Արմեն Գրիգորյանն ասում է, որ ՌԴ-ն ստիպում է խաղաղասեր Ադրբեջանին՝ ագրեսիայի դիմել

Արմեն Գրիգորյանն ասում է, որ ՌԴ-ն ստիպում է խաղաղասեր Ադրբեջանին՝ ագրեսիայի դիմել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեւի գիտի, որ իր գործը հայ հանրությանը մանիպուլացնելն է, այլ ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրներով զբաղվելը, ինչը գործող իշխանության մոտ ընդհանրապես չի ստացվում, վկան՝ Հայաստանի ներկա աղետալի վիճակը: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հասկանում են, որ իրենք անընդունակ են ապահովելու երկրի անվտանգությունը, որ իրենց՝ իշխանության ղեկին մնալն ամենամեծ ազգային անվտանգության սպառնալիքն է, որ երբեւէ կարող էր պատուհասել Հայաստանին: Անկարող լինելով լուծել Հայաստանի անվտանգային խնդիրները՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց բոլոր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել են մի նպատակի՝ ում վրա բարդել այդ ձախողումների պատասխանատվությունը, եւ գտել են հիանալի ու համընդհանուր լուծում`Ռուսաստանի: 

Նախորդ օրը հանրային կոչվող հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական հերոսական ճակատամարտը տվեց Ռուսաստանի դեմ ու հերթական հաղթանակը տոնեց՝ Հայաստանը գոնե առժամանակ փրկելով միութենական պետությանը միանալու վտանգից: «Հայաստանի օրակարգում միութենական պետությանը միանալու խնդիր չկա»,- հայտարարում է Գրիգորյանը՝ իբրեւ թե պաշտպանելով Հայաստանի գոյություն չունեցող ինքնիշխանությունը, որովհետեւ, ըստ նրա, միութենական պետությունն ամբողջովին ինքնիշխանության խախտում է, որովհետեւ «միութենական պետությունում առաջին հերթին հենց ինքնիշխանությունն են վերցնում»:

Արդյոք այս պահին Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը միութենական պետության կազմի մեջ մտնե՞լն է, կամ՝ որքանո՞վ է այդ վտանգն իրական կամ մտացածին: Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցությամբ միութենական պետությունը ստեղծվել է ուղիղ 23 տարի առաջ`1999 թվականի դեկտեմբերին: Ավելի ճիշտ՝ նման պայմանագիր է ստորագրվել, սակայն միութենական պետություն այդպես էլ չի ստեղծվել. Բելառուսը հիմա նույնքան ինքնիշխան պետություն է, որքան այդ պայմանագիրը ստորագրելուց հետո, չնայած Ռուսաստանի հետ ունի սերտ դաշնակցային հարաբերություններ, բայց, միեւնույն ժամանակ, այդպես էլ չձուլվեց Ռուսաստանին, ինչպես կանխատեսում էին շատերը: 

Ինչո՞ւ է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հենց այս պահին մեջտեղ գցում միութենական պետությանը միանալու սպառնալիքը, եւ որպեսզի պատկերն ավելի սարսափեցնող լինի, հայտարարում. «ՀՀ-ի հանդեպ ճնշումներ նաեւ միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է եւ ստանում ռազմական տեսքով ճնշումներ»: Քիչ է մնում Գրիգորյանը հայտարարի, որ Ռուսաստանն ու Բելառուսը սպառնում են գրավել Հայաստանը եւ այն բռնի ուժով միացնել միութենական պետությանը: Չնայած չի ասում, բայց ասածի ամբողջ իմաստը դա է:

Հայաստանը կանգնած է թուրքական ներխուժման վտանգի առաջ. Ալիեւը սպառնում է գրավել ոչ միայն Սյունիքը, Գեղարքունիքը, Երեւանը, սպառնում է գրավել ոչ միայն Հայաստանի առանձին տարածքներ եւ շրջաններ, այլեւ, ընդհանրապես, ոչնչացնել Հայաստանը՝ որպես պետականություն: Հայաստանի առանձին հատվածներ արդեն հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ լքել են իրենց բնակավայրերը, որովհետեւ Հայաստանի իշխանությունն անկարող է ապահովել այդ մարդկանց կյանքի իրավունքը` զոհվել են նաեւ քաղաքացիական անձինք, մինչդեռ ԱԽ քարտուղարը խոսում է միութենական պետությունից եկող ռազմական ճնշումների եւ դրանց դիմագրավելու մասին: Ընդ որում, եթե Ադրբեջանի կողմից եկող ռազմական ճնշումներին Հայաստանը չի կարողանում դիմագրավել, քանի որ ամեն մի հարձակման դեպքում կորցնում է իր տարածքի զգալի մասը, ապա Ռուսաստանից եկող ռազմական ճնշումներին հերոսաբար դիմադրում է, քանի որ չի դարձել միութենական պետության մաս եւ չի զիջում իր ինքնիշխանությունը:

Արմեն Գրիգորյանի ելույթի բուն իմաստը հանրության ուշադրությունն ադրբեջանական հնարավոր ագրեսիայից շեղելն է, ցույց տալ, որ նման վտանգ չկա, բայց կա վտանգ միութենական պետությունից: Եվ եթե անգամ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, եթե անգամ գրավի Հայաստանի հերթական մի տարածք, ապա դա Ադրբեջանն անում է ոչ թե իր կամքով, այլ՝ Ռուսաստանի դրդմամբ, հրահրմամբ, Ռուսաստանն ուղղակի ստիպում է խաղաղասեր Ադրբեջանին՝ ագրեսիայի դիմել Հայաստանի նկատմամբ, որ դրանով ստիպի Հայաստանին՝ ի վերջո համաձայնել, դառնալ միութենական պետության անդամ:

Արմեն Գրիգորյանը, ինչպես իր ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ուզում է հայ հանրությանը ներշնչել այն միտքը, թե կարեւորն այն չէ, որ իրենց պաշտոնավարման արդյունքում Հայաստանն այնքան է թուլացել, որ անկարող է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, իր քաղաքացիների կյանքի իրավունքը, ավելի կարեւոր է, որ իրենք հերոսաբար դիմադրում են եւ անգամ տարածքային կորուստների հաշվին պահպանում են Հայաստանի ինքնիշխանությունը: 

Իր այս ելույթով Գրիգորյանը Ռուսաստանի վրա է բարդում ոչ միայն նախորդ, այլեւ սպասվելիք պարտությունների մեղքն ու պատասխանատվությունը: Գրիգորյանն ասում է, որ եթե նոր ռազմական ագրեսիա լինի Հայաստանի դեմ, եւ Հայաստանը կրկին տարածքային կորուստներ ունենա, ապա պետք է ընդունել՝ դա այն գինն է, որ Հայաստանը վճարում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու եւ միութենական պետությանը մաս չկազմելու դիմաց: Իսկապես, մեծ խելքի տեր պետք է լինես, որ կարողանաս սեփական ձախողումների ու ապաշնորհության մեղքն ուրիշի վրա բարդել. Արմեն Գրիգորյանի ինքնագոհ կեցվածքից երեւում է, որ նա հենց այդպիսի պատկերացում ունի իր խելքի ու ընդունակությունների մասին:

Ավետիս Բաբաջանյան