Սա ընդամենը համարժեք պատասխան է քեզ

Սա ընդամենը համարժեք պատասխան է քեզ

Վարչապետի ուղերձի արձագանքները չեն դադարում։ Բայց դրանք միշտ չէ, որ առողջ են ու տեղին։ Եթե ամփոփենք՝ անդրադառնալով պաշտոնանկություններին եւ ֆեյսբուքյան արձագանքներին, ապա մի քանի դիտարկում կարելի է անել։

Նախ, իրավացի էր ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, որն իր զարմանքն էր հայտնել, թե ինչ իմաստ ուներ այդ ուղերձն ուղիղ եթերի ֆորմատով հեռարձակելը։ Ի վերջո, ուղիղ եթերն իր կանոններն ունի։ Եվ այն կիրառվում է, երբ անսպասելի ու ֆորսմաժորային իրավիճակ է կամ ինչ-որ քննարկում է, որը պետք է հրատապ եթեր հեռարձակվի։ Այդ ուղերձի մեջ չկար ոչինչ, որը հնարավոր չէր նախապես նկարահանել, մոնտաժել, նոր եթեր հեռարձակել։ Նախապես նկարահանելու դեպքում կբացառվեր ուղիղ սիգնալ տալը, REC անելն ու REC-ը չհասկանալու պատճառով այս ողջ «բոլոլան»։ Արդյունքում զվարճալի տեսահոլովակը գուցեեւ լիներ, բայց կկառուցվեր պաշտոնապես եթեր հեռարձակված կադրերի վրա, եւ անմեղ գլուխներ չէին թռչի, կամ մեկի մեղքը մյուսի վրա չէին բարդի, իսկ «Հայկական ժամանակն» էլ իր աղբյուրներին հղում անելով՝ Գեղամ Մանուկյանին ու Հարություն Հարությունյանին անապացույց չէր սեւացնի՝ նրանց վերագրելով այդ արտահոսքը (գոնե, էթիկայի նորմերից ելնելով, քոմենթ վերցնեին այդ անձանցից եւ նրանց հերքումները տեղադրեին իրենց հրապարակման մեջ)։

Ինչեւէ, այլեւս անիմաստ է բացատրել, թե ինչ է REC-ը, կամ հեռարձակման ժամանակ ով ինչ պարտականություն ունի, եւ որտեղ է ավարտվում վարչապետի խոսնակի ու սկսվում Հ1-ի աշխատակազմի մեղքի բաժինը։ Վարչապետը գտել է, որ մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է, ընդ որում՝ չգիտես ինչու, Մարգարիտա Գրիգորյանը, Վարդան Հակոբյանն ու Պետրոս Ղազարյանը եւ վերջ։ Թեեւ շատերը համարում են, որ նրանցից ոմանք վաղուց պետք է ազատված լինեին աշխատանքից, եւ սա ընդամենը առիթ էր՝ հարմար պատրվակ, եւ ուրախ են կատարված փոփոխությունների համար։

Հիմա վերադառնանք տեսահոլովակին եւ դրա առաջացրած աղմուկին։ Անշուշտ, ոչ մի աշխարհացունց կադր չկար դրանում, եւ այն մարդիկ, ովքեր ասում են՝ «խայտառակություն էր», «չի կարելի պետության ղեկավարին վարկաբեկել», «պետական անվտանգության խնդիր է» եւ այլն, իրավացի չեն, եւ արձագանքն էլ խիստ չափազանցված է։ Մարդ է՝ հազում է, ջուր է խմում, գլուխն է քորում, աչքերն է ոլորում անհայտ մարդկանց վրա, ինչ-որ հաբ է ընդունում՝ հավանաբար, կոկորդի համար, ապա եթեր է մտնում։ Ոչ մի արտառոց բան, բացի մի պահից, երբ ասում է՝ փողոցը փակեք, որ մագնիտաֆոնը զլած չանցնեն-խանգարեն։

Սա այն վարչապետն է, ով ամիսներ առաջ սուպերվարչապետությունից հրաժարվելու մասին հարցին պատասխանում էր, թե սուպերվարչապետություն չկա, քանի որ ինքն ու իրեն ուղեկցող մեքենաները կանգնում են կարմիր լույսի տակ։ Հիմա նա «ձեռի հետ» փողոց է փակել տալիս՝ ընդամենը ենթադրյալ աղմուկի դեմն առնելու համար։ Բա ո՞ւր մնացին օրինապաշտությունը, երթեւեկության կանոնները չխախտելը, համեստ քաղաքացու կյանքով ապրելը։ Հիմա ինքը «ցար ի բոգ» է․ երբ ուզում է՝ փողոց է փակում, ում ուզում է՝ հեռացնում է, ում ուզում է՝ հայհոյում է, եւ ոչ ոք իրավունք չունի առարկելու նրան։ Բայց հենց այս պահվածքն էլ նման արտահոսքերի, նման տեսահոլովակների, ծաղրի ու հակադարձելու մթնոլորտ է ստեղծել։

Մարդիկ այլ եղանակ չունեն իրենց վերաբերմունքը դրսեւորելու, քան այս ձեւով վրեժ լուծելը։ Երբ դու մարդկանց հանիրավի մեղադրում ես, քո կամքով մարդկանց են բանտարկում եւ մեղադրանքներ առաջադրում, երբ առանց որեւէ պատճառի կարող են գործից ազատել մեկին, մյուսին հրապարակային վիրավորել ու նվաստացնել, երբ հիստերիկ արտահայտություններ ես անում եւ անընդունելի բառապաշար օգտագործում, պետք է պատրաստ լինես, որ նման միջադեպերը շարունակ ուղեկցելու են քեզ։

Մի օր մեկը քեզ կձայնագրի ու սլիվ կանի, մյուս օրը քո անօրինական կարգադրությունը կհայտնվի մամուլում, երրորդ օրը հարազատներիդ բիզնեսներն ու արտոնությունները ջրի երես դուրս կգան, չորրորդ օրը կոլաժներ կանեն քո նկարով ու հին մեղքերդ ջրի երես կհանեն, եւ այսպես շարունակ։ Ո՞վ չունի «կմախքներ» հին պահարաններում եւ, իհարկե՝ թերություններ։ Եթե դու խելացի ու գրագետ ղեկավար լինեիր, մարդկանց նկատմամբ հարգալից ու կիրթ պահեիր քեզ, դրանց մեծ մասը չէր լինի։ Սա ընդամենը պատասխան է քո վարքուբարքին, քո պահվածքին ու գործելաոճին։