«Հրապարակ». Մեծ թվով պաշտոնյաներից պարզաբանումներ են պահանջել՝ նրանց գույքի ու ծախսերի հետ կապված

«Հրապարակ». Մեծ թվով պաշտոնյաներից պարզաբանումներ են պահանջել՝ նրանց գույքի ու ծախսերի հետ կապված

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նամակներ է ուղարկել պաշտոնյաներին, որոնցով պահանջել է պարզաբանել նրանց ներկայացրած հայտարարագրերում անհամապատասխանությունները։ Մեր տեղեկություններով՝ խոսքը մեծ թվով պաշտոնյաների մասին է, եւ անհամապատասխանությունները վերաբերում են տարբեր ձեռնարկություններում նրանց մասնակցություններին ու կատարած ծախսերին։ Մեզ հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը չասաց, թե քանի հոգու են նման նամակներ ուղարկել, եւ հղում արեց հանձնաժողովի ինչ-որ որոշման, որտեղ առանձնացվել է ռիսկային պաշտոնների ցանկը։

«Ընդամենը խոսքը վերաբերում է այդ ցանկում նշված պաշտոնատար անձանց»,- ասաց Հարությունյանը, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում նման որոշում առկա չէր, գոնե մենք չգտանք։ Հարությունյանին հարցրինք, թե հայտարարագրերում առկա անճշտություններն ինչի՞ հետ են կապված՝ ծախսերի՞, հայտարարագրված գույքի ու միջոցների՞, թե՞ կազմակերպություններին պաշտոնյաների մասնակցության կամ բարեվարքության։ «Այս փուլում ես չեմ կարող ասել, քանի դեռ մենք պարզաբանումների գնահատում չենք արել, մենք հիմա պարզաբանումների հավաքագրման գործընթացում ենք։ Ում ուղարկվել է, բոլորը պատասխանում են նամակներին»,- պատասխանեց ԿԿՀ նախագահը։

Հարությունյանին հարցրինք՝ եղե՞լ են դեպքեր, որ հանձնաժողովը՝ կապված անճշտությունների հետ, դիմի իրավապահ մարմիններին։ «Ոչ, դեռեւս գնահատման գործընթացը չի ավարտվել։ Հիմա ընթացքի մեջ է, հիմա կդժվարանամ կոնկրետ ժամկետներ ասել, դա ընթացիկ վարչարարություն է, ժամկետով չէ, դա գործընթաց է, որն ամենօրյա աշխատանքի մաս է»,- պատասխանեց նա։ Հարցրինք նաեւ, թե, իր դիտարկմամբ, առերեւույթ խախտումներն էակա՞ն խախտումներ են։ «Բացարձակ, ավելի շատ անհամապատասխանությունների տեսքով է, առանձին շտեմարաններից ստացված տեղեկատվության, եւ իրենց լրացրած տվյալների անհամապատասխանություններ են, այս պահին էական բաներ չեն արձանագրվել»,- պատասխանեց Հարությունյանը։

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավանախորդ) նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանին հարցրինք, թե ինչ գործողություններ պետք է անի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, երբ պաշտոնյայի հայտարարագրում անհամապատասխանություն կամ խախտում է հայտնաբերում։ «Նախ՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարագրվող տվյալների վերաբերյալ պետական մարմիններում կամ այլ կազմակերպություններում պահվող տեղեկատվության հասանելիություն՝ հանձնաժողովի համար։ Որոշակի սահմանափակումներ կարող են լինել օտարերկրյա պետություններում գտնվող գույքի կամ այլ ակտիվների  առնչությամբ, բայց եթե խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է, ապա այստեղ օրենսդրության մեջ թերություններ չկան, եւ այդ տեղեկատվության հասանելիությունը երաշխավորված է։ Նաեւ գոյություն ունի փոխգործակցելիություն էլեկտրոնային համակարգերի շտեմարանների, եւ այստեղ էական դժվարություններ չպետք է լինեն։ Անհամապատասխանություն հայտնաբերելու պարագայում հանձնաժողովը նախ պետք է պարզաբանումներ ստանա պաշտոնյայից, ինչից հետո, եթե փարատվում են անհամապատասխանությունները, ապա հարցը փակվում է, իսկ եթե անհամապատասխանությունների կասկածները չեն փարատվում, ապա այդ դեպքում հանձնաժողովը պետք է համագործակցի իրավապահ մարմինների հետ, եւ կոնկրետ դեպքը խորքային քննության համար ուղարկվի դատախազություն։ Ընդ որում օրենքն այս առումով առավել բարձր երաշխիքներ է նախատեսել՝ անմիջականորեն սահմանելով Գլխավոր դատախազություն եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով համագործակցությունը։ Երբ ուսումնասիրությունների շրջանակներում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր են պահանջվում՝ անհամապատասխանության կամ թաքցված գույքի հանգամանքները պարզելու համար, եւ տրամադրված նյութերը բավարար չեն կասկածները փարատելու համար, հանձնաժողովը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, ուղարկում է Գլխավոր դատախազություն։ Եվ այստեղ, ինչպես նկատեցիք, հայեցողություն չկա, այստեղ կա պարտականություն, եւ օրենքը նաեւ հստակ ժամկետային սահմանափակումների մեջ է դրել հանձնաժողովին, որպեսզի, օրինակ, անորոշ ժամկետում առկախված պահելու միջոցով չխուսափի կոնկրետ պաշտոնյաների դեպքերն իրավապահ մարմիններին հանձնելուց։ Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության հիման վրա պետք է հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ թաքցնելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնի կամ եթե տեսնում է, որ նման հատկանիշներ չկան, ապա իր արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է հանձնաժողովին։ Ընդ որում, այստեղ կարող են քրեական հետեւանքներ չլինել, բայց վարչական պատասխանատվության տիրույթում հայտնվի, եթե այդ անհամապատասխանությունները դիտավորությամբ չեն կատարվել, կամ գույք թաքցնելու միտում չի եղել։ Դատախազությունը, բոլոր դեպքերում, պետք է ապօրինի հարստացման հանցակազմի տեսանկյունից դեպքի ուսումնասիրություն իրականացնի։ Այսինքն՝ ոչ միայն հայտարարագրմանն առնչվող կոպիտ խախտումները, այլեւ ապօրինի հարստացման հանցակազմը կիրառելի են, եւ երկու տեսանկյունից պետք է ուսումնասիրություն իրականացվի»,- պատասխանեց Սահակյանը։