Նոր նախարար, նոր մեքենա

Նոր նախարար, նոր մեքենա

Երեկ նկատեցինք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նոր մեքենա է սպասարկում՝ Audi A8 մակնիշի ներկայացուցչական դասի սեդան։ Մինչ այդ, հիշեցնենք, ԱԳ նախարարներին՝ դեռ Էդվարդ Նալբանդյանի «թվերից», սպասարկում էր Mercedes S-Class, որը դարձյալ ներկայացուցչական դասի շքեղ մեքենա էր, պարզապես տարեթվով հին էր։ Հիմա որոշել են թարմացնել ԱԳ նախարարի մեքենան՝ նորը ձեռք բերելով: Մենք փորձեցինք ճշտել ԱԳՆ-ից, այս մեքենան նո՞ր է ձեռք բերվել, այսինքն՝ Արարատ Միրզոյանի նշանակումից հետո՞, թե՞ մինչ նրա նշանակվելը:

Մենք մտաբերեցինք, որ երբ Արարատ Միրզոյանը նոր էր ընտրվել ԱԺ նախագահ, գրել էինք, որ նա ցանկացել է ավտոսրահից իր համար նոր ծառայողական գերթանկ մեքենա ձեռք բերել՝ Mercedes-Maybach մակնիշի, անգամ գնացել ընտրել էր մեքենան, բայց հետո աղմուկը դեր խաղաց եւ հետ կանգնեցին այդ մտքից։ Այն ժամանակ դեռ համեստ էին եւ վախենում էին ժողովրդի վերաբերմունքից: Հիմա, փաստորեն, իրականացավ նրա երազանքը` նոր, թանկ եւ կոմֆորտ մեքենա ունենալու։ 

ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը մեզ ասաց` տվյալ մեքենան ձեռք է բերվել մինչև Արարատ Միրզոյանի` ԱԳ նախարար նշանակվելը, բայց դժվարացավ հստակ ասել` Արա Այվազյանի՞ օրոք է ձեռք բերվել, թե՞ Արմեն Գրիգորյանի, երբ վերջինս ԱԳ առաջին փոխնախարար էր աշխատում: