2021`պարտությունը շարունակվում է

2021`պարտությունը շարունակվում է

Բա հիմա ի՞նչ է լինելու, երբ փաստ է, որ պարտության այս սիմվոլը մեզ հետ եկել է 2021 թվական: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ ու հրաժարական չտվեց` խորտակելով ապագայի հետ կապված բոլոր հույսերը: Մենք ինչքան էլ գեղեցիկխոսքեր ասենք միմյանց, ինչքան էլ ոգևորենք իրեր, թե հայ ազգն այսպիսին ու այսպիսին է, միևնույն է, այս կարգի ջախջախիչ պարտությունից հետո երկար, շատ երկար ոտքի կանգնել չենք կարող, եթե եթե անգամ «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» քաղաքական ամուսնությունից որևէ բան ծնվի, ասենք` հետպատերազմական իրավիճակի անցումային վարչապետ:

Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստանի» վարչապետացուն ոչ միայն մտադիր չէ կարճ ժամկետներում արտահերթ ընտրություններ նշանակել, այլև ուզում է ինքը կազմակերպել և անձամբ մասնակցել այդ ընտրություններին: Էդմոն Մարուքյանն այնպես է փեշերը փռում արտախորհրդարանական ընդդիմությունից քշված իմքայլականների վրա, ասես, որ ձվերը եկան, իր լուսավոր գանգատուփին չեն կպչելու: Այս տեսանկյունից «կլասիկ» քաղգործիչը սխալ տակտիկա է բանեցնում, իսկ այն, որ նա ուզում է վարչապետի պաշտոնում գնալ ընտրությունների, շատ ծիծաղելի ցանկություն է, եթե համեմատենք մնացյալ ընդդիմության առաջարկի հետ: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ անցումային փուլի վարչապետ դառնալուց հետո ոչ ինքը և ոչ էլ իր գլխավորած քաղաքական ուժը արտահերթ ընտրությունների չի մասնակցելու և հանդես է գալու այսպես ասած` արբիտրի դերում:

Խոսքը մեր մեջ` իշխող քայլիստներն էլ չեն շտապում Էդմոն Մարուքյանի «հովանու» տակ մտնել և շարունակում են փրկության ուղիներ որոնել: Չի բացառվում, իհարկե, որ նրանցից ոմանք, այնուամենայնիվ, անկախ պատգամավորի կարգավիճակով (Մարուքյանին խիստ հոգեհարազատ կարգավիճակ) «Լուսավոր Հայաստանի» գիրկն ընկնել, բայց իրերի տեղափոխությունից, ինչպես գիտենք, որակը չի փոխվում և չի բացառվում, որ մենք ավելի շուտ «Լուսավոր Հայաստանը» կորցնենք, քան ազատվենք «Իմ քայլից»:

Պարոնայք լուսավորչականներ, մրից դուրս գալու և մրջուրն ընկնելու ոչ ցանկություն ունենք, ոչ էլ մանավանդ իրավունք: Մեռանք ասելով, որ երկիր ենք կորցնում, պետականությունն ենք վարի տալիս, մեր տանը դառնում ենք տնվոր` ամեն պահի այս վերջին հողակտորից զրկվելու սպառնալիքի տակ: Ելաք, թռաք Սունիք, որ ի՞նչ անեք: Արի՞ք մի բան, թե՞ միայն նկարվեցիք ադրբեջանցիների տեղադրած ճանապարհային ցուցանակների տակ ու հետ եկաք Երևան` ձեր տաքուկ անկյուններում Ամանոր նշելու: Գերիների և անհետ կորածների հարց լուծեցի՞ք, հայ-ադրբեջանական սահմանին կանգնած ռուսների հետ շփվեցի՞ք, չվիճեցի՞ք, թե ինչո՞ւ են այնքան վատ պաշտպանում մեր սահմանները, որ բանավոր պայմանավորվածության արդյունքում թուրքն ամեն օր ՀՀ նորանոր տարածքներ է վերցնում: Այո, վերցնում, կարծես անտեր մնացած մի բան են մեր բնակավայրերն ու հողատարածքները: Պարոն Մարուքյան, էն օրն ասում էիք` վարչապետի աթոռին նստած «օքմինը» կարըմ չի Սյունիք գնա, բայց մենք կարըմ ենք… Բա ինչո՞ւ նրա հետ չգնացիք, այլ շրջանցեցիք սյունեցիների պիկետները: Վախեցաք սյունեցիների զայրույթից ձեզ էլ հասնի, հա՞, վարչապետի վրա նետվելիք ձվերը ձեր գլխին էլ ջարդվեն, հա՞: Իսկ հասկացա՞ք, որ ձեր վարքով ընդամենը երկարացրիք այս ապիկար իշխանության անիմաստ գոյությունը: Թե բա` մենք մեր թեկնածուն ունենք:

Չէ հա… Հլա ձեր լուսավոր թիմից մի հմուտ կառավարչի անուն տուր: Մեկդ մեկիցդ «կլասիկ» եք, խոսելու, շաղակրատելու վարպետ: Մի հատ արած գործ կոխեք աչքս` ասեմ` կեցցեք: Սորոսի հե՞տ ոնց եք, ԼԳԲՏ-ի, ստամբուլյան կոնվենցիայի և մյուս բաների, որ մեր տունը քանդեցին հիմնահատակ:

Ի դեպ, պարոն Մարուքյան, ձեր քաղաքական բոլոր հաջողություններն ու անհաջողությունները պայմանավորված են հենց այն քաղաքական ուժի հետ, որի գրպանում դուք ընդդիմադիր եք աշխատում ընդամենը: Եվ դա չի՞, արդյոք, պատճառը, որ այսօր փորձում եք վարձահատույց լինել այդ քաղաքական ուժին: Ինչո՞ւ բացահայտ չեք պաշտպանում քայլիստներին, որ մարդիկ, ի վերջո, հասկանան, թե ի՞նչ խաղ եք խաղում այս անգամ: Չե՞ք կրկնում, արդյոք, Սահմանադրական դատարանի հետ կապված խուսանավումները… Բա դատի տվեք իշխաությանը` թիվ մեկ պատասխանատուին ու թիվ մեկ մեղավորին:

Փաստեր չկա՞ն, թե՞ դուք էլ եք մտածել, որ «հաղդում ենք», որ Շուշիին ադրբեջանցիներն են Իսկանդերով խփել, որ Արցախի և Ստեփանակերտի օդը իրեն-իրեն է բացվել, որ պատահաբար են պատերազմի առաջին օրերին հենց կամավորները հայտնվել կրակի տակ ու կոտորվել, որ մոռացության արդյունքում են շատ գեներալներ ու զորահրամանատարներ մեկուսացվել մարտական գործողություններից: Ո՞ր մեկն ասեմ, ախր, երբևէ բարձրաձայնե՞լ եք այս ամենի մասին և կամ` հայտնի տիկնոջ հավին քշա ասած կա՞ք: Դե դուք կոշտ մեթոդների կողմնակից չեք և սիրում եք գիտությունով քաղաքականություն չալել: Եվ այնքան չալեցիք, որ էս թավշյա կինոյի սիրուն տղեն մեզ հետ եկավ 2021 թվական ու դեռ ուղերձներ է հղում որպես երկրի վարչապետ: Ասենք` ի՞նչ է եղել, որ, էլի մի 10 օր կձգեք, էլի մի քանի բնակավայր ու խոտհարք կտաք թուրքերին, գերիների թիվն էլի մի քանի տասնյակով կավելանաանհետ կորածներին չեք փնտրի… Մարդիկ` դարդի մեջ, շատերն էլ խմած` ո՞վ է հաշիվ պահանջելու: Եվ այս ամենը թողած` քաղաքական առևտրի մեջ եք մտել քայլիստների հետ, թե ոնց անենք, որ իշխանությունը պահենք:

Հ.Գ. Ահա, խնդրեմ, 2021 թվականս մունդռվեց առաջին օրով: Էն մեկից չպրծած` հիմա էլ էս մեկը: Մարդ արդեն մտածում է, որ ոչ թե ախմախ իշխանության հետ գործ ունի, այլ բազմագլուխ հիդրայի, որի գլուխները, ամեն անգամ, երբ ուզում ես կտրել, աճում են ամենաանսպասելի տեղերից… Հավատացեք, շատ զզվելի զգացում է առաջանում դրանից: Ի՞նչ ասեմ, Հայաստանում իշխանափոխությունները միշտ էլ վերածվել են Աբովյանի ասած` էշի հարսանիքի: Ինչո՞ւ պետք է այս մեկը նորմալ լինի: