Այդ շենքը փլատակ էր` հազիվ 50 հազար արժեր, գնեցինք, որ բանակին օգնենք

Այդ շենքը փլատակ էր` հազիվ 50 հազար արժեր, գնեցինք, որ բանակին օգնենք

Դատախազությունը մի քանի օր առաջ մի անցած-գնացած պատմություն հիշեց, որը վերաբերում է նախկիններին, ավելի ճիշտ՝ նախագահ Սերժ Սարգսյանին։
 
2004 թվականին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի օրոք «Կրեդիտ-Երևան բանկը» 500 հազար դոլարի պարտավորություն է ունեցել ՊՆ-ի հանդեպ։ Բանկը սնանկացավ, պետությունն էլ ստացավ իր փողը։

Ինչպե՞ս։ Ահա, ինչ է ներկայացնում դատախազությունը։ ՊՆ-ն «Կրեդիտ-Երևան բանկից» պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ստացել է 441,01 քմ մակերեսով շինություն և նույն գույքը, որը գտնվում է Մոլդովական փողոցում, մեկ ամիս անց՝ ընդամենը 90 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է «Անելիք բանկին»: Դատախազությունն էլ հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշով վարույթ է հարուցել ու քննում։
 
«Պայմանագրով նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում, ավել գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊ ընկերությանը: Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս 12 օր անց՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, Նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին», - հաղորդում է դատախազությունը։

Պարզվել է նաև, որ Մոլդովական փողոցի գույքը նախկինում եղել է «Տիգրան Մեծի անվան զբոսայգու» տարածքի մասը, հանդիսացել է օտարման ոչ ենթակա տարածք, սակայն օտարվել է 2 մլն 375 հազար 100 դրամով «Անելիք բանկին»։

2007 թվականին էլ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ բանկին վաճառվել է նաև ևս 274, 85 քմ մակերեսով հողամաս, որը հարում էր այդ տարածքին, ինչպես նաև տրամադրվել է 239 քմ մակերեսով հողամաս՝ առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվության:

Նյութին ծանոթանալիս, թվում է, թե նախկինները մի լավ օգտվել են «Կրեդիտ-Երևանի» վերադարձրած գույքից։ 500 հազար դոլարի գույքը տվել են 90 հազարով ու մեջը ինչ-որ անազնիվ փողեր աշխատել։ Բայց սա ընդամենը տպավորություն է։ Այս կարծիքին եկանք «Անելիք» բանկի նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ զրույցից։

Վերջինս նշեց, որ առանցքային հարցն այստեղ սնանկացած և լուծարված «Կրեդիտ-Երևան» բանկի ակտիվներն են։ Նա նկատել է, որ հաղորդագրության մեջ նշված չէ, թե ինչ ակտիվներ են մասնակցել այս 500 հազար դոլարի վերադարձին, այլ խոսվում է միայն Մոլդովականի վրա գտնվող շինության մասին, որտեղ նախկինում «Կրեդիտ-Երևանի» մասնաճյուղերից մեկն էր։

Ահա «Անելիք Բանկի» նախկին տնօրենի պարզաբանումը։ Ըստ նրա.

«ՊՆ-ն «Կրեդիտ-Երևան» բանկին վստահել էր 500 հազար դոլար, որի դիմաց «Կրեդիտ Երևան» բանկը ՊՆ-ին բավականին մեծ տոկոսներ է տվել։ Այն ժամանակ տոկոսները բարձր էին՝ 11-13։ 500 հազարի պարագայում դա մեծ գումար էր։ Սկի չլինի, մի զորամաս կպահեին դրանով։ Հետագայում բանկը սնանկացավ, և սկսեցին որոնել բանկի ակտիվները, որ ապահովեն առաջին հերթին ՊՆ գումարները։ Իհարկե, տասնյակ հազար ավանդատուներ կային, բայց ՊՆ-ն առաջնահերթ էր։ Այս գործընթացներում դեռևս «Անելիք» բանկը, և այն, ինչ ասում եմ՝ հիշողությամբ եմ վերականգնում։ Գտան մի քանի ակտիվներ, որոնք վաճառելով կարելի է վերադարձնել այդ 500 հազարը։ Դուք չեք պատկերացնի, թե դա ինչ վատ շենք էր։ Այդ ժամանակ ուզում էինք Նոր Նորքում մասնաշենք ունենանք: Ես խնդրել էի մի քանի ռիելթորների, որ ինձ համար գտնեն տարածք։ Միանգամից ինձ դա առաջարկվեց։ Բայց ես այդ շենքը մի քիչ գիտեի, քանի որ նաև «Բանկերի ասոցիացիայի» նախագահն էի։ Գիտեի, թե դա ինչ փլատակ է, որ դրա բարձրությունը եղել է 2,50, ու դեռ մի քիչ էլ վերանորոգումից հետո իջել էր։ 2 ցածր առաստաղներով հարկեր էին՝ մոտ 2․30», - հիշում է Սամվել Ճզմաչյանը։

Առաջարկելով Մոլդովականի տարածքը, նրան ասել էին, որ եթե ինքը գնի, ապա օգնած կլինի ՊՆ-ին։ «Այս ակտիվը իրենք գնահատել էին մոտ 88 հազար, բայց մենք որ գնացինք, մեր մասնագետներով ուսումնասիրեցինք, տեսանք, որ իրական գինը մոտ 50 հազար դոլար էր։ Այնուամենայնիվ, որոշեցինք վերցնել այդ շենքը, և նույնիսկ մի 2 հազար էլ ավելի վճարեցինք, որ օգնենք բանակին։ Այն ժամանակ դա շատ կարևոր էր համարվում։ Չեմ հիշում, ստացանք շնորհակալագիր, թե ոչ, դրա համար։ Շենքի մի անկյունն էլ փլված էր։ Բառիս բուն իմաստով, զիբիլ էր այդ շենքը։ Սկզբում որոշեցինք քանդել, նորը կառուցել, բայց հետո հրաժարվեցինք այդ մտքից։ Ընդհանուր ծախսը վերանորոգման կազմեց մոտ 360 հազար դոլար»,- պատմում է «Բանկերի ասոցիացիայի» նախկին նախագահը։

90 հազար դոլարը պետության պարտքից փաստորեն, վերադարձրել է «Անելիք բանկը»։ Ո՞րն է իր կարծիքով կրիմինալը, այսինքն, ո՞րն է պաշտոնական լիազորությունների չարաշահումը, եթե խոսքը սնանկ ձեռնարկության մասին է, որից պետությունը ինչ կարողացել է, հետ է ստացել։ Մեր հարցին պատասխանելով, Սամվել Ճզմաչյանն ասաց, որ իրականում չի տեսնում որևէ «կրիմինալ»։ «Դատախազությունը պետք է այդպիսի հաղորդագրություն չտարածեր, մինչև որ ամեն ինչ չճշտեր, որովհետև 500 հազար դոլարի մեջ մի քանի ակտիվներ էին տեղավորվում, ոչ թե միայն այս մի շենքը»։

Հավանաբար, դատախազությանը պետք էր տպավորություն ստեղծել, որ փոխանակ 500 հազարով վաճառեն տարածքը, վաճառել են 90 հազարով, «Անելիքին» էլ ասել են՝ նայեք, սա 500 հազարանոց գույք է, բայց ձեզ 90 ենք ասում, մի քիչ էլ մեզ «ատկատ» արեք, վերցրեք: Իսկ հեռավոր գյուղում նստած գյուղացին էլ կլսի ու կասի՝ տեսեք, ոնց են մեր փողերը կերել։

Սամվել Ճզմաչյանին հարցրեցինք նաև Տիգրան Մեծ այգու տարածքները գնելու մասին։ Նա հայտնեց, որ բանկային դպրոց կառուցելու համար իրեն տարածք էր պետք, որը բանկը գնել է միանգամայն օրինական, «սպիտակ» հաշվապահությամբ։ «Այդ հողը թեքության վրա էր, միլիոններ պետք է ծախսեինք, որ շենք սարքեինք։ Եւ մենք չկառուցեցինք», - ասում է Սամվել Ճզմաչյանը։