2014-ին Փաշինյանը խոսում էր «Բրյուսելներում, Վաշինգտոններում քաղաքական հովանավորություն մուրացող ամուլ էլիտայի» մասին

2014-ին Փաշինյանը խոսում էր «Բրյուսելներում, Վաշինգտոններում քաղաքական հովանավորություն մուրացող ամուլ էլիտայի» մասին

Ի՜նչ բոցաշունչ ելույթներ էր ունենում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին խորհրդարանի ամբիոնից, ինչ համարձակ քննադատում էր, պետության ինքնիշխանության մասին էր խոսում, տարբեր երկրներից անկախ լինելու եւ ինքնուրույն քաղաքականություն վարելու մասին:
Օրինակ, 2014 թվականի մարտի 12-ի ելույթում, ԵՏՄ անդամակցությանը դեմ արտահայտվելուն զուգահեռ, նա դատապարտում էր մոսկվաներում, բրյուսելներում եւ վաշինգտոններում «քաղաքական հովանավորություն մուրացող էլիտային:

Ահա այդ հատվածը. 

«Իսրայել Օրիի ժամանակներից քաղաքական մտածողությունը Հայաստանում էվոլյուցիա չի ապրել՝ չհաշված 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակահատվածը: Իսրայել Օրին էլ իր ժամանակին հայերիս համար հովանավորներ էր փնտրում Արեւմտյան Եվրոպայում, բայց եվրոպացիների՝ չակերտավոր զբաղված լինելու հետեւանքով, ի վերջո, այդ հովանավորությունը գտավ Ռուսաստանում: Խնդիրն այն չէ՝ Իսրայել Օրին ու մյուսները ճիշտ են վարվել, թե սխալ, խնդիրն այն է, որ 1991 թվականի անկախության ոգեղեն հռչակումից 23 տարի անց մենք կանգնած ենք այդ անկախությունը մսխելու եւ Մոսկվաներում, Բրյուսելներում, Վաշինգտոններում քաղաքական հովանավորություն մուրացող ամուլ քաղաքական էլիտա ունենալու փաստի առաջ»:
Ավելի հետաքրքիր հատվածներ էլ կան այդ ելույթում, որտեղ նա դատապարտում է Ադրբեջանի ռազմական հզորությունից խոսող պաշտոնյաների մասին, նրանց անվանում «նվնվացողներ», մինչդեռ եթե անգամ այն ժամանակ խոսում էին` բանակ ունեինք եւ այն ահուսարսափ էր տարածում մեր շուրջը: Ինքն ու իր իշխանությունը ոչ միայն բանակն են ոչնչացրել, այլեւ ամբողջ օրը խոսում են Ադրբեջանի հարձակվելուց եւ մեր հավանական պարտությունից ու այդ խեղճությունն այնպես է նստել իրենց մեջ, որ քարոզում են` ինչ ուզում է տանք, միայն կռիվ չլինի:

Նիկոլ Փաշինյանն այդ նույն ելույթում ասում էր. «Միջազգային հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները նվնվում են, թե բա, գիտե՞ք ինչ կա, Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ընդհանուր բյուջեն: Ճիշտ են ասում, բայց, օրինակ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավատում է, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի անձնական կարողությունն ավելի մեծ է, քան Հայաստանի բյուջեն: Էլ չեմ ասում ձեզ հայտնի օլիգարխների մասին, ովքեր Հայաստանը քերթել են ու որպես փոխհատուցում մի բուռ բրինձ են բաժանում՝ սովահար ժողովրդի աչքից շնորհակալության արցունք պոկելու համար»: Բա եթե քերթել են` հետ բերեիք այդ քերթածը, բոլոր միջոցները ծառայեցնեիք բանակի հզորացմանը, մեր ռազմական բյուջեն մեծացնեիք, ոչ թե անհեթեթ ծրագրերի մեջ անիմաստ փողեր մսխեիք` ակադեմիական քաղաքից մինչեւ ձեր թիկնազորի եւ ոստիկանության ուժեղացում: 

Եւս մի հատված, որտեղ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի եւ Թուրքիայի վարած քաղաքականության եւ մեզ Իրանից ու Վրաստանից մեկուսացնելու մասին: Հիմա, պարզվում է, այդ քաղաքականությունը փոխվել է եւ սահմանների բացվելն ու այս երկու երկրի հետ հարաբերություններ հաստատելն այլեւ Իրանի ու Վրաստանի դեմ չէ` բխում է նրանց շահերից:

«Տիկնայք եւ պարոնայք, մի մեծ սուտ կա՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի մասին: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է: Իրականում Հայաստանի համար սա ոչ թե ինտեգրացիոն, այլ մեկուսացման պրոցես է: Մեր անկախության առաջին օրից Ադրբեջանն ու Թուրքիան վարել են Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն, ու, եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը մեկուսացրել են արեւելքից ու արեւմուտքից, Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանը մեկուսացնելու է հյուսիսից ու հարավից, որովհետեւ այս պայմանագրով փակվում են բոլոր հնարավորությունները՝ էապես խորացնելու մեր հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ»: 

Իրականում ԵԱՏՄ-ին անդամակցումը մեզ եւ շուկա է տրամադրել, եւ արտոնյալ առեւտրաշրջանառություն ու հսկայական եկամուտներ է բերել մեր բյուջեին, նաեւ որոնց շնորհիվ է այսօր կանգուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ որոնց շնորհիվ է, որ քաղաքական փլուզումներին չեն գումարվել տնտեսական փլուզումները: 

Արեգ Մարգարյան