Սերժի Վաչոյի գործն ավարտական փուլում է

Սերժի Վաչոյի գործն ավարտական փուլում է

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի տեղակալ Վաչագան Ղազարյանի գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ հետ է վերադարձվել 1 միլիարդ դրամ գրավը․ «Այն ժամանակ մեկ միլիարդը վճարվեց, ինքը դուրս եկավ, հետո Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց՝ կալանքի վերցնելով, 1 միլիարդը հետ վերցվեց»։
Հարցին՝ թե չի՞ կարճվում գործը, Հարությունյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիա չունեն․ «Կարծում եմ՝ ավարտական փուլում է»։

Ըստ պաշտպանի՝ ստուգումներով պարզվել է, որ Ղազարյանն ունի հարկեր, որոնք վճարվել են․ «Իր հետ փոխկապակցված ֆիրմաների մասին է խոսքը։ Բավականին մեծ գումար էր, մոտավորապես 2-ից 2,5 միլիարդ դրամի սահմաններում։ Պետությանը պատճառած վնաս իր կողմից չկա, որովհետեւ իր գործը, որը հարուցվել է ապօրինի հարստացումն է եւ հայտարարգրում կեղծ տվյալներ մտցնելը»։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Ղազարյանը, իսկ կինն անցնում է ապօրինի հարստացման դրվագով։   

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:

Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է: