«Հրապարակ»․ «Բրյուսովի» գործով քրեական վարույթի հիմքում Սիսակ Գաբրիելյանի դիմումն է

«Հրապարակ»․ «Բրյուսովի» գործով քրեական վարույթի հիմքում Սիսակ Գաբրիելյանի դիմումն է

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններից 17 օր անց իշխանությունը կասկածի տակ է առել ռեկտորի ընտրության օրինականությունը։ Նախօրեին դատախազության տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ քրեական վարույթներ են հարուցվել «Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության եւ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ»։

Դատախազությանն ի պատասխան՝ Բրյուսովի անվան համալսարանը նախ հայտարարեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը, ապա հաջորդ օրը հանդես եկավ ծավալուն հայտարարությամբ, որտեղ հանգամանորեն նկարագրվում էին ընտրության ընթացքը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը, այն է․ «2022 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված արձանագրությունը եւ որոշումը, նիստի անցկացումից հետո առաջին աշխատանքային օրը, ընդունված գործելաոճի համաձայն, փոխանցվել են Համբարձում Մաթեւոսյանի օգնականին՝ ստորագրման ներկայացնելու համար։ Սակայն Համբարձում Մաթեւոսյանը, անհասկանալի ու անհայտ պատճառով, հրաժարվում է ստորագրել արձանագրությունը եւ որոշումը։ ԲՊՀ-ն արձանագրությունը եւ որոշումը նաեւ փոստային կապի միջոցով առաքել է Համբարձում Մաթեւոսյանին եւ մինչ օրս, կրկին պատասխան չի ստացվել։

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԲՊՀ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ԲՊՀ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։ Գրությանը կցվել են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա անդամների ցանկը, նիստի արձանագրությունը՝ խորհրդի քարտուղարի ստորագրությամբ, ինչպես նաեւ խորհրդի նիստի տեսաձայնագրությունը։
Ամփոփելով՝ հանգում ենք այն եզրակացության, որ վերոգրյալի բուն նպատակը ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման անհարկի ձգձգումն է, քանի որ 2023 թվականի հունվարի 11-ին լրանում է ռեկտորի պաշտոնավարման ժամկետը։ Կոչ ենք անում պատասխանատուներին՝ հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, քանի որ հակառակ պարագայում կարող է առաջանալ ԲՊՀ-ի կառավարման ճգնաժամ, որից կտուժեն հազարավոր ուսանողներ ու աշխատակիցներ»։

Ինչպես տեղեկացանք, քրեական վարույթներից մեկը հարուցվել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի դիմումի հիման վրա։ Վերջինս մեզ հետ զրույցում ճշգրտում մտցրեց՝ ոչ թե իր, այլ իրենց հանձնաժողովի անունից է գնացել գրությունը: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ, եւ ի՞նչն է դժգոհության տեղիք տվել։ «Հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը, որում ասվում է, որ հայհոյանքներ են հնչեցվում, մեր հանձնաժողովի կարծիքով՝ այդտեղ առնվազն քննության առարկա կա»։ Հետաքրքրվեցինք՝ ռեպորտաժից դուրս փորձե՞լ են պարզել իսկությունը, այլ աղբյուրներից եւս հավաստիանալ կատարվածի մեջ։ «Չէ, դրա համար դիմել եմ իրավապահներին, թող իրենք պարզեն՝ ճիշտ է, ճիշտ չէ, եւ արդյո՞ք այդպես է, թե այդպես չէ, քանի որ կա հրապարակված փաստ, որտեղ ձայնը փակվում է, եւ, ըստ էության, հասկանալի չէ՝ դա հայհոյա՞նք է, թե՞ ոչ ․․․, համենայնդեպս, մեր անունից գնացել է գրություն՝ հաշվի առնելով, որ մեր ոլորտին է առնչվում։ Հիմա թե իրական է-իրական չէ՝ այդ մասով արդեն իրենք կպարզեն»։ Այսինքն, պարզ չէ՝ հայհոյանք հնչել է, թե ոչ, բայց գրությունը, ամեն դեպքում, ուղարկել են։

Խնդրեցինք մեզ տրամադրել հանձնաժողովի անունից գրված դիմումը, որպեսզի ծանոթանանք հիմնավորումներին եւ ձեւակերպումներին։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ փոխանցելու կարիքը չկա, քանի որ ինքն արդեն բանավոր փոխանցեց այն։ «Բովանդակությունն արդեն ասացի, ռեպորտաժի լինքն է ուղարկվել, եւ դատախազությանը հարցում է տրվել, թե արդյո՞ք տեղյակ են, եւ ուսումնասիրություն արվե՞լ է այս մասով։ Այսինքն՝ մենք ոչ թե դիմում ենք տվել, այլ հարցում ենք արել՝ արդյո՞ք հրապարակված տեսանյութն ուսումնասիրության առարկա դարձել է, թե ոչ դատախազությունում, եւ, հավանաբար, ուսումնասիրության առարկա դարձել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել»,- եզրափակեց Ս․ Գաբրիելյանը։      

ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Գալստյանը զարմանքով տեղեկացավ, որ հանձնաժողովի, այդ թվում՝ իր անունից նման գրություն է գնացել դատախազություն։ «Ես, վստահաբար, թե՛ իմ եւ թե՛ Էլինար Վարդանյանի անունից կարող եմ ասել, որ մենք բացարձակապես լուր չունենք»,- նշեց Լ․ Գալստյանն ու ընդգծեց, որ համապատասխանաբար ծանոթ չեն նաեւ տեքստին։

Ըստ այդմ՝ հանձնաժողովի նախագահն ի՞նչ իրավունքով է հանձնաժողովի անունից նման գրություն ուղարկել դատախազություն, եթե հանձնաժողովի գոնե երկու անդամ դրան չեն մասնակցել։ «Նա իրավական եւ բարոյական ի՞նչ իրավունք ունի ողջ հանձնաժողովի անունից նման հայտարարություն անելու, երբ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները մասնակից չեն արձանագրության տեքստին։ Ես դա համարում եմ մեր գործառույթների յուրացում, եթե ինքն ասում է, որ ողջ հանձնաժողովի անունից են դիմել, ես էլ ասում եմ, որ նա դրա իրավունքը չուներ եւ իր լիազորությունները գերազանցող հայտարարություն է արել։ Ստացվում է՝ դա արվել է հանձնաժողովի միայն իշխանական պատգամավորների կողմից»։

Ակնհայտ է, որ, չնայած գործադրված ջանքերին ու ճնշումներին, իշխանությունը չկարողացավ որեւէ ձեւով ազդել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների վրա, եւ 12/8 ձայների հարաբերակցությամբ վերընտրվեց բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը, ում ռեկտորի պաշտոնում դեռեւս չի հրամանագրել վարչապետը, իսկ փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանն էլ չի ստորագրել հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, որը, ի դեպ, առանց առարկությունների արձանագրել էր ընտրության արդյունքները։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները չեն հաշտվում Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ, դրա մասին են վկայում թե՛ ՊՎԾ ստուգումները՝ ընտրություններից առաջ, թե՛ հարուցված քրեական վարույթները՝ ընտրություններից հետո (ըստ ամենայնի, Սիսակ Գաբրիելյանն ինքնուրույն չի գործել, այլ՝ իշխանությունների հրահանգով), եւ թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի (ում թեկնածուն էր Դավիթ Գյուրջինյանը) եւ փոխվարչապետ, Բրյուսովի անվան բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանի հրաժարականները, որոնց չներվեց «Բրյուսովի» օպերացիան ձախողելու փաստը։