Ռուսաստանում սկսվել է ռազմական հեղաշրջո՞ւմ, թե՞ смута 

Ռուսաստանում սկսվել է ռազմական հեղաշրջո՞ւմ, թե՞ смута 

Երեկ երեկոյան դրամատիկ զարգացումներ են սկսվել Ռուսաստանում, որոնք բացահայտ դիմակայության են վերածվել Wagner մասնավոր ռազմական կառույցի հրամանատար Եվգենի Պրիգոժինի եւ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջեւ: Երկու կողմից իրար դեմ են հանվում զինված ուժեր: ՌԴ ազգային անվտանգության ծառայությունը` ФСБ-ն երեկ կեսգիշերն անց հայտարարել է Պրիգոժինի դեմ «հեղաշրջում նախաձեռնելու» մեղադրանքով քրեական վարույթ հարուցելու մասին եւ նրան ձերբակալելու հրաման է տրվել: Պրիգոժինը այսօր` շաբաթ օրը լուսաբացին Ռոստով քաղաքի կենտրոնում կանգնած տեսանկարվել է եւ հայտարարել, որ Wagner-ի ուժերը իրենց վերհսկողության տակ են վերցրել Ռոստով քաղաքը եւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կենտրոնակայանը: 

Այսօր առավոտյան 7:30-ի դրությամբ գործնականում ՌԴ պաշտպանության նախարարությունը կորցրել է Ուկրաինայի հետ գլխավոր սահմանակից քաղաքում վերահսկողությունը` Ռոստովի փողոցներում կանգնած են Wagner-ի զինյալները, Wagner-ի հսկողության տակ է քաղաքի օդային տարածքը եւ գլխավոր ռազմական ուժի` Հարավային ռազմական շրջանի հրամանատարական վերահսկողությունը: Փաստացի, հունիսի 23, լույս 24-ի կեսգիշերց մինչեւ լուսաբաց ռուսական ФСБ-ն ձախողվել է ձերբակալել Պրիգոժինին, մինչդեռ վերջինս նույն մի քանի ժամում հաջողել է ամբողջ մի քաղաք եւ ռազմական օկրուգի հրամանատարություն վերհսկողության տակ վերցնել: 

Երեկ երեկոյան ասում էին, թե Վլադիմիր Պուտինին զեկուցվում է իրադրության մասին, սակայն նա որեւէ հրապարակային քայլ կամ ելույթ չունեցավ, այսօր առավոտյան հայտարարվեց, որ Պուտինը հեռուստաուղերձով հանդես կգա ստեղծված իրադրության կապակցությամբ: Բոլոր միջազգային լրատվամիջոցները սպասում են Պուտինի խոսքին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում Ռուսաստանի իշխանությունում: Ակնկալվում է, որ ելույթը կլինի մոտակա ժամվա ընթացքում: 

Թե ինչպես այս իրադրությունը սկսեց ծավալվել երեկ երեկոյան եւ հասավ ներկա հանգրվանին` հաջորդիվ: