Հանուն հզոր բանակի եւ արժանավայել երկրի

Հանուն հզոր բանակի եւ արժանավայել երկրի

2020 թվականի աշնանային պատերազմում «գլխավոր խեղկատակի» թամադությամբ խայտառակ պարտությունից հետո միֆեր հռչակվեցին մեր դավանած արժեքները: Եվ այդ թվում մեր բանակը, որ մինչ այդ բոլոր սոցհարցումներում զբաղեցնում էր վստահության սանդղակի առաջին հորիզոնականը: Իրավիճակից բխած օբյեկտիվ տրամադրվածությունից բացի, այդ հարցում իր չար դերն է կատարում օրվա իշխանությունը: Ինչն իրականացվում է մեզ անպաշտպան ներկայացնելու մտադրությամբ: Սակայն եկեք վերադառնանք ոչ վաղ անցյալ եւ վերհիշենք, որ տավուշյան դիրքային մարտերի բազմաթիվ մասնակիցներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի (16 զինծառայող) եւ երկրորդ աստիճանի (55 զինծառայող) շքանշանով։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին էլ շնորհվել էր Ազգային հերոսի կոչում: Եվ պարգեւատրողն էլ եղել է 2020 թվականի օգոստոսի վերջին Սարդարապատում շոու կազմակերպած ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Նրանց համար, ովքեր տիրաժավորում (արեւմտահայերենով՝ վերօրինակում) են միֆերի մասին կեղծ պատկերացումները, կատարեմ մեջբերում նրանց «մեծարգո վարչապետի» սարդարապատյան ելույթից: Խնդրեմ՝ «Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ: Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր զինված ուժերի կողմից խոցվեցին բարձրտեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: … այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության եւ Հայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում: Ընդ որում՝ Հայաստանում արտադրված եւ արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է՝ հօգուտ Հայաստանում արտադրվածների»:

Փաստորեն, դեռեւս 2020 թվականի օգոստոսին, օրվա իշխանության կարծիքով, մեր բանակը եղել է ամենամարտունակը մեր տարածաշրջանում: Այն կշարունակեր մնալ այդպիսին, եթե ռազմական ինքնաթիռների եւ այլ անիմաստ գնումների փոխարեն ձեռք բերվեին 1000 ԱԹՍ-ներ, ինչը նախատեսված էր նախորդ իշխանության կողմից մշակված եւ հաստատված գնումների պլանով: Այն ավելի կհզորանար, եթե բանակին ծառայեցվեին 120 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճարները, որ իշխանությունը հատկացրել է ինքն իրեն: Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առնչությամբ, այնուամենայնիվ, պետք է ասվի՝ այո, ՀՀ զինված ուժերը եղել են ամենամարտունակը մեր տարածաշրջանում: Ինչն իրականություն է եւ ոչ թե միֆ: Եղել է եւ կշարունակի լինել այդպիսին՝ այն պահից, երբ իշխանությունից կհեռացվի 2018 թվականի գարնանը մեր իսկ ձեռքով վարչապետ կարգված անձը: «Աստված պահապան Հայոց բանակին»՝ Բանակի օրվա կապակցությամբ հասարակությանը հղած իր ուղերձը եզրափակել է վերը նշված անձը: Այո, Աստված պահապան Հայոց բանակին, որովհետեւ մեր օրերում Հայոց բանակը բիբլիական չարչարանքներ է կրել հենց այդ անձի պատճառով: Եվ նա դեռեւս շարունակում է մնալ իր պաշտոնին:

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ուսապարկերից մեկն էլ ասել է, թե «այսօր ունենք բանակ, որն այս պահին իր առջեւ դրված խնդիրները կատարելով՝ կդառնա այն բանակը, ինչը որ ժառանգություն է թողել Վազգեն Սարգսյանը»: Դրան էլ կարող եմ ասել, որ Վազգեն Սարգսյանի կողմից մեզ ժառանգություն թողած բանակն առկա էր մինչեւ 2018 թվականի գարունը: Մինչեւ հայոց երկնակամարում սեւ աստղի հայտնվելը: Այդ «հայտնությունը» դրսեւորվեց հասարակության պառակտմամբ, Արցախյան հաղթական պատերազմի հերոս գեներալների նկատմամբ դատական հետապնդումների, ավելի ցածր կարգի փորձառու բազմաթիվ զորահրամանատարներին իրենց ծառայության վայրից տեղափոխելու կամ նույնիսկ թոշակի ուղարկելու տեսքով:

Ինչը, ի վերջո՝ վարչապետ կարգված անձի հրամանատարությամբ հանդերձ, հանգեցրեց 2020 թվականի պատերազմում մեր խայտառակ պարտությանը: Եվ այո, 21-րդ դարը մերն է լինելու, ինչպես մի օր մարգարեացել է Վազգեն Սարգսյանը: Սակայն այդ մարգարեությունը կյանքի կոչելու համար մենք չպետք է համախմբվենք այն անձի շուրջը, ով մեզ տանում է դեպի թուրքական վիլայեթացում: Ընդհակառակը, մենք պետք է համախմբվենք ու կռիվ տանք ընդդեմ վիլայեթացման ու դրա գաղափարախոսի: Կռիվ տանք հանուն հզոր բանակի ու արժանավայել երկրում արժանավայել կյանքի: