Ինչպե՞ս ազատվել Նիկոլից

Ինչպե՞ս ազատվել Նիկոլից

Իսկապես, ինչպե՞ս է հնարավոր երկիրն ազատել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից: Մարդկային պատմության ընթացքում ձևավորվել է այդ խնդրի լուծման երկու տարբերակ՝ խաղաղ, անցնցում և ցնցումային: Առաջինը միշտ է եղել նախընտրելի, սակայն դրա համար պետք է ունենալ անհրաժեշտ նախապայման՝ տվյալ պահին երկրի ղեկավար հանդիսացող անձի՝ այդ քայլին գնալու պատրաստակամությունը: Այն, ինչ առկա էր 2018-ի ապրիլին, երբ հասարակության կողմից մերժվող Սերժը նախընտրեց հեռանալ՝ չիրագործելու շատ ավելի դաժան մարտի 1-ը: Չնայած, հենց ինքը հիշատակեց դա Նիկոլի հետ հանդիպմանը «Մարիոթ» հյուրանոցում, ու ինքն էլ համարյա թե անմիջապես հրաժարվեց դրանից: Որպես հայ մարդ զարհուրելով դրա հետանքներից: 
Փաշինյան Նիկոլն այդպիսի անձ չէ: Հանուն «ղարաբաղյան բեռից» թեկուզ պաշտոնապես չորս հազար անձ զոհաբերողը (լրագրող և մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանի այս բացահայտումը վկա) հանուն իշխանության պատրաստ կլինի զոհաբերել կրկնակին, եռակին: Դա պետք է գիտակցենք, և Նիկոլից ազատվելուն նպատակաուղղված մեր բոլոր գործողությունները կառուցենք այդ գիտակցման վրա: Ի վերջո, Արցախն իր համար բեռ էր, քանի որ իր (իր հոգեհորից ժառանգած) կարծիքով, այն խանգարում էր «սերգոջաների» լավ ապրելուն: Եվ խանգարելու էր անընդհատ, քանի դեռ ինքը երկիրը չէր ազատել այդ ծանր բեռից: Ի դեպ, վերը նշված՝ «yerkir.am»-ի այդ հոդվածում առկա է նաև արհեստական արբանյակի մասին Փաշինյան Նիկոլի կարծիքը: «Արբանյակասիրությամբ» տառապողներին խորհուրդ կտամ ծանոթանալ այդ հոդվածին:

Խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինին վերագրվող՝ «Չկա մարդ, ուրեմն չկա և խնդիր» թևավոր խոսքի նմանությամբ Նիկոլի ուղեղում ենթադրաբար ձևակերպվել էր ընդհանրական (եթե ի մի բերվեն նրա մտքերն այդ առումով) «Ազատվել Արցախից հանուն հայաստանցու երջանկության» զառացանքը: Ինչն, ի դեպ, ձևակերպված է հենց նրա գրքում «մասը հանձնել ամբողջը պահպանելու նպատակով» տեսքով: Ի դեպ, չգիտես ինչ զարմանալի «զուգադիպությամբ», խորհրդարանական ընտրության՝ 2017 և իշխանափոխության 2018 թվականներին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան էր փոխանցվել, համապատասխանաբար, 7 միլիոն և 211 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանի կենտրոնական բանկը փորձել էր դա ներկայացնել իբրև թե ենթադրյալ փոխանցումների փորձագիտական գնահատական՝ բառախաղ անելով «միգրանտներ (տեղահանվածներ) և հակամարտության արդյունքում տեղափոխվածներ» տերմիններով, սակայն ՀԲ-ի աղյուսակներն այլ բան էին վկայում: Էին վկայում, քանի որ Հայաստանում սկանդալ ծագելուց հետո ՀԲ-ի այդ հաշվետվությունների հղումները ջնջվեցին:

Ուղղակի և անուղղակի վկայություններին հավելենք 2020 թվականի խայտառակ պարտության իրողությունը՝ մեկ: Հավելենք հետպատերազմական շարունակվող պարտություններն արտաքին բնագավառում՝ երկու: Հավելենք մեր ներքին կյանքում ապաշնորհ կառավարման հետևանքները՝ երեք: Ինչպես նաև փաշինյանականնն ընտանիքի անդամների և գործող իշխանության այլ ներկայացուցիչների վայելքների (չորս) և հանուն իշխանության պահպանման՝ ոստիկանության վայրագությունների (հինգ) բազմաթիվ վկայությունները հավելելու դեպքում ստիպված ենք ընդունել Փաշինյան Նիկոլի պարագայում անցնցում տարբերակի անհնարինության հանգամանքը: Ինչն անհրաժեշտ է, որպեսզի գիտակցվի ցնցումային այնպիսի սցենարի մշակումն ու իրականացումը, որի դեպքում Հայաստանը նվազագույն կորուստներով դուրս կբերվի պետականության կորստի հորձանուտից:

Անցնենք այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Նիկոլից ազատվելու՝ նվազագույն կորուստներ պարունակող ցնցումային տարբերակը: Կարծում եմ, որ այն պետք է նման լինի հանրահայտ գողական «կյանքդ կամ քսակդ» այլընտրանքային բանաձևին: Մեր դեպքում այն կվերափոխվեր «կյանքդ կամ իշխանությունդ» տարբերակի: Դա չի նշանակում, որ հենց վաղը նրա նկատմամբ պետք է մահափորձ իրականացվի, ասենք, թե Հնդկաստանի վարչապետ Ինդերա Գանդիի նմանությամբ: Հիշեցնեմ, որ հնդկական կրոնական խոշոր համայնքներից մեկի՝ սիկխերի, «Ոսկյա վանքը» կառավարական ուժերի կողմից ավերելուց հետո վերջինիս սիկխ երկու թիկնապահները 1984 թվականին սպանեցին 67-ամյա վարչապետին: Ինչպես ասվեց, Հայաստանում այդ սցենարը անիրականանալի է: Դա նշանակում է, որ պետք է մշակվի Նիկոլին հեռացնելու մեկ այլ՝ անարյուն, բայց ոչ պակաս արդյունավետ սցենար: Եվ դրա հիմքում պետք է դրվի հիշատակված՝ «կյանքդ կամ իշխանությունդ» բանաձևը: