Ինչպես էր փոխվում թավիշը. Մայիսի 1

Ինչպես էր փոխվում թավիշը. Մայիսի 1

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։  Օր երեսուներկուերորդ՝ մայիսի 1:

2018թ․ մայիսի 1 - ՀՀ Ազգային ժողովը վարչապետ է ընտրում, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: 45 կողմ, 55 դեմ ձայներով նա չի ընտրվում: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն, սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»: Նիկոլ Փաշինյանի գործողությունները գնահատում է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը, ասում է՝ այս ամենը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբն է միայն: Նրան չեն լսում:

Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը միանում է Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց ու կոչ անում․ «ՀՀԿ-ի այսօրվա գործողությանն արձագանքելու ենք շատ արագ: Վաղը ողջ հանրապետությունում հայտարարվում են գործադուլ եւ դասադուլ: 08:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, մետրոն, օդանավակայանը, երկաթուղիները: Ամեն ինչ, ինչ հնարավոր է, շրջափակում ենք: ՀՀԿ-ական վերնախավին պետք է թողնել հայաստանյան քաղաքական կյանքի լուսանցքում: Անգամ եթե ՀՀԿ-ական պատգամավորների տեսնեք, չնկատելու կտաք նրանց գոյությունը, որովհետեւ նրանք բարոյապես այլեւս գոյություն չունեն ՀՀ-ում»: Նույն ՀՀԿ-ի օրոք բազմաթիվ բարձր ու առանցքային պաշտոններ զբաղեցրած ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկած 45-ից մեկն էր: Նիկոլ Փաշինյանը ողջունում է քաղաքական դավաճանությունը. «Գեներալ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց ժողովրդի սրտերում»: Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը Ֆելիքս Ցոլակյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակեց, նա պաշտոնից հրաժարվեց 2020 թվականին:

2019թ․ մայիսի 1 - Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. ՀՀ կառավարության խնդիրն ու նպատակն է՝ երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Մեր երկիրը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, ուստի ջանքեր չենք խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: Որոշ փորձագետներ արձանագրում են. Սերժ Սարգսյանը հեռացավ Հայաստանի քաղաքացիների համար ամենավատ տարբերակով՝ իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին: Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը չի ջարդվել, փոխվել է արտաքին տեսքը: 

2020թ․ մայիսի 1 - Տոնի առիթով շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանն էլ չի խոսում բարձր որակավորման աշխատուժի երկիր ունենալու մասին, ընդամենը նկատում է, որ մենք աշխատավոր ենք եւ ստեղծարար: Իսկ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մտահոգություն է բարձրաձայնում. «Վիրավորանքներն ու բռնությունները ցույց տվեցին, որ մենք կործանման ճանապարհով ենք գնում: Պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների հայհոյանքների եւ վիրավորանքների դրվածքն այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն:» Սիրո հեղափոխականները չեն լսում ու հայհոյախոսում են մինչ օրս:

Infoport տելեգրամ ալիքի տեղեկություններով, Ռուսաստանի իրավապահները Երեւանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանել։ Այս լուրից հետո մամուլում եւ սոցցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տարված ծխախոտի բիզնեսի հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Վերջինս, իհարկե, հերքեց այս տեղեկությունները։

2021թ․ մայիսի 1 - Տոնի առիթով ուղերձում Նիկոլ Փաշինյանը թերությունների հարցում մեղադրում է բոլորին, բացի իր թիմից. «2020 թ․ ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Վերջին 3 տարիների ընթացքում մեր կառավարության հիմնական խնդիրն է եղել քաղաքացիներին խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին եւ հաջողությանը։ Կարծես դա սկսել էր արդյունք տալ, սակայն նախորդ տարվա ճգնաժամերը, ցավոք սրտի, խաթարեցին մեր առաջընթացն ու զարգացմանը միտված գործողությունները»: 

Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ պնդում, որ պաշտոնյաները խրախուսում են հայհոյախոսությունը. սոցցանցերում հրապարակային հայհոյանքներ, վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող, չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող՝ նշված բովանդակությամբ գրառումները, հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով, արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքները կամ այլ վիրավորանք, կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվում նաեւ կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ: Ոչ ոք չի պատժվում:

2022թ․ մայիսի 1 - Սուրբ Աննա եկեղեցու հարակից բակից մեկնարկեց Stop Nikol ակցիայի մասնակիցների քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 16։00-ին տեղի կունենա ընդդիմադիրների հանրահավաքը։ Արդեն մայրաքաղաք են հասել դիմադրություն շարժման մասնակիցները, որոնք քայլերթ են սկսել հանրապետության տարբեր հատվածներից, մասնավորապես՝ Տիգրանաշենից, Ապարանից, Սարդարապատից, Իջեւանից։ Նրանք քիչ անց կմիանան Ֆրանսիայի հրապարակի իրենց աջակիցներին։

Արեգ Մարգարյան