Ավինյանը ռիսկի է դիմում

Ավինյանը ռիսկի է դիմում

Տիգրան Ավինյանին, հավանաբար, լուրջ փողեր են պետք՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում իր անձնական քարոզարշավը կազմակերպելու համար, եւ որոշել է այդ փողը «պոկել» հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանից եւ 168.am կայքից: Միանգամից ասեմ՝ չի հաջողվելու:

Նախ՝ կրիայի պես շարժվող ՀՀ դատարանի արագությունը չի հերիքի մինչեւ ընտրություններ 18 միլիոն պոկելու համար, եւ ապա՝ հիմա ո՞վ է կատարում դատարանների պահանջը, որ մեր գործընկերներ Դավիթն ու 168.am-ը կատարեն: Էն արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ո՞ւր է, թող գնա Արման Բաբաջանյանի ականջից բռնի, բերի Հայաստան եւ պարտադրի ներողություն խնդրել ՀՅԴ-ի հասցեին իր դուրս տված հիմարությունների համար: Արման Բաբաջանյանն այդ հիմարությունները դուրս է տվել Կարեն Անդրեասյանի՝ նախարար եղած ժամանակ, եւ հենց Կարեն Անդրեասյանն է մեղավոր «օրենքի երկիր Հայաստանում» այս բեսպրեդելի առկայության համար:

Իսկ ի՞նչ է ասում լրագրողների եւ մամուլի միջոցների դեմ հարուցված դատական գործերի պատմությունը: Նույն Արման Բաբաջանյանը, լինելով 1in.am-ի խմբագիր, որպես պատասխանող, անցել է անթիվ-անհամար դատավարությունների միջով եւ, որպես կանոն, պարտվել: Չեմ հիշում որեւէ հայց, որ չի բավարարվել դատարանի կողմից, եւ չեմ հիշում մի դեպք, որ Արման Բաբաջանյանը կատարած լինի դատարանի վճիռը՝ փոխհատուցած լինի հայցվորին կամ ներողություն խնդրած՝ նրա պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու համար: Եվ, ուրեմն, եթե մի բան կարելի է Արման Բաբաջանյանին ու նրա 1in.am կայքին, ապա ինչո՞ւ չի կարելի Դավիթ Սարգսյանին եւ 168.am-ին:
Սակայն Դավիթն ու 168.am-ը չեն փորձելու գնալ Արման Բաբաջանյանի ճանապարհով: Նրանք գնալու են դատարանում հաղթելու ճանապարհով եւ հաղթելու են: Մեր՝ լրագրողներիս կյանքում շատ դեպքեր են եղել, երբ դատավորներն արդարացրել են մեզ, իսկ հայցվորին, սովորաբար՝ իշխանության ներկայացուցիչ, պարտավորեցրել են վճարել դատական ծախսերը: Դիցուք, «Հրապարակի» անցած «փշոտ» ճանապարհն ասվածի վառ վկայությունն է:

Իսկ լրագրողին ու լրատվամիջոցին արդարացնող վճիռներ, հարգելի Ավինյան Տիգրան, դատարանները կայացնում են այն ժամանակ, երբ ինչ-ինչ հանգամանքներում իշխանության մեջ հայտնված հայցվորը մոռանում է իր մասին մամուլում եղած հրապարակումները, որոնք ինքը չի հերքել եւ կամ բանի տեղ չի դրել: Նման դեպքերում դատավորը խիստ տոնով դիմում է հայցվորին՝ քաղաքացի հայցվոր, ենթադրենք՝ քաղաքացի Տիգրան, դու ի՞նչ ես ուզում քաղաքացի պատասխանողից, ենթադրենք՝ քաղաքացի Դավիթից, եթե նա ընդամենը խոսել է քո եւ քո ընտանիքի անդամների հետ փոխկապված հանրահայտ դեպքերի ու «դիպվածների» մասին, որոնք դուք անցյալում չեք հերքել: Եվ, ուրեմն, քաղաքացի Տիգրան, Դավիթը կգնա տուն, իսկ դու կգնաս բանկ՝ դատական ծախսերը փակելու: Եթե չեմ սխալվում՝ Ավինյանի կալիբրի գործչի համար դրանք մի քանի հարյուր դոլար են կազմում՝ ընթացիկ կուրսով:

Այսպես կոչված՝ «Դավիթի գործը», կարծում եմ, լավ առիթ է լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն նաեւ ԴԱՀԿ-ն եւ այն բանկը, որ սպասարկում է Դավիթի աշխատավարձային քարտը: Պիտի նրանց հարցնել՝ այդ ի՞նչ օպերատիվություն է ձեզ համակել, որ դատավորի բերանից դեռ խոսքը չհնչած՝ կալանք եք դրել պատասխանողի գույքի եւ հաշվի վրա: Իսկ ամենակարեւորն այն է, թե ինչ են ասելու ԴԱՀԿ-ն ու բանկը, երբ Դավիթը հաղթի դատարանում: Նրանք ներողություն կխնդրե՞ն մեր գործընկերոջից՝ անհարմարություններ պատճառելու համար:

Բայց հույզերը թողնենք մի կողմ, որովհետեւ շատ ավելի կարեւոր բանի մասին պիտի խոսենք հիմա: Ո՞վ է Ավինյանին դրդել՝ դատի տալ Դավիթ Սարգսյանին եւ 168.am-ին, այն էլ՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ, որտեղ Ավինյանն իշխանության թեկնածուն է: Թեկնածուն, հասկանո՞ւմ եք, չի կարող հաղթել, եթե, ի թիվս այլ «բարեմասնությունների», ունի նաեւ լրագրողներին եւ լրատվամիջոցներին լռեցնելու միտում եւ ցանկություն: Մարդիկ չեն սիրում նմաններին: Առաջին հայացքից՝ Ավինյանն այդ մարդը չէ, հաճույքով է շփվում մամուլի հետ, կարմիր ժապավեններ է կտրում տեսախցիկների առաջ, իրեն քաղաքի տեսած տղու պես է պահում, եւ հանկարծ՝ դատարան: Ում պատմես՝ չի հավատա… Իշխանության թեկնածուն դատի է տվել լրագրողին: Նման բան չի լինում, սովորաբար: Հիշում եմ, երբ Թրամփն ԱՄՆ ընդդիմության թեկնածուն էր, ոչ մի լրատվամիջոցի դատի չտվեց: Անվանեց «ֆեյք» եւ անցավ առաջ: Եվ հաղթեց: 

ՀԳ. ՀՀ հարգելի դատարան եւ մեծարգո դատավոր… Կարծում եմ՝ դուք ինձնից լավ գիտեք, որ եթե մեր երկրում որեւէ կայացած բան կա, ապա դա ազատ մամուլն է, որն այսօր իր աղքատիկ միջոցներով պայքարում է ոչ միայն հաբրգած պաշտոնյաների, այլեւ համացանցային խուժանի դեմ, որի միակ գործը, երբեմն նաեւ այդ պաշտոնյաների հովանավորությամբ, մեր իրականությունը խեղաթյուրելն է, հայհոյանքի ու լպիրշության մթնոլորտ ստեղծելը: Խնդրում եմ սա հաշվի առնեք եւ հիշեք Դավիթի ու նրա նման լրագրողների անունները, որոնց դուք պարտական եք, չեմ չափազանցնում, դեռեւս երկիր ու պետություն ունենալու համար: