Դեմոկրատիա ասելով Հայաստանում մարդիկ լրիվ այլ բան են հասկանում
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան լուրից հետո համացանցում տարատեսակ գրառումներ ու մեկնաբանություններ արվեցին պատգամավորի մահվան առիթով: Ֆեյսբուքահայությունը երկու մասի է բաժանվել` սգավորների և չարակամների: Սգավորները ողբում են պատգամավորի մահվան համար, չարակամներն էլ` հրճվում, անեծքի խոսքեր գրում, ուրախանում և զվարճանում:
Ինչո՞ւ է հասարակությունն այս աստիճան չարացել, ինչո՞ւ են մարդիկ այսքան շատ ատելության խոսք տարածում:
Այս մասին մենք զրուցել ենք հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ:
- Պարոն Մեհրաբյան, ինչո՞ւ է հասարակությունը մահացածի հասցեին անեծքներ գրում` ըստ էության ատելության խոսք տարածում: Ինչի՞ հետևանք է սա, ե՞րբ մեզանում ատելության խոսքը դարձավ այս աստիճան տեսանելի:
- Դա մարդկանց բնույթից է գալիս: Հստակ չենք կարող ասել, թե ինչու են անիծում և ատելության խոսք տարածում, սակայն մի բան հստակ է, որ նման մարդիկ խնդիրներ ունեն: Էական չէ, թե տվյալ մարդիկ ինչ քաղաքական հայացքներ ու գաղափարներ են կրում: Անիծող մարդն անիծում է: Անիծող տեսակը ստորաքարշ, «աբիժնիկ», ցածր ինքնագիտակցությամբ և իրավագիտակցությամբ տեսակ է, առավել ևս, երբ մեռած մարդուն են անիծում կամ հայհոյում, դա պարզապես խայտառակություն է: Ցանկացած մարդու վարքային դրսևորում կախված է տվյալ անձի մտածողության ձևից: Նայած, թե ինչպես է նա մտածում:
- Ինչո՞ւ 2018-ից առաջ ատելության խոսքն այս աստիճան տարածված չէր:
- Որովհետև խոսքի ազատություն տրվեց 2018-ին:
- Իսկ 2018-ից առաջ ո՞վ էր մարդկանց արգելում համացանցային տիրույթում անիծել ու հայհոյել:
- Առաջ էլ շատերը չար են եղել, պարզապես պահը հիմա է հասունացել: 2018 թվականի հեղափոխությունը կարող ենք անվանել նաև սոցցանցային հեղափոխություն, այսինքն` սոցիալական ցանցերը մեծ ազդեցություն են ունեցել հեղափոխության վրա, ինչի արդյունքում այդ հարթակում արտահայտվելը դարձել է առավել տարածված երևույթ: Ատելության խոսքը միայն հեղափոխության հետ չէ կապված: Դա կապված է ընհանուր մասսայականացման հետ: Ի վերջո` համացանցում հայհոյելը շատ հեշտ միջոց է: Հայհոյում են, ոչ ոք ոչ պատժում է, ոչ էլ ինչ-որ նման բան: Հայհոյում են ու վերջ, անցավ գնաց: Որևէ մեկը հայհոյելու համար պատասխանատվության չի ենթարկվում: Դեմոկրատիա ասելով Հայաստանում մարդիկ լրիվ այլ բան են հասկանում: Ազատություններ հարգելը պետք է ի օգուտ հասարակության լինի:
- Ինչպե՞ս է ստացվում, որ եվրոպական մի շարք երկրներում դեմոկրատիան ճիշտ են ընկալում, իսկ Հայաստանում` սխալ:
- Դա գալիս է հասարակության իրավագիտակցությունից: Մարդիկ խոսքի ազատության արժեքը գիտեն, հասկանում են, թե ինչ բան է դա: Ազատությունը մարդուն վիրավորելը չէ, ընդհանրապես բացասական, թշնամական, վիրավորական հայտարարությունները կարող են լինել նաև պահի ազդեցության, աֆեկտի տակ, սակայն, երբ մարդն անընդհատ մաղձ է թափում, դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում այդ մաղձը կուտակվել է, կուտակվել է ոչ ճիշտ, ցածր ինքնագիտակցություն ունենալու արդյունքում: Ի դեպ, պարտադիր հանգամանք չէ, որ մարդը կրթություն ունենա, կարող է նույնիսկ այդ անեծք ու հայհոյանք գրողներից շատերը գերազանց ինչ-որ բուհ են ավարտել, սակայն տգետ են, չեն հասկանում ինչ են խոսում: Կյանքի արժեքների գնահատման, այս պարագայում այդ արժեքներից զուրկ լինելու մասին է խոսքը: Ասեմ նաև, որ չարությունն ու ագրեսիան դուրս նետող մարդիկ այնպես չէ, որ իրենց լավ են զգում, բնավ: Մահացած մարդուն, երբ անիծում են, նրա մոտ ոչինչ չի փոխվում, որովհետև կյանքն ավարտված է, սակայն անիծողի մոտ շատ բաներ են փոխվում` վատ առումով: Բացասական հույզեր արտահայտողները չեն կարող իրենց լավ զգալ: Նրանք ավելի են վատանում դրանից: Գուցե տպավորություն են ստեղծում, թե իրենց լավ են զգում, սակայն ճիշտ հակառակն է:
- Այսինքն` անիծող մարդիկ իրենց վա՞տ են զգում:
- Իհարկե վատ են զգում:
- Ինչպե՞ս փոխել այս տգեղ իրականությունը:
- Գլոբալ առումով այն հնարավոր է փոխել, բայց շատ բարդ է: Դրա համար պետք է նախ որոշ գաղափարախոսություններ փոխվեն:
Կարծիքներ