Քանի Նիկոլը կա, Արցախը չի լինելու Հայաստանի կազմում

Քանի Նիկոլը կա, Արցախը չի լինելու Հայաստանի կազմում

Արցախի հարցը կրկին բարձրացավ միջազգային հարթակ՝ դադարեց լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության առարկա: Եթե Արցախի խնդիրը պատկերելու լինենք թղթի վրա, ապա կունենանք հետեւյալ տեսքը՝ Արցախ-ռուս խաղաղապահներ-Արցախը խժռելու պատրաստ Ադրբեջան- Արցախից հրաժարված Հայաստան: Մնում է հիշել, թե ինչ «պատրվակով» ռուս խաղաղապահները մտան Արցախ եւ ինչ ասացին առաջին օրերին: Ամեն ինչ շատ պրոզայիկ է: Ռուսական խաղաղապահ զորամասերն Արցախում հայտնվեցին, որպեսզի թույլ չտան խորհրդային ժառանգությունից հրաժարված Ադրբեջանին՝ զավթել Արցախն ու անպաշտպան մնացած Ստեփանակերտը: 2020թ. նոյեմբերին ռուսները հայտարարեցին, որ առայժմ վաղ է խոսել Արցախի կարգավիճակից եւ նախ պետք է հանդարտեցնել կրքերը: Իսկ այն, որ խաղաղապահները տեղակայվում են ընդամենը 5 տարով, ոչինչ չի փոխում մեր ունեցած պատկերի մեջ:

Խաղաղապահները կմնան այնքան, մինչեւ վրա հասնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ կարգավիճակի ճանաչումը: Ռուսաստանը կսպասի, որ դա անի ՄԱԿ-ը կամ, ինչպես հիմա շատ են հիշում, միջազգային հանրությունը: Կարող ենք Հայաստանը եւ Ադրբեջանը հանել թղթի վրա գծած պատկերից: Մնում են 3-ը՝ Արցախը, Ռուսաստանը (իր խաղաղապահներով) եւ միջազգային հանրությունը:

Կարծում եմ՝ ժամանակն է, որ իրենց համար նոր զբաղմունք գտնեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը: Զորօրինակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ մշակեն, որը կենթադրի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների՝ Հայաստանի սուվերեն տարածքից անհապաղ դուրսբերում: Նիկոլը եւ Իլհամն այնքան կիրթ անձնավորություններ են, որ շատ արագ կգան համաձայնության: Կվերցնեն ԽՍՀՄ քարտեզները, որ նրանց կտրամադրի Մոսկվան, եւ սանտիմետր առ սանտիմետր կիրականացնեն սահմանազատման եւ սահմանագծման ծանր աշխատանքը: Այս գործում այլեւս Մոսկվայի միջամտությունն էլ պետք չէ: Քարտեզը բավական է: Իսկ ցանկության դեպքում Ադրբեջանի կողմից կարող են ներգրավվել անգլիացի, ամերիկացի, թուրք, պակիստանցի, է՞լ ով կա այնտեղ՝ գերմանացի, ֆրանսիացի, իտալացի մասնագետներ: Հատկապես վերջինները շատ են խոսում երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին, եւ հույս կա, որ առաջինը հենց նրանք Իլհամին կստիպեն իր զինված շոշափուկները հանել Հայաստանի սուվերեն տարածքից:

Ավելի ուշ արդեն վրա կհասնի Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի պատասխանատվության ժամը: Նրանք իրենց ժողովուրդներին պետք է բացատրեն, թե ինչու պատերազմ սկսեցին եւ թաթախվեցին տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց արյան մեջ, եթե այդ պատերազմով որեւէ հարց չէր լուծվելու: Մինչ օրս պատերազմի հանցագործներին որեւէ այլ մեղադրանք չի առաջադրվել, քան զանգվածային սպանությունները: Սա պատերազմ չէր, սա պայմանավորված նախճիր էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն իրականացրին: Ամբողջ աշխարհը գիտի, որ կար բանակցային գործընթաց, որով Արցախի շուրջ եղած 5 շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին, որից հետո՝ եւս 2-ը՝ Արցախի կարգավիճակի որոշմանը զուգահեռ:

Հետեւաբար, ինչո՞ւ եղավ այդ պատերազմը, ինչո՞ւ Ալիեւը չցանկացավ խաղաղությամբ հետ ստանալ շրջանները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին խաչ քաշեց ԵԱՀԿ ՄԽ-ի վրա: Ի՞նչ հաղթանակի մասին է խոսելու Ալիեւը, եթե Արցախում այսօր ռուս խաղաղապահներն են տեղակայված, եւ գործում են Արցախի Հանրապետության բոլոր պետական կառույցները: Ինչպե՞ս է արդարանալու Փաշինյանը, եթե արդեն հայտնի է, որ Պուտինի մոտ բանակցությունների է գնում Ալիեւի գրած խաղաղության պայմանագրի տեքստը ստորագրած: Նիկոլ, հարցրե՞լ ես քո ժողովրդին, ժողովուրդը դեռ մի կողմ, քո «680 հազարանոց ընտրազանգվածին» հարցրե՞լ ես, համաձա՞յն են, արդյոք, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, առանց Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման՝ խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ: Միանձնյա՞ ես որոշել, միանձնյա էլ կգնաս Հաագա՝ Ալիեւի հետ դատվելու:

Գիտեմ, կասեք՝ էս ինչ մի երազանքների գիրկն ես ընկել, Էդիկ Անդրեասյան, ո՞վ է մեզ Արցախ տվողը, ո՞վ պետք է դատի Նիկոլին ու Ալիեւին: Ճիշտ եք, մեզ ոչ ոք Արցախ չի տալու այլեւս: Բայց մենք Արցախ ունեինք 30 տարի շարունակ, ու մեզնից այն ոչ ոք չէր պատրաստվում խլել: Չէին էլ կարող խլել, եթե չգար այս թրքաբարո իշխանությունն ու չքանդեր ամեն ինչ՝ բանակցային գործընթացից սկսած, բանակով վերջացրած: Քանի իշխանության կլինեն այս անճարակները՝ Արցախը երբեք չի լինի Հայաստանի կազմում: Բայց եթե վաղն էլ հեռանան, Արցախը դեռ երկար կմնա Հայաստանից անջատ՝ ուրիշի հովանու ներքո: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլի եւ Իլհամի դատվելուն, ես չեմ կասկածում, որ այդ օրը գալու է: Արեւմուտքը եւ թուրքերը գիտեն ինչպես վարվել իրենց դրածոների հետ, որոնք չեն արդարացնում սպասելիքները: Հայ մարդու ձեռքը չբարձրացավ Նիկոլի վրա, նրա տիրոջ ձեռքը չի դողա… Նիկոլը, ինչպես ասում են, շատ բան գիտի այս ամենի ու 44-օրյա պատերազմի մասին: 

ՀԳ. Հեռագիր Մակրոնին՝ պարոն նախագահ, ինչքան լուսանկար ունես Նիկոլի ու Ալիեւի հետ, ոչնչացրու, եթե չես ուզում ցուցմունք տալ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին ատյանի դատարաններում: