Հայաստանի չվող բարձրաստիճան թռչունները
ՄԱՍ 1
Մայիսի 14-ը չվող թռչունների համաշխարհային օրն է: Երեւանի շրջակայքի շուրջ 34 տեսակ թռչուններ ուշ աշնանը, եղանակային բնակլիմայական փոփոխություններով պայմանավորված, չվում են տաք երկրներ՝ կեր, տաք վայրեր գտնելու եւ արդեն գարնանը վերադառնալու: Ըստ թռչնաբանների՝ չուն ժառանգաբար փոխանցվող երեւույթ է թռչունների մոտ:
Հայաստանից չվում են ոչ միայն 34 տեսակի թռչունները, այլ նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: Հայաստանի պաշտոնական եւ քաղաքական նոմենկլատուրայի բազում թռչուններ չվում են թե՛ քաղաքական եղանակային փոփոխությունների, թե՛ արտերկրում սեփական բիզնեսը հիմնելու, թե՛ ոլորտը փառահեղ ձախողելու, թե՛ կոռուպցիայի, թե՛ պատասխանատվության չենթարկվելու պատճառներով: ՀՀ չվող պաշտոնյաների մեծ մասը Հայաստանից հեռանում է անվերադարձ, երբեմն անէանում՝ անգամ բարձր տեխնոլոգիաների եւ հաղորդակցությունների մեր դարում, մյուս մասը չվում է երկքաղաքացիությամբ ընձեռած վայելքին տրվելով՝ կյանքը զուգահեռ ապրելով Հայաստանում եւ արտերկրում:
Եվ ինչպես թռչունների, այնպես էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների չուն նույնպես ժառանգաբար փոխանցվող երեւույթ է՝ հին Հայաստանից այն փոխանցվել է նոր Հայաստանին, նախահեղափոխական իշխանություններից՝ հեղափոխական իշխանություններին:
Նոր Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որ սարսափահար չվեց կորոնավիրուսի համավարակի հենց սկզբում, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ, երկքաղաքացի Տաթեւիկ Ռեւազյանն էր, որը Հայաստանը լքեց «ընտանիքի հետ լինելու» պատճառաբանությամբ եւ վերադառնալու խոստմամբ:
Կոպենհագեն նրա հապշտապ մեկնումից կարճ ժամանակ անց Հայաստանի ավիացիոն երկնքում պայթեց Միջազգային ավիացիոն կազմակերպության՝ հայաստանյան երկու ավիաընկերությունների՝ եվրոպական թռիչքների արտոնագրից զրկելու կայծակն ու Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ ավիացիոն անվտանգության խախտումների արձանագրման ամպրոպը: Ըստ այդմ պարզ դարձավ, որ Ռեւազյանը Հայաստանից հեռանալու մի քանի պատճառ ուներ՝ ՀՀ քաղավիացիայի գլխին կուտակվող մռայլ ամպերը, համավարակը, ավիաթռիչքների կանգն ու մուտքի սահմանափակումները եւ, իհարկե, ապագա երեխային Դանիայում, ո՛չ Հայաստանում լույս աշխարհ բերելու ցանկությունը:
Տաթեւիկ Ռեւազյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների չվացուցակի ցանկում առայժմ վերջինն է: Ռեւազյանի ձախավեր գործունեության եւ Նոր Հայաստանից չվելու աղմուկը դեռ թեժ է, այդ իսկ պատճառով նրա հեռանալը հանրային քննարկումների պատճառ դարձավ, սակայն նրանից առաջ ՀՀ բազմաթիվ չվող բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստանում այսօր քչեն են հիշում:
Առաջին պաշտոնյան, որ լքեց Հայաստանը պաշտոնանկումից անմիջապես հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին ժամկետի սկզբում, 1992-93թթ. ՀՀ պետական նախարար Գրիգոր Արեշյանն էր, որի անվան հետ կապված կոռուպցիոն կասկածներն այդպես էլ չբացահայտվեցին կամ չհանրայնացվեցին: Գրիգոր Արեշյանն 90-ականների հետհեղափոխական Հայաստանում հայտնվեց անհայտ ասուպի պես եւ ասուպի պես էլ անհետացավ: Պաշտոնանկումից կարճ ժամանակ անց նա հայտնվեց Ուկրաինայում՝ ձեռք բերելով քաղաքացիություն: Արեշյանին Հայաստանում շուտով մոռացան, թեպետ նա առաջին բարձրաստիճան թռչունն էր, որ չվեց Հայաստանից պաշտոնանկումից անմիջապես հետո:
Նորանկախ Հայաստանի հաջորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ Հայաստանը լքեց պաշտոնանկումից անմիջապես հետո, արտաքին տնտեսական կապերի նախարար Եսայի Ստեփանյանն էր, որը պաշտոնավարել է 1991-1993-ին: Նրա անվան հետ են կապվում ֆինանսական լուրջ խախտումների կասկածները, ավելի որոշակի՝ Հայաստանին ցուցաբերված 1 մլն ԱՄՆ դոլար արտերկրյա օգնության շորթումը: Եսայի Ստեփանյանը չվել է Բուլղարիա: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Բուլղարիայում հաստատվել է այդ երկրի՝ ԽՍՀՄ տարիների ունեցվածքն օրինական տերերին վերադարձնելու օրենքի համաձայն՝ հորից մնացած ունեցվածքը տնօրինելու նպատակով: Ըստ այլ աղբյուրների՝ Եսայի Ստեփանյանը ցայսօր հետախուզման մեջ է:
