Պետության փողերով փող են ստանում մեր հասցեին հայհոյանքներ գրելու համար

Պետության փողերով փող են ստանում մեր հասցեին հայհոյանքներ գրելու համար

«Հանրային վերահսկողության կենտրոն» նախաձեռնության ղեկավար Բաբկեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 7 դեպքով խախտել է  իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքը: Մասնավորապես, ՊՈԱԿ-ն ի պատասխան Բաբկեն Հարությունյանի բազմաթիվ հարցումների, տվել է ակնհայտ անհիմն պատճառաբանություններով մերժումներ: Նախ դիմողին հայտնել են, որ հարցումներին պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ 30-օրյա ժամկետ, այնուհետև, 30-օրյա ժամկետից ուշ, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված մերժման հիմքերին, բոլորովին այլ հիմքով, այն է՝ անձնական տվյալների պաշտպանությունը, ակնհայտ ապօրինի մերժել է պահանջված տեղեկությունների տրամադրումը: «Հրապարակի» հետ զրույցում Բաբկեն Հարությունյանը հայտնեց, թե ինչ տվյալներ են ուզել ՊՈԱԿ-ից․ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակ, ում որքան պարգևավճար է տրվել, այդ կառույցները ներկայացնելու համար ինչ տեղեկանքներ են տրվել, ոչ թե ՊՈԱԿ-ի աշխատակիցների, այլ քաղաքացիական անձանց հետ ինչ պայմանագրեր են կնքվել։

Հարցին, թե ինչ քաղաքացիական անձինք, ունեն կասկածներ, թե այլ անձինք ՊՈԱԿ-ին ծառայություններ են մատուցում, Բաբկեն Հարությունյանն ասաց․ «Ուրեմն՝ ֆեյքերի ՊՈԱԿ-ը (նկատի ունի «Հանրային կապերի և տեղեկատվական» ՊՈԱԿ-ը) թեև մեզ հրաժարվել է տվյաներ տրամադրել իմ օրինական հարցմանը, և ես, այո, ունեմ հիմնավոր կասկածներ, որ էս մարդիկ, էնտեղ նստած, մեր պետության փողերով  հայհոյանքեր են գրում մեր հասցեին։ Եվ էս մարդիկ փող են ստանում, պարգևավճարներ, որպեսզի Ֆեյսբուքում մեզ հայհոյեն»։

Նրանից հարցրեցինք՝ խոսքը միայն սոցիալական ցանցերում գրառումների մասի՞ն է, թե, օրինակ, ակնհայտ քարոզչական բնույթի ռեպորտաժների, տեսանյութերի, որոնք ինչ-որ անհայտ ծագման ստուդիաներից տասնյակներով թողարկվում են և հազարավոր դիտումներ են ապահովում։  Մեր զրուցակիցն ասում է, որ դա չի կարող բացառել։

«Այո, ես էլ եմ Youtube-ում հանդիպել նմանատիպ նյութերի, մոտավորապես այս վերնագրով․ «Թե ինչպես Նիկոլ Փաշինյանը խեղճացրեց Վլադիմիր Պուտինին» կամ․․․ էս տիպի անհեթեթություններ՝ հիմար վերնագրեր։ Եվ, այսինքն, նյութեր են պատրաստում, մարդկանց են հայհոյում և խեղդում են երկրում բազմակարծությունն էն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ իր ընդդիմադիր կարգավիճակում քննադատել է նախկին իշխանություններին նմանատիպ արարքների համար, հիմա իր ՊՈԱԿ-ն է նման գործընթաց իրականացնում։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր զբաղեցրել պաշտոնը, ասում էր՝ եթե կան խնդիրներ, դիմեք մամուլին, բարձրաձայնեք, որ տեղեկանաք․․․ եվ հիմա կա իրավիճակ, երբ այս նույն Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերը հայտնվել են դատարկ փուչիկի, օդի կարգավիճակում»։

Բաբկեն Հարությունյանն ասում է, որ, բնականաբար, սա անհետևանք չի կարող մնալ, և խոստանում է տալ այդ ամենի պատասխանը։

Բաբկեն Հարությունյանն ասում է, որ քանի որ էթիկայի խնդիր կա, իրենք չեն կարող գրողների նման մտնել ու հայհոյանքներ գրել՝ թեկուզ պատասխանելով։ Բայց խոստանում է․ «Գալու է ժամանակը, էդ ամբողջ տեղեկատվությունը մենք ստանալու ենք, երբ անվանական կիմանանք՝ ով, որ ֆեյքերով ինչ հրահանգ է ստացել հայհոյելու համար, էդ ժամանակ նրանք իրենց արժանի պատիժը կստանան։ Թող ՊՈԱԿ-ում վեր ընկած սորոսական զանգվածը չմտածի, որ կարող են հայհոյել, և դա մնա անպատասխան։ Ուղղակի, պատասխանը կտանք էն ժամանակ, երբ անվանական կիմանանք, թե կոնկրետ ով ինչ հայհոյանք է հնչեցրել»։

Դիմեցինք նաև ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, ով արտերկրում լինելով (նաև տեղակալը), շատ լակոնիկ պատասխանեց․«Որոշել է դատի տալ, եթե համարում է խախտում ենք արել, դատարանը պետք է որոշի»։