Արդյո՞ք Հայաստանը և նրա բանակը կմիջամտեն, եթե Ադրբեջանը դիմի ուժի

Արդյո՞ք Հայաստանը և նրա բանակը կմիջամտեն, եթե Ադրբեջանը դիմի ուժի

Փաշինյանի իշխանության փաստաբան Դանիել Իոաննիսյանը անդրադառնալով հունիսի 16-ի Արցախի ԱԳՆ հայտարարությանը ասում է.« Ինչ խոսք, շատ հեշտ է ասել «Ադրբեջանը վատն է, իր հետ չենք բանակցի»: Բա հետո՞: Ակնհայտ է, չէ՞, որ եթե Ստեփանակերտը հրաժարվում է Բաքվի հետ խոսելուց, դա լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ուժային քայլերի դիմելը»: Փաշինյանի իշխանության ուզածն այն է, որ արցախցիները համաձայնվեն Ալիևի «երկխոսելու» պահանջին. հրաժարվեն իրենց ազգային ինքնությունից, հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, Փաշինյանին ազատելով այդ գլխացավից, իսկ իշխանական կերակրատաշտից սնվողներին թույլ տան հանգիստ և անդարդ մարսել իրենց ստամոքս գնացող սնունդը:

«Հասկանալի է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը բացահայտ դեմ են Մոսկվայում (իրենք դա չեն էլ թաքցնում): Բայց արդյո՞ք ռուսական խաղաղապահ ուժերը կմիջամտեն, եթե Ադրբեջանը դիմի ուժի». հարցնում է Դանիել Իոաննիսյանը: Իսկ ինչու Իոաննիսյանը կամ որևէ մեկը Փաշինյանին չի հարցնում, թե արդյո՞ք Հայաստանը կմիջամտի, եթե Ադրբեջանը որոշի ցեղասպանություն իրականացնել Արցախում, արդյո՞ք Փաշինյանը հրաման կտա Հայաստանի զինված ուժերին անցնել 1975 թվականի ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից գծված հայ-ադրբեջանական սահմանը, և իր ուժերի կարեցածի չափով աջակցել արցախահայերին, թե՞ Փաշինյանը կդիմի Պուտինին, Մակրոնին և Բայդենին, որ նրանք կանխեն ցեղասպանությունը, իսկ ինքը և իր փաստաբանները կհայտարարեն, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այդ երկրի տարածքում տեղի ունեցողը այդ երկրի ներքին գործն է, ինչին իրենք չեն կարող միջամտել:

Փաշինյանի ելույթը ԱԺ հանձնաժողովի նիստում և նրա շրջապատի հայտարարությունները ուղղված են մի բանի. արցախցիները թող որևէ ակնկալիք չունենան Հայաստանից, և Հայաստանի իշխանություններից: Փաշինյանն իր ելույթում ասում է, որ պատերազմի ժամանակ դիմել է Ռուսաստանի նախագահին, որ Ռուսաստանը դրոշներ դնի Հայաստանի սահմաններին և ռուսական զորք կանգնեցնի, որ Ադրբեջանը չանցնի Հայաստանի սահմանը: Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի 2020 թվականի իրադարձությունների հետ, նա հիմա խոսում է դրա մասին, հասկացնելու համար, որ եթե Հայաստանը ի վիճակի չի ապահովել իր անվտանգությունը, ի վիճակի չի պաշտպանել իր սահմանները՝ ինչպես պաշտպանի Արցախը:

Զարգացնելով այս թեման, և ներկայացնելով իր վստահորդի շահերը Իոաննիսյանը գրում է. «Հասկանալի է, Հայաստանը պետք է մաքսիմալ աջակցի, որ Արցախի հայերի իրավունքները պաշտպանվեն։ Բայց ո՞րն է դա անելու Ստեփանակերտի պատկերացումը։ Բացի անիրատեսական ու գիտաֆանտաստիկ մոտեցումներից, ի՞նչ լուծում են տեսնում պաշտոնական Ստեփանակերտում»:

Անիրատեսականը և գիտաֆանտաստիկը հենց Հայաստանի կողմից ռազմական միջամտության ակնկալիք է: Իսկ գուցե Իոաննիսյանը բացատրի, թե ինչ է հասկանում մաքսիմում աջակցել ասելով, մի քանի երկրի նամակ գրելն ու հեռախոսով սրա նրա հետ խոսելն է համարվում մաքսիմում աջակցություն:

1988-ին. երբ Ստեփանակերտում սկսվեցին վերամիավորման պահանջով ցույցեր, դրան զուգահեռ հանրահավաքներ տեղի ունեցան Հայաստանում: Հայ ժողովուրդը, Հայոց համազգային շարժումը որպես ազգային շարժման առաջնորդող ուժ հայտարարեցին, Հայաստանը միայնակ չի թողնի արցախցիներին: Հայաստանը և հայությունը մոբիլիզացրեցին իրենց մարդկային, ֆինանսական և ռազմական ռեսուրսները պաշտպանելու արցախահայությանը, ինչը պսակվեց հաջողությամբ և հաղթանակով: 35 տարի անց, Իոաննիսյանն ու Փաշինյանը արցախցիներին ասում են, որ իզուր եք ապստամբել ադրբեջանական բռնակալության դեմ, և իզուր եք հույս դրել Հայաստանի աջակցության վրա, Հայաստանում հիմա մի իշխանություն է, որը բացի իշխանության ու նրա փաստաբանների անվտանգությունից, ուրիշ ոչնչով հետաքրքրված չէ: Գնացեք և նորից ընդունեք ադրբեջանական հպատակությունը, կամ ինչ ուզում եք արեք, բայց մեզ մի անհանգստացրեք:

Իրականում Փաշինյանը հասկանում է, որ այդքան հեշտ չէ ազատվել արցախահայության ճակատագրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից: Իրեն չի հաջողվելու ասել, որ երկու ելք ունեք. կամ թող ռուսները ձեզ պաշտպանեն, բայց այդ պաշտպանությունն էլ հուսալի չէ, կամ պետք է համակերպվեք ադրբեջանական հպատակությունը ընդունելու գաղափարին, ու համարել որ դրանով ձեռքերը լվացել են Արցախից: Ադրբեջանը հիմա գործում է անառիկ ամրոցները գրավելու դարերով փորձված տարբերակով. նախ սովամահության հասցնել ամրոցի բնակիչներին, հետո գրոհել ամրոցը, այն հուսով, որ կամ ամրոցում դավաճաններ կլինեն, որ կբացեն ամրոցի դարպասները, կամ իրենց կհաջողվի կոտորել ու ոչնչացնել ամրոցի բոլոր պաշտպաններին:

Երբ Ադրբեջանը հարձակում սկսի Արցախի նկատմամբ, հույս կա, որ հայ հասարակությունը կարող է իսկապես դուրս գալ ներկա անտարբերության և համակերպվածության վիճակից, և կրկին գիտակցի իր պատասխանատվությունը Արցախի ու արցախցիների ճակատագրի նկատմամբ: Որովհետև եթե Ադրբեջանին հաջողվի հերթական ցեղասպանությունը իրագործել, իսկ հայ հասարակությունը ենթարկվի փաշինյանական՝ «մենք ինչ կարող ենք անել, Ադրբեջանը ավելի ուժեղ է» տրամաբանությանը, ապա ցեղասպանության պատասխանատվությունը չի լինելու միայն Փաշինյանինը և նրա շրջապատինը, դրա պատասխանատուն լինելու է ամբողջ հայ ժողովուրդը, անկախ իր բնակության վայրից և զբաղեցրած դիրքից: 

Ավետիս Բաբաջանյան