Գնում են իբր բանակցությունների, ասում են՝ խփեք, մենք ժողովրդի մեջ սարսափ կտարածենք

Գնում են իբր բանակցությունների, ասում են՝ խփեք, մենք ժողովրդի մեջ սարսափ կտարածենք

«Հրապարակի» զրուցակիցն է «Սեւ հովազ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը։

- Թշնամին Սոթքում հրետակոծում է հայկական դիրքերը, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան։ 

- Բազմիցս ասել եմ, նորից ուզում եմ կրկնել, որ այս մարդիկ հայ ազգի հետ կապ չունեն։ Այդ մասին դեռ կխոսենք փաստերով, թե ինչպես պատահեց, որ հայ ազգի թշնամիները եկան իշխանության։ Նախ՝ կոչս սահմանում գտնվող զինվորներին, կամավորներին․ իրենք լավ գիտակցում են, որ ոչ մի աջակցություն չունեն։ Խրամատներ փորեն, իրենց համար ստեղծեն պայմաններ, որ հակառակորդի հարվածներից կարողանան պաշտպանվել։ Երկրորդը․ այս մարդը բացահայտ ասում է, որ հնարավոր է 2-3 տարի հետո ընդհանրապես պետություն չունենանք։ Էլ ի՞նչ ձեւի ասի, որ ես թշնամի եմ հայ ազգին, իմ ամբողջ գործելակերպը, իմ չարչարանքը նրա համար է, որ Հայաստանը կործանվի։ Որ իրենից հետո պետություն չունենանք․․․ եթե չկա պետություն՝ որպես պետական դավաճան չի դատվելու։

- Այսինքն՝ պետությունը կազմալուծում են, որ պատասխանատվության չենթարկվե՞ն։

- Այո․ ես շատ բաներ գիտեմ առաջնագծից, ուղղակի չեմ ուզում այդ մասին խոսել, դրա համար կոչ արեցի բոլոր կամավորներին, զինվորներին, որ իրենք իրենց համար ստեղծեն պայմաններ, չարչարվեն, վերցնեն բահեր, փորեն իրենց համար խրամատներ, շելեր, որ կարողանան հակառակորդի ծանր տեխնիկայից պաշտպանվել։ Ճիշտ է, ունեմ տվյալներ, որ մերոնք էլ պակաս պատասխան չեն տվել Սոթքում։

- Այսինքն՝ դա զուտ մեր զինվորների անձնական որոշմա՞մբ է եղել։

- Այո՝ ի փառս մեր զինվորի։ Մեր ազգն ի ծնե պատերազմող ազգ է։ Իզուր չէ, որ 40-ական թվականներին տվել ենք բազմաթիվ հերոսներ, մարշալներ, գեներալներ։ Մեր թշնամիները կռվող չեն, նրանք ատամ են ցույց տալիս։ Այսօր մեր ղեկավարության ատամները կոտրված են, մենք խաղաղության պայմանագիր կարող ենք կնքել, երբ ատամ ցույց տանք, երբ որ արժանի հակահարված տանք, երբ որ թշնամին հասկանա, որ չի կարող սադրել, չի կարող խփել, այլ ամեն փորձի դեպքում ինքը տասնապատիկ, հարյուրապատիկ է տուժելու։ Այդ ժամանակ նրանք կաղերսեն, ինչպես 1994 թվականին աղերսեցին զինադադար։ Իսկ այսօրվա մեր իշխանություններն անատամներ են, անատամ հայի թշնամիներ։

- Բանակցությունների տապալումից հետո կամ հերթական հանդիպման նախօրեին թշնամին անցնում է ռազմական ագրեսիայի, ինչին հաջորդում է Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։ Փոխկապակցվա՞ծ է այս ամենը։

- Նույն պարագլուխը՝ թշնամին, գերագույն գլխավոր չարիքը, ժամանակ առաջ ասաց՝ ես երաշխիք չունեմ, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո նորից չի լինի պատերազմ․ դա իր խոսքերն են։ Բանակցությունները, որպես այդպիսին, առեւտուր են։ Գնում են իբր բանակցությունների՝ առեւտուր են անում, ասում են՝ դուք խփեք, մենք ժողովրդի մեջ սարսափ կտարածենք, ինչպես այս ֆեյսբուքյան կեղծ հայրենասերները միանգամից տարածում են՝ վայ, ունենք այսքան վիրավոր, վայ, ունենք այսքան զոհ, որ գերագույն գլխավոր չարիքը հանդես գա եւ ասի՝ եթե ուզում եք, որ ձեզ փրկեմ, պիտի այս տարածքները հանձնեմ։ Ինչպես վարվեց Արցախի իբր 30 հազար զինվորների հետ։ Եթե մենք ունենայինք 30 հազար զորք այնտեղ, մենք կհաղթեինք, կջախջախեինք թշնամուն։ Կամ այդ գյուղերը՝ այդ գյուղերում ո՞վ է ապրում որ, եկեք տանք՝ պրծնենք, աննախադեպ արտագաղթ կառաջանա, ու Երեւանում էլ մի օր չի լինի ապրող, կասեն՝ բերեք սա էլ տանք՝ պրծնենք․․․ Սա պայմանավորվածություն է, ի՞նչ բանակցություն, գնում են իրենց առեւտուրն անում են՝ գալիս։ 

- Գեղարքունիքի մարզը ռմբակոծվում էր, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին խոսում էր զինվորականների ատեստացիայից եւ հավելավճարներից։

- Ցավով պիտի ասեմ, որ այդ նույն նախարարն ունի խորհրդական, որ 90-ականներից պատերազմ է անցել՝ ես զարմանում եմ, որ մարդը չի խոսում, չի ասում։ Այսինքն՝ ի՞նչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ո՞վ են դրանք, ի՞նչ են տեսել, ի՞նչ են արել։ Նայեք 3 տարի առաջ դրանց կեցվածքը։ Այնքան են չաղացել, որ էլ տեղ չունեն։ Ես ուզում եմ հիասթափեցնեմ դրանց աստվածաշնչյան բառերով, որ չաղացնում են՝ մորթելու համար։ Մարդը որ կենդանի է պահում, խոզ է բտում, չաղացնում է, որպեսզի մորթի վերջում։ Նրանցից ոչ մեկը զինվորի մասին չի մտածում, սահմանների, բանակի մասին մտածող չկա։ Նայեք, թե ինչ է կատարվում․ ես մի քանի օր է՝ կռիվ եմ տալիս, որ սփյուռքի հանձնակատարի հետ հանդիպմանը Գերմանիայում ներկա լինեմ ու հարց տամ՝ չեմ կարողանում, չեն թողնում, որ գնամ այդ հանդիպմանը։ Ես հարց ունեմ դրան, 170-180 միլիոնը… էշի տեղ դրեցիք սփյուռքի հայությանը, մարդիկ քրտնաջան աշխատելով՝ իրենց փողերը տվեցին, որպեսզի զինվորը, բանակն ունենան խրամատ, բարեկարգված սահման, որ կարողանան իրենց պաշտպանել՝ դուք ինքներդ ձեզ պարգեւավճար տվեցիք, ձեր երեխաների ու ձեր ընտանիքների ստամոքսները լցրեցիք։ Ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է մտածում զինվորի մասին, երկրի մասին։ Ես ասում եմ՝ դրանք հայեր չեն, դրանք թշնամիներ են։ Չեմ ասում՝ թուրք, որովհետեւ ես գիտեմ, որ թուրքը հայի ցավով է տառապում։ Սրանք թշնամիներ են, բոլոր նախարարները՝ մեծից փոքր, թող լավ իմանան, որ Նիկոլը բոլորին գցելու է։ Ուժայինները թող լավ իմանան, որ Նիկոլը մեղադրելու է նրանց՝ ինքն իրեն արդարացնելու է, մեղադրելու է այսօրվա իր հրամանները կատարողներին։ Ինչպես մեղադրեց սփյուռքին, որ դուք եք մեղավոր, որ հողերը հանձնում ենք։

- Սփյուռքին, որն իր համար ցույցեր էր անում։

- Այո, նույնկերպ կմեղադրի ոստիկաններին, ազգային անվտանգության աշխատակիցներին, ովքեր այսօր իր հրամանով ժողովրդին սաստում են, որ ոտքի չկանգնի։ Վաղը կասի՝ ես խելառ էի, ասում էի՝ թող իրենք չանեին, իրենք են մեղավոր։

- Առաջնագծի կահավորման, սպառազինվելու մասին ի՞նչ կարող եք ասել։

- Զորակոչը որ անում են, միշտ տանում են նրանց, ում տարել են՝ միշտ նույն մարդկանց են հավաքում։ Մենք ունենք մարդիկ, փառք Աստծո, ովքեր պատերազմ են անցել, ես խորհուրդ եմ տալիս՝ գնան, որպեսզի առաջնագիծը կահավորեն։ Ուրեմն, գնացել են 50 սանտիմետրանոց խրամատներ․․․ Ահավոր բարդակ վիճակ, չեք պատկերացնում՝ դիմացը թուրքն ինչեր է սարքում՝ մերոնք ինչ են անում։ Ո՞ւր են այդ գումարներն ուղղվում, ի՞նչ է կատարվում․․․ Այս մարդիկ օր են ձգում, թե երբ պիտի վերջանա Հայաստանը։ Այսօր կան, այսօր կշտացան, ստամոքսները լցրեցին՝ վերջ, վաղը թե ինչ կլինի՝ կապ չունի։ Այսինքն՝ այնտեղ պատերազմ է գնում, այս մարդիկ այստեղ նստած կառավարության նիստում՝ չգիտեմ ինչ մայթերից են խոսում։ Ինձ մեկ-մեկ թվում է՝ գերագույն գլխավոր թշնամին ուղիղ չի ասում, բայց աղերսում է՝ արա, հանեք ինձ, շպրտեք էստեղից, թե չէ ամբողջ Հայաստանը տալու եմ՝ վերջանա գնա։ Առաջնագծի մասով շատ բան կա ասելու, բայց ասելու չի, որովհետեւ այս մարդիկ մի նախադասություն են ուզում պոկեն ազգասեր մարդկանց բերանից, որպեսզի մեղադրանք առաջադրեն, կեղծ մեղադրանքներով տանեն մարդկանց խոշտանգեն, դատապարտեն։