Բարոյական դատապարտումից՝ քրեական պատասխանատվություն

Բարոյական դատապարտումից՝ քրեական պատասխանատվություն

44-օրյա պատերազմն անդառնալիորեն խեղել է ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր, այլեւ մի ամբողջ սերնդի ու ժողովրդի հավաքական հոգեբանությունը։ Ողջախոհ եւ մեղսունակ մարդը չի կարող անտարբեր գտնվել, օրինակ, արդեն մոռացվող դրվագների՝ իր կյանքում հաջորդական պատերազմների հետեւանքով մի քանի տուն կորցրած արցախցիների հանդեպ։ Չի կարող ոչինչ չզգալ, երբ տեսնում է, որ զավթված գյուղերը լքելուց առաջ բնակիչները սեփական ձեռքերով քանդում են պատերազմի զոհերի հուշարձանները, որ թշնամին հանկարծ չպղծի դրանք։ Այս վիճակը հանդուրժելն ու պայքարի դուրս չգալն ազգային մեծ ամոթի դրսեւորում է։

Ի հակադրություն դրան՝ ազգային աղետի մեծագույն մեղավորն ու պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, ամեն անգամ ավելի հաստատակամորեն է ապացուցում, որ ամոթի զգացում չունի, մինչդեռ Արցախի ազատագրման համար պայքարած, զրկանքներ կրած ազգային գործիչներն առայսօր ապշանքից ամոթահար են։ Միաժամանակ՝ զարմացած են, որ դեռեւս ոչ մի կերպ հնարավոր չի լինում Փաշինյանին հեռացնել իշխանությունից, այն դեպքում, երբ նա գրեթե ամեն օր առնվազն խոսքով պետական դավաճանության մի նոր նշաձող է սահմանում։ Սա մեր հազարավոր սրբազան նահատակների եւ կորսված Արցախի ամոթն է, հայրենապաշտ հայերի խարանը։

Արցախի մեծագույն մասի կորստին, ապա նաեւ մնացած մասի խոսքային հանձնմանն անխուսափելիորեն հաջորդելու է Հայաստանի «երբեմնի ադրբեջանաբնակ» շրջանների եւ բնակավայրերի սակարկությունը։ Այդ գործընթացը, վստահաբար, սկսվելու է նժդեհյան Սյունիքով, հատկապես որ Ալիեւն օրեր առաջ գովերգեց հայկական կողմի պատրաստակամությունն այդ հարցում եւ պնդեց, թե Երեւանից դրական ազդակներ են ստանում։ Իհարկե, Փաշինյանի համար ծայրաստիճան դժվար, եթե ոչ անհնար է լինելու Սյունիքի հարցով որեւէ որոշում կայացնել, քանի որ տեղի բնակչությունը, որքան էլ համայնքապետերին կալանավորեն, ըմբոստ է՝ ներսում Նժդեհի գաղափարների կրող։ Մեծագույն վնասը, որը նա կարող է հասցնել Սյունիքին, Գեղարքունիքին եւ սահմանամերձ մյուս մարզերի համայնքներին, արտագաղթի ալիք առաջացնելն է, սահմանապահ գյուղերը հայաթափելն ու դրանք թշնամուն նվիրելը։

Այս ամենը, իհարկե, բարոյական եւ հուզական դատապարտման ենթակա իրողությունների փունջ է, մինչդեռ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար վաղուց հրապարակվել են նրան մեղսագրվող առերեւույթ հանցագործությունների տասնյակ ակնհայտ փաստեր։ Գլխավոր դատախազի բարձր պաշտոնն զբաղեցնող կամատակար իրավապահը, սակայն, այդպես էլ համարձակություն չունեցավ՝ հետապնդում հարուցելու եւ քննություն իրականացնելու Փաշինյանի նկատմամբ։ Իրավապահ համակարգն իր հանցավոր անգործությամբ հարյուր հազարավոր քաղաքացիների հուսալքման, բարոյազրկման եւ հիասթափության է մղել։

Հետպատերազմյան եւ նախընտրական շրջանում իշխանությունն այդկերպ անգամ քաղաքացիական բախումներ էր փորձում հրահրել, ինչը միայն իրեն ձեռնտու կլիներ։ Բացառված չէ, որ նոր փողոցային պայքար սկսելու դեպքում վարչախումբը դարձյալ այդ մարտավարությունը որդեգրի։ Մինչդեռ եթե ԱԱԾ-ն, քննչական մարմինները եւ գլխավոր դատախազությունն զբաղվեին իրենց սահմանադրական գործառույթներով, Փաշինյանը շատ վաղուց քրեական պատասխանատվության ենթարկված կլիներ։ Այդպիսով՝ հանրությունը ներքին բախումների չէր գնա, միաժամանակ՝ Փաշինյանը կապահովեր սեփական անձի անվտանգությունը, անմեղության կանխավարկածի պահպանումը, ամենակարեւորը՝ նրա պաշտոնավարումն առնվազն կկասեցվեր։ Այսօր էլ Փաշինյանի հեռացման գործուն տարբերակներից մեկը մնում է հենց իրավապահ համակարգի միջոցով նրա առերեւույթ հանցանքներին նման հակազդումը։ Մնում է այդ վճռական ու հայրենապաշտ իրավապահը գտնվի։

Դավիթ Սարգսյան