Հիմա էլ Թալինի հրապարակում վեր ընկած է եւ զբաղված է կլյաուզայով
Թալին քաղաքի բնակիչ Արսեն Առաքելյանը դիմել է «Հրապարակի» խմբագրություն այն խնդրով, որ Թալինի հանրային արոտավայրերը՝ մոտ 200 հա, 7ամիս առաջ վաճառել են, եւ իրենք զրկվել են արոտավայրերից։ Թեեւ այս պահին դեռեւս կարողանում են կերակրել անասուններին, բայց որոշ ժամանակ անց կանգնելու են այդ խնդրի առաջ։ Նա պնդում է, որ արոտավայրը վաճառվել է արեւային կայան կառուցելու նպատակով, եւ իրենց տեղյակ չեն պահել դրա մասին՝ հանրային լսումներ տեղի չեն ունեցել․ «Հանրային տարածք է եղել՝ Թալինի, առաջ պատկանել է գյուղացուն, մենք տարել, այդտեղ անասուն ենք պահել։ Որ ասեմ՝ ցածր տեսակի է, չէ, որտեղ գութանը գցենք, 40 սմ հող կա, եթե ջուր լինի, 170-200 հա-ի վրա մենք ծառ տնկենք՝ պատկերացրեք ինչ կլինի, այսօր մենք այդ արոտավայրերում արածացնելով կով ենք պահում, կաթ ենք կթում, գոյություն ենք պաշտպանում»։
Առաքելյանը նշում է, որ Թալին խոշորացված համայնքի Աշնակ եւ Դաշտադեմ վարչական շրջանների արոտավայրում միայն իրենց թաղից 121 գլուխ անասուն, 100 հատ էլ ոչխար է արածում, ինչը մոտավորապես 120 ընտանիքի գոյատեւման միջոցն է։ Ինքը՝ Առաքելյանը, ունի 3 գլուխ անասուն։
Մենք կապ հաստատեցինք Թալին խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի հետ, ով նշեց, որ 7 ամիս առաջ ուղղակի չէր կարող հող վաճառվել, եւ տվյալ անձը փորձում է խնդիրներ ստեղծել քաղաքի համար, քանի որ չի կիսում իրենց քաղաքական հայացքները․ «2021 թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո Թալին համայնքն ավագանի չի ունեցել, դա եղել է նախկին քաղաքապետի ժամանակ։ Ես միանգամայն ասում եմ, որ եղել են հանրային լսումներ։ Ես տեղյակ եմ, գիտեմ, ուսումնասիրել եմ՝ ինչ է արել նախկին քաղաքապետը»։
Սափեյանի խոսքով, այս պահին անասուններին տանում են Թալինին ավելի մոտ հատված․ «Արեւային կայանի տարածքն Աշնակ եւ Դաշտադեմ համայնքների արանքում է, ուզենան էլ, չեն կարող անասուններին տանել էդտեղ․ 10 կմ հեռավորության վրա է։ Ես վստահեցնում եմ՝ Թալին համայնքում արոտավայրի խնդիր չկա։ Թալինի տարածքում, որպես արոտավայր, կա 300-400 հազար հա հող, արեւայինները զբաղեցնում են 25-30 հա հող, էդ տարածքը, որտեղ արեւային կայան են կառուցում, ընդհանրապես կանաչ չի լինում, աղբանոցից ներքեւ է»։
Համայնքապետի ԺՊ-ն պնդում է, որ տվյալ անձը կոնկրետ ուղղորդված քայլեր է իրականացնում՝ ընդդիմադիր դաշտի մարդկանց կողմից․ «Եթե ինքը տեսնում է, որ իրենց իրավունքները ոտնահարվում են՝ արոտավայրերը վաճառվել են, անասուններին արածացնելու տեղ չունեն, դրա համար գոյություն ունեն դատարաններ, թող գնա, դիմի վարչական, իրավական դատարան։ Ես ճշտել եմ եւ պարզել՝ հրահանգավորված, ընդդիմադիր մարդկանց կողմից, ինքը եկել էր ինձ մոտ։ Ինքը Հայաստանի կամ Թալինի մասին մտածող չի, մի քիչ կոպիտ եմ ասում, հիմա էլ ինքը Թալինի հրապարակում վեր ընկած է եւ զբաղված է կլյաուզայով»։
Ըստ Թալինի համայնքապետի աշխատակազմի ղեկավարի՝ նշյալ հողատարածքը գնելու հայտ է ներկայացվել անհատ անձի կողմից, որ ցանկություն ունի տարածքը գնելու, լսումներ են իրականացվել, ավագանին որոշել է, որ հողը պետք է տրամադրվի տվյալ մարդուն։ Փոխվել է հողի նշանակությունը, ըստ օրենքով սահմանված կարգի էլ իրականացվել է ողջ գործընթացը։
Թեեւ սկզբում Թալինի համայնքապետարանից հրաժարվում էին տրամադրել, թե որ ընկերությունն է գնել տվյալ հողատարածքը՝ պատճառաբանելով, թե անհատ է, եւ տվյալները չեն կարող հանրայնացնել, այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել Թալինում գործող արեւային կայաններ տեղադրած ընկերությունների անունները։
Դրանք են՝ «Մաստեր» ՍՊԸ՝ 7,4 հա հողը գնել է 39․2 մլն դրամով, «Սոլար փրոդաքշն» ՍՊԸ - 2,3 հա հողատարածք՝ 12,3 մլն դրամ, «Էներգոդաշտ»՝ 8,1 հա, 42,8 մլն դրամ (այս տարածքը չի օգտագործվում, գնելուց հետո այն նախնական տեսքի է բերվել), եւ «Դիզափայտ» ՍՊԸ՝ 12,25 հա, 80,55 մլն դրամ։
Աշնակի տարածքում կա ֆիզիկական անձ, որն իր վարելահողը վաճառել է «Էներջի Էյ» ՍՊԸ-ին՝ 0,13 եւ 0,6 հա տարածք, որը ոչ թե արեւային կայան, այլ ենթակայան է կառուցելու։
Կարծիքներ