Ճարտարապետն ու Պողոսը
Զրուցակիցս ճարտարապետ է։ Այսինքն, ընդունված չափանիշներով՝ հայաստանյան ինտելիգենցիայի ներկայացուցիչ։ Եկել է թերթի խմբագրին հարցեր տալու, որոնք իրականում հռետորական հարցեր են։ Ասում է՝ ո՞նց պատահեց, որ հանկարծ միանգամից երկրով մեկ հրդեհներ բռնկվեցին, ջրի ու հոսանքի անջատումներ են, մարդիկ են գործազուրկ դառնում, Ղարաբաղի հարցը տեղից չի շարժվում, աշխատավարձը չի բարձրանում, բայց գներն աճում են եւ այլն։ Փորձում եմ իր բարձրացրած խնդիրներն առանձնացնել եւ առաջարկում եմ բոլորը մի «զամբյուղի» մեջ չդնել։ Բայց նա իր ուրույն բացատրությունն ունի եւ պատրաստ չէ լսել իմ կարծիքը։ Ասում է՝ մեզ պատուհասած բոլոր չարիքները նույն աղբյուրից են ծագում, եւ դրանց անունն է ՀՀԿ։
Ասում է՝ սա կազմակերպված սաբոտաժ է՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի», նախկինները փորձում են տապալել նրան ու վերադառնալ, դրանից էլ՝ այս բոլոր հրդեհները, անջատումները, վթարներն ու պարալիզացված վիճակը։ Սա է մեր հանրային վերլուծության մակարդակը, եւ որքան էլ փորձես մարդուն բացատրել, որ եթե այդքան հզոր լինեին նշված քաղաքական ուժն ու նրա առաջնորդը, ապա այդքան հեշտությամբ չէին հանձնի իշխանությունը, կամ՝ ո՞ւր են այդ ամենակարող հանրապետականները, որոնց մենք չենք ճանաչում, չենք տեսնում մեր շուրջը։ Եվ իզուր են այս օրերին ոմանք վրդովվում ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումից, որ՝ «Ես չեմ ուզում, որ իմ հարեւան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։
Անշուշտ, իշխանության ներկայացուցիչը պետք է հարգալից լինի ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ, բայց ինձ այցելած ճարտարապետն ու Թունյանի հարեւան Պողոսը չեն կարող երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել։
Կարծիքներ