Արմեն Սարգսյանի ճողոպրելը ՌԴ-ի՞ հետ է կապված, թե՞ Ղազախստանի

Արմեն Սարգսյանի ճողոպրելը ՌԴ-ի՞ հետ է կապված, թե՞ Ղազախստանի

2022 թվականը բարենպաստ է սկսվել աշխարհի եւ Հայաստանի համար: Դեռ հունվար ամիսն էլ չի ավարտվել, սակայն նախ պարզվեց, որ «Օմիկրոն» շտամի տարածման ավարտով կորոնավիրուսի մղձավանջը կվերջանա: Ոչ միայն մարդկային կյանքեր անժամանակ չեն ընդհատվի, շատերի առողջությունը չի քայքայվի, այլեւ առողջների գլուխը չեն ցավեցնի չհիմնավորված թանկ թեստերի եւ առանձնակի արդյունավետություն չունեցող պատվաստանյութեր ընդունելու պահանջներով: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Հայաստանում հաստատված, կորոնավիրուսից ոչ պակաս վնասակար մի էակ էլ է մնում անցյալում` Սերժ Սարգսյանի պարագլխությամբ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված, Միացյալ Թագավորության քաղաքացի Արմեն Սարգսյանը: 

Դատախազության եւ ՔԿ-ի անկարողությունը 

ՀՀ դատախազությունը եւ Քննչական կոմիտեն անցյալ տարվա գարնանից իբր քննում են Արմեն Սարգսյանի` մինչ օրս ՄԹ քաղաքացիության դադարած չլինելու հարցը: Եվ պատկերացնո՜ւմ եք այնպիսի մտավոր անկարողությամբ են տառապում, որ չեն կարողանում թեկուզ հենց մեր թերթում հրապարակված ՄԹ քաղաքացիության դադարման կարգը ըմբռնել եւ Արմեն Սարգսյանից ընդամենը պահանջել իր Declaration of Renunciation փաստաթղթի Applicant copy-ն (դիմողի օրինակը), որը կրում է ՄԹ Home Secretary-ի (համարժեք է ՆԳ նախարարին) ստորագրությունը, կնիքը եւ ՄԹ քաղաքացիության դադարման ամսաթիվը: 

Declaration of Renunciation-ը միակ փաստաթուղթն է բնության մեջ, որ կարող է հավաստել որեւէ անձի` ՄԹ քաղաքացիության դադարման մասին, եւ այդ փաստաթուղթը Սարգսյանը չունի, որովհետեւ նրա` ՄԹ քաղաքացիությունը երբեք չի դադարել: Հիմա էլ նա ճողոպրել է Լոնդոն եւ որպես ՄԹ քաղաքացի՝ այնտեղ ապրելու է՝ մինչեւ այն պահը, որ, որպես միջազգային հանցագործ, երբեւէ բերման ենթարկվի Հայաստան: Ապրենք եւ տեսնենք, թե Արմեն Սարգսյանի համար նախախնամությունն ինչ է պատրաստել: Ներկա պահին հետաքրքիր է միայն այն, թե այդ անձը, որ պատրաստ էր ծառայել ինչպես Սերժ Սարգսյանին, այնուհետ` Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ցանկացած մեկին, ումից կախված է ՀՀ նախագահի աթոռից իրեն չհեռացնելը, ի՞նչ մոտիվացիայով է ճողոպրել Հայաստանից: Եթե տարիներ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնից նույն սցենարով փախչելիս Արմեն Սարգսյանը գոնե ստել էր, թե առողջական խնդիրներ ունի, այս անգամ առհասարակ ոչինչ չի պատճառաբանել: Մի էջ դատարկախոսություն՝ ՀՀ նախագահի լիազորությունների անբավարար լինելու մասին, երբ շուրջ 4 տարի նույն անբավարար լիազորություններով հյուրախաղեր էր տալիս աշխարհով մեկ` ներկայանալով որպես ՀՀ նախագահ: 

Իհարկե, կյանքի ինչ-որ շրջանում Արմեն Սարգսյանի հետ համագործակցած, նրա ստեղծած ՄԻԱԿ կուսակցության հետ կապ ունեցող շոշափուկներ, քաղաքական հավակնություններ ունեցող տարբեր անձինք փորձում են տարածել «տեսակետներ», թե իբր Արմեն Սարգսյանի հրաժարականը կապ ունի Հայաստանին առնչվող հնարավոր անցանկալի զարգացումների հետ: Նման քողարկված քարոզչությունն առհասարակ քննության չի դիմանում: Նախ, որովհետեւ ՀՀ նախագահի աթոռին նստած Արմեն Սարգսյանն այնքան անտեսված ու արհամարհված վիճակում էր, որ, իր ասելով, անգամ 2020-ի նոյեմբերի 9-ին Ալիեւ-Պուտին-Փաշինյան խուժանապետության ստորագրած կապիտուլյացիայի հայտարարության մասին տեղյակ չի եղել: Դրանից հետո այլեւս ինչի՞ մասին է խոսքը՝ նա Հայաստանին առնչվող ի՞նչ զարգացման էր տեղյակ լինում, որ ինչ-որ սպասվող իրադարձության դեմ էլ իբր սեփական հրաժարականով դեմարշ աներ… Ի սե՜ր Աստծո։

Երկրորդ․ գրեթե 4 տարի լինելով ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանն այդ ե՞րբ է գետնաքարշ վիճակից բարձրացել, Հայաստանի համար որեւէ անբարենպաստ ընթացքի ընդդիմացել, որ հիմա հանկարծ դիմակայություն, սկզբունքայնություն կամ արժանապատվություն դրսեւորեր: Ողջ կյանքում մութ տնտեսական գործարքների մեջ թաղված, կոնֆորմիզմ ցուցաբերած, անգամ հայրենիքի քաղաքացիությունից հանուն սեփական շահի հրաժարված, բացառապես նեղ անձնական նպատակների ու ինքնացուցադրվելու հնարավորություններին հետամուտ մեկը առհասարակ չի կարող արժանապատիվ կեցվածք ցուցաբերել: Անցյալ չորս տարիները դա հրաշալի քողազերծեցին՝ ի տես Հայաստանի եւ աշխարհի, այդ թվում՝ Արմեն Սարգսյանին Հայաստանի վզին փաթաթած ՀՀԿ-ի: Հիմա, սակայն, այդ ամենն անցյալում է, Արմեն Սարգսյանը նորից ճողոպրել է Հայաստանից, եւ արժե հասկանալ, թե դա ինչ անձնական մոտիվացիայով կարող էր թելադրված լինել: 

Ուկրաինայի եւ Ղազախստանի իրադարձությունները

Ակնհայտ է, որ բովանդակ երկրագնդի վրա, միայն երկու վայրում երկու իրադարձություն է այժմ ընթանում, որոնք Արմեն Սարգսյանի բարեկեցության համար սպառնալիք էին կրում: Առաջինն այն է, ինչ ուկրաինական ճգնաժամի պատճառով սպասվում է ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այլեւ Ռուսաստանի կողքին շարք կանգնող երկրների, գոնե՝ ՀԱՊԿ-ի ղեկավարներին: 
Հաշվի առնելով, որ Պուտինն անվերջ լարում է իրավիճակն Ուկրաինայի հետ սահմանին, այժմ արդեն տեսանելի է, ԱՄՆ նախագահն էլ հրապարակավ հաստատեց, որ ֆինանսատնտեսական պատժամիջոցների այն փաթեթից բացի, որ կգործարկվի` Ուկրաինայի տարածք ՌԴ զինուժի ներխուժման դեպքում, որպես կանխարգելիչ միջոց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անհատական կանխարգելիչ պատժամիջոցներ կարող են սահմանվել մինչեւ ներխուժումը: Եվ քանի որ, ինչպես Ղազախստանի ընդվզումների ժամանակ պատահեց, կարելի է չկասկածել, որ Արեւմուտքի հետ իր դիմակայությանը գոնե ֆորմալ առումով Պուտինը խառնելու է ՀԱՊԿ-ին (Ռուսաստանում անգամ ԱՊՀ երկրներին խառնելու մասին են խոսում), այդ կառույցների առաջին, երկրորդ, երրորդ դեմքերի դեմ էլ, մեծ հավանականությամբ, պատժամիջոցներ կգործարկվեն` նրանց մուտքն արեւմտյան երկրներ արգելելուց մինչեւ բանկային հաշիվների սառեցում, արտերկրում պահվող ունեցվածքի արգելադրում եւ այլն: 

