցներին, եթե անհրաժեշտություն լինի»,- հայտարարել է նա։

«Ագրեսիայի դեպքում մենք այս անգամ ավելի շատ ուժեր կուղարկենք»,- ընդգծել է ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարը։

Նա վստահություն է հայտնել, որ դաշինքի բոլոր դաշնակիցները միասնական կլինեն Ռուսաստանի դեմ իրենց գործողություններում։