«Հրապարակ». Քրեական թնջուկ Իջեւանում՝ նախկին եւ ներկա պաշտոնյաների մասնակցությամբ

«Հրապարակ». Քրեական թնջուկ Իջեւանում՝ նախկին եւ ներկա պաշտոնյաների մասնակցությամբ

Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Հայկ Ղալումյանը բազմաթիվ նախկին եւ ներկա պաշտոնյա բարեկամներ ունի։ Նրա ազգականն է նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ում աթոռին նստեց ինքը, Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Նազելի Ղալումյանը եւ ուրիշներ։ Այժմ նրանցից մեկին՝ Իջեւանի նախկին քաղաքապետին, մեղադրում են կոռուպցիոն չարաշահումների մեջ։ Չարաշահում ասվածն այս դեպքում, ըստ Քննչական կոմիտեի, ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակված անձանց աշխատանքի գնալու պարտավորությունից ազատելն է։ Գործը նրանով է առանձնահատուկ, որ հարուցվել է 2019 թվականին, բայց նախաքննությունն ավարտին է հասցվել 4 տարի անց միայն։  

Քննչական կոմիտեն հիմնավորել է, որ 2016 թվականին Վարդան Ղալումյանն իր ընկերոջ՝ ԱԺ նախկին դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանի կնոջը՝ Կարինե Հովհաննիսյանին, նշանակել է Իջեւանի «Վերնատուն» պատկերասրահի տնօրեն։ Մեկ տարի անց, երբ Մանուկյանը դարձել է պատգամավոր եւ կնոջ հետ տեղափոխվել է Երեւան,  Կարինեն շարունակել է հաստիք զբաղեցնել եւ իր բացակայության ընթացքում, ըստ մեղադրանքի, ստացել է 698 հազար 365 ՀՀ դրամ աշխատավարձ, որը վարույթի շրջանակում որակվել է որպես խոշոր չափերի գումարի յուրացում։ 700 հազարը ծիծաղելի աշխատավարձ է՝ մշակութային հիմնարկի տնօրենի 1 տարվա աշխատանքի դիմաց, ԱԺ պատգամավորի ամսական եկամտից էլ ցածր։ Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում եւ գտնվում է կալանքի տակ։

2016թ. հունիսի 4-ից մինչեւ 2018թ. հուլիսի 20-ը աշխատանքի չի ներկայացել նաեւ «Վերնատան» լրագրող, Իջեւանի քաղաքապետի ներկայիս մամուլի քարտուղար Լիա Ճաղարյանը։ Նա, ըստ ՔԿ-ի, փաստացի չի կատարել աշխատանքային պարտականությունները, սակայն ո՛չ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ո՛չ աշխատանքից ազատվել, հակառակը՝ ստացել է 1 մլն 74 հազար 997 ՀՀ դրամի չափով աշխատավարձ։ Հաշվապահն ու փոխտնօրենն էլ օգնել են տնօրենին՝ կեղծել փաստաթղթերը, ներկայացնելով, որ Լիան չի բացակայել աշխատանքից։ Այս ամենի հետեւանքով «Վերնատուն» պատկերասրահի՝ 1 տարում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող՝ դաշնակցականի կին տնօրենին՝ Կարինե Հովհաննիսյանին, մեղադրանք է ներկայացվել՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթերի կեղծմանը դրդելու համար։
Մեղադրյալներ են նաեւ «Վերնատան» փոխտնօրենը, հաշվապահը, լրագրողը։ Նախկին քաղաքապետն էլ հետը՝ 5 մեղադրյալ է ստացվում։

Լսեցինք գլխավոր մեղադրյալին։ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը պատասխանեց մեր հարցերին։

- Մարդիկ աշխատանքի չեն գնացել, աշխատավա՞րձ են ստացել։

- Տենց բան չի եղել։ Մարդիկ գործի գնացել են, աշխատավարձն էլ ստացել են աշխատանքի դիմաց։ Մեղադրանքն անհիմն է, իրենց գիտելիքներն էլ՝ կասկածելի, քննիչի ու դատախազի։ Իրենց կրթությունն ու դիպլոմները պետք է ուսումնասիրել։ Նրանց գրագիտությունը չի բավարարում՝ գործը քննելու, խորհուրդ կտամ՝ գրագետ քննիչների հրավիրել։

- 4 տարի ի՞նչ են քննել։

- Նրանք հղումներ են անում աշխատանքային պայմանագրին, որը ներքին փաստաթուղթ է, բայց Աշխատանքային օրենսգրքի կետեր կան, որոնք ես կներկայացնեմ դատարանում։ Իրենց հարցերին ես չեմ պատասխանել, որովհետեւ նրանք չունեն բավարար գիտելիք, որ կարողանան հասկանալ, թե ինչ եմ ասում։ Իշխանափոխությունից հետո այս մարդիկ, որոնք նախկինում էլ աշխատել են համակարգում, հանկարծ սկսեցին նմանատիպ գործեր հանել ու քննել։ Բա դրանից առաջ ո՞ւր էին։

- Դաշնակցական Սուրեն Մանուկյանը Ձեր ընկե՞րն է։

- Ո՞վ է ասել։ Որտեղի՞ց են վերցրել, որ իմ ընկերն է, եթե ինձ չի հարցրել՝ իմ ընկերն է, ընկերը չէ։ Երկրորդ՝ դա իմ հիմնարկը չէ, դա քաղաքապետարանի ենթակայության հիմնարկ է, որի տնօրենին նշանակում է ավագանին։ Ավագանին Կարինեի թեկնածությունն առաջադրել է, դրել են նիստի, հաստատել են։ Նա էլ ընտրվել է հիմնարկի տնօրեն, ի՞նչ կապ ունեմ ես։

- Կարինե Հովհաննիսյանն աշխատանքի չի՞ գնացել։

- Ես որքան որ գնացել եմ այդ հիմնարկ, այդ կինը եղել է աշխատանքի։ Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր բողոք չեմ ստացել, որ նա չի գնում գործի։ Ես առայսօր դա ճշտում եմ։ Աշխատել է, լիքը միջոցառումներ է անցկացրել։
Զրույցի վերջում Վարդան Ղալումյանը հորդորեց, որ գործը շուտ ուղարկեն դատարան, քանի որ արդեն 4 տարի է՝ նրա ձեռքն ու ոտքը կապված են՝ հանրապետությունից չի կարողանում բացակայել․ «Ինչքան շուտ լսեն, էնքան շուտ ճամփես կբացվի»։

2019-ին հարուցված քրեական գործը փաստացի օդում կախված է եղել 4 տարի։ Երբ պետք եղավ, որ Վարդան Ղալումյանին հանեն աշխատանքից՝ 2019 թ․ սեպտեմբերի 1-ին, ըստ Իջեւանում շրջող լուրերի, նրան ասվել է, որ հրաժարական տա, թե չէ՝ գործ կհարուցեն։ Վարդան Ղալումյանն այսօր հերքում է այդ լուրը։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն իր դասընկեր Հայկ Ղալումյանին նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրություններ չանցկացրին, քանի որ Փաշինյանի դասընկերը չէր ընտրվի։ Մոտ 1,5 տարի որպես քաղաքապետի ԺՊ պաշտոնավարելուց հետո Հ․ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ, իսկ քաղաքապետի նախկին տեղակալ Արթուր Ճաղարյանը 21 թ. նոյեմբերին ընտրվեց քաղաքապետ։ Նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ին։ Հետեւապես, մինչեւ հուլիսի 1-ն այս հնացած գործը պետք է կա՛մ հասնի դատարան, կա՛մ էլ կարճվի։ ՔԿ-ն որոշել է տանել դատարան։ Երեւի ամոթ կլիներ «գործի չգնալու» մասին այս պրիմիտիվ մեղադրանքը 4 տարի քննել ու կարճել։

Լիա Ճաղարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է։