Հակաշիռների եւ փոխզսպումների մեխանիզմ

Հակաշիռների եւ փոխզսպումների մեխանիզմ

Պետական ինստիտուտների հակաշիռների և փոխզսպումների մեխանիզմը ժողովրդավարության հիմնական սկզբունքն է: Եթե դա առկա է, ապա կարելի է շարունակել խոսակցությունն այլ սկզբունքների վերաբերյալ: Իսկ եթե այն բացակայում է, ապա ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի ժամավաճառություն է: Ասվածն իմ հայտնագործությունը չէ: Այն արևմտյան լավագույն մտածողների կողմից դարերով մշակված և պրակտիկայում հղկված աքսիոմա (փոխաբերական իմաստով՝ անվերապահ ճշմարտություն) է:

Լավագույն կիրառությունն էլ զարմանալիորեն գտել է ոչ թե պառլամենտարիզմի հիմնադիր երկիր Մեծ Բրիտանիայում, այլ անգլիացիների կողմից հիմնադրված, իսկ հետագայում նրանցից անկախություն նվաճած Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նախկինների օրոք այդ մեխանիզմի կիրառությունն անընդհատ պահանջարկված է եղել այսպես կոչված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: 

Իսկ հակաշիռների և փոխզսպումների մեխանիզմի էությունն այն է, որ պետության գործադիր, ներկայացուցչական և դատական գործառույթները (կամ ինստիտուտները) լինեն միմյանցից անկախ: Իհարկե, կարող է պատահել, որ ԱՄՆ-ի ներկայացուցչական երկու մարմնում էլ  մեծամասնություն կազմի այն քաղաքական ուժը, որի ներկայացուցիչը գլխավորում է գործադիր մարմինը: Բայց նույնիսկ այդ դեպքում երկու տարին մեկ կատարվող մասնակի ընտրության շնորհիվ Կոնգրեսի վերին և ստորին պալատների կազմերի համամասնությունն այնպես է դասավորվում, որ չեզոքացվում է մեկ կուսակցության կողմից թեկուց ժամանակավորապես իշխանության ամբողջական «զավթումը»:

Դրան գումարվում է համարյա 100 տոկոսանոց անկախ երրորդ ինստիտուտի՝ դատական համակարգի առկայությունը: «Համարյա»-ն վերաբերում է Գերագույն դատարանի կազմի թափուր տեղի դեպքում անդամի նշանակմանը ԱՄՆ նախագահի կողմից: Ինչ մնում է ավելի ցածր կարգի դատավորների ընտրությանը, ապա որ կուսակցությունն էլ լինի իշխանության գլուխ, չի համարձակվի միջամտել դրան: ԱՄՆ-ը «ժողովրդավարության փայլուն աստղ» Հայաստան չէ, որ ՏԻՄ-երի ընտրված ղեկավարներին բանտերը գցի: Կամ էլ դատավորներին դասակարգի «վնգստացողների» կամ ոչ «վնգստացողների»: 

Տեսական այս նախաբանից հետո անցում կատարենք մեր իրականություն: Խորհրդարանական կառավարմամբ բոլոր երկրների նման՝ մեր երկրում գործադիր ու ներկայացուցչական մարմինները ղեկավարվում են մեկ կուսակցության կողմից: Ինչը վերը նշված՝ հակաշիռների և փոխզսպումների սկզբունքի առումով արդեն լուրջ բացթողում է: Իսկ եթե դրան ավելացնենք, որ իրականում ոչ թե խորհրդարանն է ձևավորում կառավարությունը, այլ հետհեղափոխական մեր օրերում հեղափոխական առաջնորդն է ձևավորում թե՛ խորհրդարանը և թե՛ կառավարությունը: Եվ վերը նշված մարմինները ղեկավարվում են ընդհանրապես մեկ անձի կողմից, ապա այս դեպքում դժվար է խոսել ժողվրդավարության գոյության մասին: Եթե դրան գումարենք այդ մեկ անձից դատական համակարգի մի մասի 100 տոկոսանոց կախյալ վիճակը, քաղաքական հնչեղության այս կամ այն գործը ձեռքով հենց այդ մասին հասցեագրելը, ինչպես նաև ՍԴ և ԲԴԽ կառույցների «ժողովրդավարացումը» կամ ավելի ճիշտ՝ խեղափոխականացումը, ապա… Կարծում եմ, որ նման պայմաններում ժողովրդավարություն գտնելու համար ստիպված պիտի դիմենք օրը ցերեկով մոմի լույսով այն փնտրելու միջոցին: Ինչպես դա ժամանակին, ըստ ավանդության, արել է անտիկ հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացին (404-323 մ.թ.ա.): 

Այժմ պատկերացնենք երկրում ժողովրդավարության վիճակը, եթե ասվածին գումարվում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև ՀՀ նախագահի ինստիտուտի խեղափոխականացումը: Այդ պարագայում մեր երկիրը «ժողովրդավարության փայլուն աստղից» կվերածվի «գերփայլուն սուպեր աստղի»: Եվ մեզ կմնա շամպայնով լիքը բաժակներով դուրս գալ փողոցներ և պարել «Ինչքան հպարտ ու երջանիկ ենք մենք ժողովրդավարական մեր երկրում» երգի հնչյունների ներքո: Ի՞նչ: Ասում եք՝ նման երգ չկա՞: Իսկապե՞ս: Դե լավ, չկա՝ կգրեն: Անպայման կգտնվի իր հերթին սպասող մեկ այլ ուսապարկ: Կարևորը գաղափարն է: Հատկապես որ, այդ մեկ անձի կողմից իր ձեռքում ողջ իշխանության կենտրոնացումը ներկայացվում է որպես պետական ինստիտուտների արդյունավետ համագործակցության հիմք: 

Իհարկե, իրականում այն  ժողովրդավարության գերեզմանոց է, ինչը ձեռք է տալիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ մեկ անձին: Նրան և նրա ուսապարկերին, նրա սրտի օլիգարխներին: Ձեռք է տալիս վերը նշված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծ մասին: Չեմ կարող չասել, որ աշխարհաքաղաքական նպատակներով ձեռք է տալիս նաև միջազգային կոչված հանրությանը: Ձեռք է տալիս հատկապես մեզ թշնամի թուրք-ադրբեջանական տանդեմին: Ձեռք չի տալիս միայն Հայաստանի Հանրապետությանը, սակայն վերջինս այսօր խեղճացված է, քանի որ իր ընտրազանգվածը բաղկացած է ոչ թե պահանջատեր քաղաքացիներից, այլ հանուն ստամոքսի ընտրություն կատարող ազգաբնակչությունից: