Հաջորդ անգամ Իրանի պատասխանը շատ ավելի կործանարար կլինի 

Հաջորդ անգամ Իրանի պատասխանը շատ ավելի կործանարար կլինի 

Իսրայելը Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակում էր իրագործել, որի հետևանքով բարձրաստիճան զինվորականներ զոհվեցին: Իրանը երկար սպասեցնել չտվեց՝ ապրիլի 14-ին Իրանից հսկայաքանակ հրթիռներ ու ԱԹՍ-ներ արձակվեցին Իսրայելի ուղղությամբ։ Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Իրանի պատժիչ գործողությանն ասաց, որ այստեղ ամենակարևոր կոմպոնենտը իրանական կողմի համար դա բարոյական գործոնն էր:

«Նրանք ինչպե՞ս են աշխատում, եթե մեզ ինչ-որ վնաս պատճառեք՝ տասնապատիկ անգամ ավել պատասխան եք ստանալու և նրանք ցույց տվեցին, որ ցանկացած իրավիճակում այդ բանաձևը կիրառելու են և նաև պաշտոնական հայտարարություններում մենք տեսնում ենք, նրանք այնպիսի ուլտիմատումով են խոսում, որ եթե Իսրայելի մտքով անցնի այս օպերացիային պատասխանել, ապա հաջորդը լինելու է էլ ավելի մեծ մասշտաբներով: Եվ այդ բանաձևն ըստ էության, առնվազն տարբեր երկրներից հնչող հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ այս պահի դրությամբ բավականին արդյունավետ աշխատում է»,-ասաց ռազմական փորձագետը:

Մանգասարյանը նշեց, որ տեսանելի է, որ հավաքական Արևմուտքից էլ են Իսրայելին կոչ անում պատասխան գործողությունների չգնալ, որովհետև լավ են հասկանում, որ հաջորդ անգամ Իրանի պատասխանը կարող է շատ ավելի կործանարար լինել:

«Մյուս կոմպոնենտը, որ Իրանի համար կարևոր էր, նրանք կարողացան ֆիքսել հակառակորդի ունակությունները, թե ինչ հնարավորություններ ունեն նրանք, դա կարևոր տեղեկատվություն է: Բայց հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրանական անօդաչուները ավելի քան հազար կիլոմետր ճանապարհ են անցել, մինչև հասել են թիրախներին: Այսինքն, երբ որ արձակվել են այդ անօդաչուները, արդեն իսկ ժամեր հետո նոր պետք է այդ թիրախներին հասնեին, ինչը իսրայելական կողմի համար լրացուցիչ ժամանակ էր, որպեսզի կարողանային համապատասխան հակազդող քայլեր իրականացնել»,-նկատեց ռազմական փորձագետը:

Սակայն մյուս կողմն էլ հայտարարում է, որ իսրայելական կողմը հնարավորություն ստացավ իրանական անօդաչուների ծրագրային մասն ուսումնասիրել, գտնել դրանց թույլ տեղերը: Մանգասարյանը նկատում է, որ դա բնական գործընթաց է, հատուկ ծառայությունների պատերազմ է ու ցանկացած կողմ էլ ուզում է տիրապետել հակառակորդի միկրոսխեմաներին, թե ինչ վառելանյութ են օգտագործում  այդ անօդաչուները՝ դրանք կարևոր տեղեկատվություն են։

«Սակայն, կարծում եմ, այդ գինը իրանական կողմը հաշվարկած է եղել և իրենց համար ավելի շատ բարոյական խնդիր էին լուծում, որպեսզի ցույց տան, որ իրենց ցանկացած հրամանատարի, զինվորի կորուստ արժանանալու է խիստ պատասխանի և դա շատ կարևոր կոմպոնենտ է իմ կարծիքով»,-եզրափակեց Վիտալի Մանգասարյանը։