Գրիգոր Արեշյանն ու Եսայի Ստեփանյանն առաջին քարերն էին, որոնց գայթեց նորանկախ Հայաստանի կադրային քաղաքականությունը: Նրանք երկուսն էլ հայաստանյան ձախավեր կադրային քաղաքականության հուշարձաններն են:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակահատվածի բարձրաստիճան պաշտոնյաներից Հայաստանից անհետ հեռացել են ՀՀ պետնախարարներ Ռուբեն Չիֆթալարյանը, Սեպուհ Թաշչյանը, Գագիկ Շահբազյանը, Գառնիկ Նանագուլյանը, կապի նախարար Գրիգորի Պողպատյանը, նախագահի գլխ. խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մանուշակ Պետրոսյանը, նրա ամուսինը՝ կրթության եւ գիտության նախկին նախարար Արտաշես Պետրոսյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը:
Ռուբեն Չիֆթալարյանը, որ 1991-1992թթ. ՀՀ պետնախարար էր, 1992-1994թթ.՝ առաջին փոխվարչապետ, պաշտոնանկումից անմիջապես հետո մեկնել է Ուկրաինա՝ հիմնադրելով Ուկրաինայի Standart NV ներդրումային բանկային ընկերությունը եւ այն ղեկավարելով մինչեւ 2011 թվականը: Ռուբեն Չիֆթալարյանը եւս Ուկրաինայի քաղաքացիություն է ընդունել:
Գառնիկ Նանագուլյանը՝ 1992-1996թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ դեսպանորդը, 1996թ. Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, 1996-1997թթ. ՀՀ առեւտրի, սպասարկման եւ զբոսաշրջության, 1997-1998թթ. առեւտրի եւ արդյունաբերության նախարարը, այժմ բնակվում է ԱՄՆ-ում. նա Հայ օգնության ֆոնդի՝ Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրենն է:
Նրա անվան հետ են կապվում 1996-98թթ. մի շարք կասկածահարույց սեփականաշնորհումների փաստեր՝ ԱրմենՏելի, «Արմենիա» հյուրանոցի, Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերի: Ժամանակին դրանց անդրադարձավ «Առավոտ» օրաթերթը, ըստ որի՝ «Արմենիան» վաճառվեց 8 մլն դոլարով, բայց հյուրանոցի հաշվեհամարից անհայտ պայմաններում կորավ «Արդշինբանկում» պահ տված 400 հազար դոլարը: Նանագուլյանը հյուրանոցի սեփականաշնորհումն իրականացրել էր՝ խոչընդոտներ ստեղծելով ավելի մեծ ներդրումային գումարներ խոստացող գործարար Վաչե Մանուկյանի առջեւ (30 մլն դոլար), որը պարզապես դուրս էր մղվել աճուրդից: Սակայն «Արմենիայի» սեփականաշնորհման պատմության մեջ առավել զավեշտալին այն է, որ գնորդին («East-Western Financial Services Ltd») եւ վաճառողին (կառավարությանը) ներկայացնում է նույն իրավաբանը՝ Թոմ Սամվելյանը: «Արմենիայի» սեփականաշնորհման պատմությամբ զբաղվեց նույնիսկ ՀՀ նախագահին առընթեր համապատասխան հանձնաժողովը: Քննության առարկա էին դարձել ոչ այնքան շորթված, որքան բյուջե չմտած գումարները։
2019թ. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Գառնիկ Նանագուլյանի գլխավորած ՀՕՖ-ի պատվիրակությանը՝ քննարկելու ՀՕՖ-ի ծրագրերը մյուս տարածաշրջաններում եւս ներդնելու հարցերը:
Հաջորդ պաշտոնյան, որ չվել է Հայաստանից, ԱՄՆ քաղաքացի Սեպուհ Թաշչյանն է, որը 1992-1993թթ. էներգետիկայի եւ վառելիքի նախարարն է եղել, իսկ 1993-1995թթ. պետնախարարի պաշտոնում դարձյալ համակարգում էր էներգետիկայի ոլորտը: Նրա անունը կապվում է ոլորտում չարաշահումների վերաբերյալ դատական գործերի հետ: Նա ներգրավվել է երկու քրեական գործերում որպես վկա: Ըստ «Արմինֆո»-ի եւ panarmenian.net կաքի՝ Թաշչյանը, չարաշահելով ծառայողական դիրքը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ստորագրել է պայմանագիր, ըստ որի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի համար բանկը տրամադրել է 54,7 մլն դոլարի չափով վարկ, թեպետ միջոցներն օգտագործվել են այնքան անարդյունավետ, որ ՎԶԵԲ-ը ստիպված է եղել դադարեցնել ֆինանսավորումը, եւ էներգաբլոկի շինարարությունը մնացել է անավարտ: Ժամանակին էներգետիկայի ոլորտում իրավախախտումների փաստերը քննարկող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը պետությանը տված վնասը գնահատել է 200 մլն դոլար:
Նորանկախ Հայաստանի ֆինանսական չարաշահումների, կոռուպցիայի շղթային նորանոր օղակներ էին ավելանում, եւ որքան աճում էր այդ շղթան, այնքան շարունակվում-երկարում էր ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաների չուն:
1993թ. ՀՀ ԳԽ պատգամավոր, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խորհրդարան ներկայացրեց ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին օրինագիծը, համաձայն որի՝ արգելք էր դրվում այդ պաշտոնյաների՝ պաշտոնաթողությունից հետո հինգ տարի երկրից բացակայելու իրավունքի վրա: Այդ կարեւոր օրինագիծը, սակայն, Գերագույն խորհրդում չընդունվեց:
ՀՀ նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտոնանկությունից հետո, անպատիժ շարունակում էին չվել Հայաստանից:
Կարծիքներ