Եվ եթե Պուտինը գոնե պաշտոնապես հայտարարում է, թե ինքն Արեւմուտքում ակտիվներ չունի, Արմեն Սարգսյանը, ի տարբերություն նրա, Եվրոպայում միլիոնավոր դոլարների կարողություն ունի, ունեցվածք, տնտեսական մութ գործարքներ, օֆշորներում գրանցված կազմակերպություններ եւ այլն, որոնց կորուստը ոչնչացնող հարված կլիներ Սարգսյանին: Հետեւաբար, ՀՀ նախագահի հանդեպ միանգամայն հնարավոր պատժամիջոցներից հեռու մնալու համար Արմեն Սարգսյանը ճիշտ ժամանակին ճողոպրել է ՀՀ նախագահի պաշտոնից եւ առհասարակ Հայաստանից:
Արմեն Սարգսյանի համար տարեսկզբից առաջացած երկրորդ բարդությունն այն էր, որ որքան էլ պարզ չէ, թե տարեսկզբին ինչ կատարվեց Ղազախստանում, ինչն էր ինքնաբուխ, ինչն էր կազմակերպված, ով ում դեմ էր գործում, մի բան հասկանալի է, որ Ղազախստանում սկսվել է նախկին նախագահ Նազարբաեւի ոչ միայն կադրերին, այլեւ մերձավորներին, ազգականներին, հարազատներին պաշտոններից ազատելու եւ քրեորեն հետապնդելու գործընթաց: Իսկ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ղազախստանում Նազարբաեւի կլանի հիմնական ղեկավարը նրա մաֆիոզ ավագ դուստրն է` Դարիգա Նազարբաեւան, որի հետ Արմեն Սարգսյանն ունի տասնամյակների անձնական բարեկամություն եւ համատեղ բիզնես գործունեություն: Նազարբաեւի կլանի գլխավերեւում կուտակվող ամպերը դժվար թե Դարիգա Նազարբաեւային եւ նրա միջոցով էլ` Արմեն Սարգսյանին շրջանցեին: 

Հաշվի առնելով, որ 2014, թե 2015 թվականին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնելով հանդերձ Արմեն Սարգսյանն ինքնագլուխ մեկնել էր Ղազախստան եւ այնտեղ վարչապետի, թե նախարարների հետ բանակցում էր, որ իր` ԵՄ-ում (կարծեմ`Ավստրիայում) գրանցված ընկերություններից մեկին պատկանող ֆերմաներից ու սպանդանոցներից մսամթերքներ մատակարարվեն Ղազախստանի ռեստորաններին ու վաճառասրահներին, պատկերացնել կարելի է, թե հիմա Արմեն Սարգսյանին որքան է հարկավոր պաշտոնական պարտականություններից եւ սահմանափակումներից ազատ լինել, որպեսզի Դարիգա Նազարբաեւայի հովանավորությունը վայելած լինելու պատճառով` նաեւ իրեն սպառնացող հետապնդումներից սեփական բիզնեսները պաշտպանի: Կամ գոնե հրապարակավ ու աշխարհի առջեւ ուրիշ երկրի նախագահի պաշտոնում չհետապնդվի: 

Առաջիկա շաբաթները ցույց կտան, թե Ուկրաինայի ճգնաժամը եւ Նազարբաեւի կլանի հետապնդումներն ինչ սպառնալիքներ էին կրում Արմեն Սարգսյանի համար, եւ ինչու նա անսպասելի հեռացավ: Բայց կարեւորը փաստն է, որ նա հեռացել է ՀՀ նախագահի պաշտոնից եւ, առհասարակ՝ Հայաստանից: Տեսնենք, թե նախախնամությունն ինչ է նախապատրաստել հաջորդ քաղաքական պատուհասի` Նիկոլ Փաշինյանի համար: