Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիան մենք բացառում ենք

Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիան մենք բացառում ենք

Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի
 հետ

- Տիկին Սամսոնյան, ՍԴ-ն մարտի 26-ին Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը։ Նախ ուզում եմ Ձեր գնահատականն իմանալ ՍԴ-ի այս որոշման հետ կապված։

- Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված հոդվածը, որով Փաշինյանի իշխանությունը փորձում էր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, ճանաչվեց հակասահմանադրական։ Ժամանակը ցույց տվեց, որ մենք՝ «Լուսավոր Հայաստանը», երբ մեզ մոտենում էին եւ փորձում էին հարցեր ուղղել Քոչարյանի գործի վերաբերյալ, մեզնից անընդհատ քաղաքական գնահատականներ կորզել այս գործի վերաբերյալ, մենք ճիշտ էինք եւ չմտանք իրավական դաշտ, չմտանք արդարադատության դաշտ, եւ տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար։ 

- Մենք հիմա ընտրությունների ենք գնալու Փաշինյանի թելադրած օրակարգով, եւ ստացվում է՝ Հայաստանում 3 հոգով նստում քննարկում ու որոշում են գնալ ընտրությունների՝ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական դաշտի դերակատարներն իրե՞նք են միայն, այդ երեք գործիչնե՞րն են մեր երկրում օրակարգ թելադրում։

- 2018-ին ժողովուրդը որոշել է, որ այս 3 ուժը պիտի դառնան խորհրդարանական ուժեր եւ օրենսդիր մարմնի անդամներ։ Հիմա մեր պատասխանատվությունն է՝ այս քաղաքական ճգնաժամի համար հնարավորինս փնտրել քաղաքական լուծումներ, եւ մենք դա արել ենք ու դրան հասել ենք։

- Բայց կան նաեւ արտախորհրդարանական ուժեր, որոնք տեւական ժամանակ պայքարում էին ու փողոցային պայքարի միջոցով էին ուզում հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

- Սա շատ լավ հնարավորություն է նաեւ արտախորհրդարանական ուժերի համար, որպեսզի իրենք վերադասավորվեն, փորձեն դուրս գալ «Նիկո՛լ, դավաճան» հռետորաբանությունից, կազմեն ծրագրեր, առաջարկեն լուծումներ, ընտրություններին մասնակցեն, եւ մարդիկ որոշեն՝ ով է իրենց հարց լուծողը լինելու հունիսի 20-ից հետո։

- Դուք, իհարկե, համառորեն չեք ուզում ընդունել, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից գուցե դավաճանություն է եղել․․․

- Ես դատարան չեմ, որպեսզի որոշեմ՝ ովքեր են դավաճանները։

- Խոսքը քաղաքական գնահատականի մասին է։

- Ներողություն, մարդուն քրեական հանցագործության մեջ մեղադրելը չի կարող լինել քաղաքական գնահատական։ Դա մեզ համար եղել է անընդունելի։

- Դուք հիմա ընտրությունների եք գնում մի քաղաքական ուժի հետ, որը Շուշին համարում է ադրբեջանական քաղաք, համարում է, որ Քարվաճառը մերը չի եղել, բազմաթիվ փաստեր վկայում են, որ նրանք պրոթուրքական քաղաքականություն են վարում, եւ դուք այդ ուժի ղեկավարի օրակարգով գնում եք ընտրության։

- Ուզում եմ հասկանալ՝ ընտրություններին միայն «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստա՞նն» են մասնակցելու։ Ոչ, բոլոր ուժերը, այդ թվում՝ այն ուժերը, որոնք տալիս են Ձեր ասած այդ քաղաքական գնահատականը՝ կպցնելով «դավաճան» պիտակը, այդ բոլոր ուժերը պատրաստվում են եւ մասնակցելու են ընտրություններին։ Եվ Ձեր մեղադրանքը՝ մեզ ուղղված, որ դուք գնում եք նրա հետ․․․ Ոչ, մենք ստեղծել ենք  քաղաքական օրակարգ, որը եղել է միակ օրակարգը, որը չի տանելու բախումների։ Միակ հանգուցալուծումը, այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը։ Եվ մենք առաջարկում ենք, որ բոլոր ուժերն այս օրակարգով հասնեն փոփոխությունների, որովհետեւ այլ մեխանիզմ այլեւս չի աշխատում։ Եթե դուք ուզում եք, որ մինչեւ 2023 թ․ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ապա քննարկելի է։ Եթե դուք չեք ուզում, մենք չենք ուզում, այդ իսկ պատճառով հասկանալով, որ շարունակելով պահանջել վարչապետի հրաժարականը, որը նա չի տալու երբեք, թող մոռանան փողոցի ուժերը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու հենց այնպես, եւ այս խորհրդարանը կարող է որեւէ մեկին ընտրել։ Եվ երկրորդ․ նաեւ հասկանալով, որ ժողովուրդը չի ուզում, որ այս խորհրդարանն ընտրի որեւէ վարչապետ։ Մարդիկ ուզում են իրենք նորից գնան, ընտրություն կատարեն։

- Դուք բացառո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը կկեղծի ընտրությունները, վարչական ռեսուրս կկիրառի։

- Ես որեւէ բան չեմ բացառում, ով լինի իշխանության այս պարագայում, կիրառելու է այդ վարչական ռեսուրսը։

- Այդ դեպքում ի՞նչ հույսով եք նրա հետ գնում ընտրության, եթե կասկած ունեք։

- Որովհետեւ այլ տարբերակ՝ վիճակը հանգուցալուծելու, չկա։ Բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք նաեւ, որ նույնիսկ վարչական լծակը, իրենք իրենց բերանով ասում են, որ մենք վարչական լծակ չենք կարողանում օգտագործել։ Եթե հիշեք, երբ վարչապետը գալիս էր խորհրդարան, ասում էր՝ պետական համակարգն իմ դեմ սաբոտաժ է անում, այսինքն՝ դա ուղիղ ազդակ է այն մասին, որ ես չեմ կարողանում վերահսկել համակարգը։

- Օրերս մի հանդիպում- քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցում էին «Ժառանգությունը», պահպանողականները, Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, «Լուսավորը»։ Ի՞նչ ընդհանուր շահ ունեք այս ուժերի հետ, ձեր նշաձողը չե՞ք իջեցնում նման ուժերի հետ մի սեղանի շուրջ նստելով։

- «Լուսավոր Հայաստանը», իհարկե, պատմություն  եւ քաղաքական անցյալ ունեցող ուժ է, մենք կարող ենք դա ասել, բայց մենք երբեք չենք մեծամտացել այնչափ, որչափ որ որոշենք, որ կան ուժեր, որոնց հետ ընդհանրապես չպիտի համագործակցենք, իսկ կան ուժեր, որոնց հետ պիտի համագործակցենք։ Մենք բոլոր քաղաքական ուժերի հետ խոսում ենք, հիմա մարդն ինչ-որ գաղափար է ուզում փոխանակել, ինչ-որ ասելիք ունի, մենք պատրաստ ենք քննարկել։

- Եթե ընտրություններից հետո  Փաշինյանն իր թիմով նորից անցնի խորհրդարան, դուք պատրա՞ստ եք կոալիցիա կազմել նրա հետ։

- Դժվար է գնահատել, թե ինչ հարաբերակցությամբ ուժեր կմտնեն խորհրդարան, բայց ես Ձեզ մի բան կարող եմ շատ հստակ ասել՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կոալիցիա չի լինելու։

- Իսկ ընդդիմադիր ուժերի մեջ կա՞ այնպիսի ուժ, որի հետ եւս բացառում եք հավանական կոալիցիա կազմելը, եթե մասնակցի ու անցնի, կոալիցիա կկազմե՞ք։

- Ավելի հստակեցնեմ ասելիքս․ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ եւ Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ կոալիցիան մենք բացառում ենք։