Մի՛ սպանիր լրագրողին․ վերախմբագրելով աստվածաշնչյան պատվիրանը
Հերթական խելահեղ տարին ամփոփելիս առանձնակի ցավով ենք արձանագրում մասմեդիայի համաշխարհային ընտանիքի կրած կորուստները։ Մարդիկ, որոնք չեն խնայել իրենց կյանքը մարդկային ճակատագրերը լուսաբանելիս, շատ հաճախ սեփական կյանքը վտանգելով, դժբախտաբար, փոխհատուցել են նաեւ իրենց իսկ կյանքով․․․
Եվ այսպես․ աշխարհում որքա՞ն լրագրող է զոհվել 2022 թվականին։ Ընդհանուր առմամբ, անցնող տարում մահացել է 115 լրագրող՝ 29 երկրից, մինչդեռ անցյալ տարի սպանվել է լրատվամիջոցների 79 աշխատակից։ Աշխարհում 2022-ին սպանված լրագրողների թիվն աճել է 45%-ով։ Այս մասին հայտնում է Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է մամուլի ազատության եւ լրագրողների անվտանգության հարցերով։ Նշվում է, որ զոհված լրագրողների թիվն այս տարի ամենաբարձրն է եղել 2018-ից ի վեր։ Այսպես․ 2022 թվականին Լատինական Ամերիկայում զոհվել է լրատվամիջոցների 39 աշխատակից, Եվրոպայում՝ 37, Ասիայում՝ 30, Աֆրիկայում՝ 7 եւ Հյուսիսային Ամերիկայում՝ 2։
Ուկրաինայում պատերազմի սկզբից, այսինքն՝ այս տարվա փետրվարի 24-ից ի վեր երկրի տարածքում 34 լրատվամիջոցի աշխատակից է զոհվել։ Բացի այդ, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում ձերբակալվել է 533 լրագրող։ Սա 13,4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Լրագրողների ձերբակալության մեծ թիվ է գրանցվել Չինաստանում (110 մարդ): Ի դեպ, դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում 363 լրագրող մնում է բանտարկված։
Թվերն ինքնին խոսուն են ու չափազանց մտահոգիչ։ Ցավալին այն է, որ մարդկանց իրավունքները պաշտպանող, այդ թվում՝ նրանց կյանքի իրավունքի համար կենաց-մահու պայքար մղող լրագրողներն իրենք են դառնում անպաշտպան, խոցելի եւ զրկվում կյանքից։ Իհարկե, լրագրողի բարդ ու պատասխանատու, կարեւոր ու վտանգավոր աշխատանքն ընտրելիս մենք՝ իբրեւ այդ առաքելության կրողներ ու անմիջական մասնակիցներ, գիտակցում ենք ռիսկերը, բայց մասմեդիայի ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտում են ոչ միայն ռազմական գործողությունների, հանցավոր միջադեպերի եւ այլ իրադարձությունների ժամանակ հայտնված մահացու «գնդակները», այլեւ քաղաքական ու իշխանական բռնաճնշումները, այդ թվում՝ Հայաստանում։ Դեպքերը՝ որքան ասես։
Մեր պարագայում երեւույթն ավելի աբսուրդային է դառնում, երբ նայում ենք, թե ովքեր են 2018 թ․ եկել ՀՀ իշխանության եւ ում գլխավորությամբ․ լրագրողը՝ երկրի ղեկավար, իսկ թիմում լրագրողական «անձնագիր» ունեցողների պակաս չկա։ Սակայն 2018-ից ի վեր աննախադեպ ճնշումներ են իրագործվել լրատվամիջոցների նկատմամբ, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ եւ խոսքի ազատության սահմանափակումներ, ֆինանսական աղբյուրների սահմանափակումներ, ֆեյսբուքյան տարբեր լծակների միջոցով հրապարակումների տեսանելիության սահմանափակում եւ ֆեյսբուքյան էջերի կոտրում, հեռուստաընկերություններին լիցենզիայից զրկում։ Հոգեբանական ճնշումների եւ տեղեկատվություն չտալու մասին էլ չենք խոսում։
Արա Ալոյան
Կարծիքներ