Ребята, давайте жить дружно!

Ребята, давайте жить дружно!

Օգոստոսի 14-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ռյազանում մասնակցել է Հնագույն քաղաքների 2-րդ միջազգային ֆորումին, որտեղ ներկայացրել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի կողմից վերջերս բեմադրված «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը (ըստ Ու. Շեքսպիրի պիեսի): Ֆորումին մասնակցել են ընդհանուր առմամբ 35 երկրի 55 քաղաքի պատվիրակություններ: Ինչպես տեղեկացանք, ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում, իսկ ռուսական թատրոնը ներկայացման համար ստացել է մասնակցության դիպլոմ։  

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չէր կայացել, եւ նախարարությունը նախընտրել էր նախկին տնօրենի ԺՊ Յուրի Իգիթխանյանին փոխարինել տնօրենի նոր ԺՊ-ով՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանով, ով, սակայն, չի մեկնել ֆորումին։ Ինչպես մեզ հետ զրույցում նկատեց Մխիթարյանը, իր չմեկնելը պայմանավորված էր միայն նրանով, որ վաղօրոք ամեն ինչ ամրագրված է եղել, եւ ցուցակում նշված է եղել տնօրենի նախկին ԺՊ Յուրի Իգիթխանյանի անունը․ «Եվ, ի վերջո, դա Յուրայի կազմակերպած մասնակցությունն էր այդ ֆորումին, դրա համար ավելի ճիշտ էր ու նպատակահարմար, որպեսզի նա մեկներ, եւ ոչ մի ծրագիր չփոխվեր, որովհետեւ առայժմ թատրոնում ոչ մի ծրագիր չի փոխվում, ամեն ինչ գնում է իր հունով»։

Թե թատրոնի տնօրենի պաշտոնի համար երբ է մրցույթ հայտարարվելու, Մխիթարյանն ասաց, որ նախարարությունը որոշակի փոփոխություններ է նախապատրաստում մրցույթների անցկացման մասով։ «Քանի որ նախարարությունները միավորվեցին, եւ հիմա դա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է, այժմ այդ բոլոր ոլորտների համար ձեւավորվում է ընդհանուր միասնական մի համակարգ, թե ինչպես կարելի է այդ մրցույթը կամ քննությունն անցկացնել»,- ասաց նա ու նկատեց, որ այդ նոր մոդելը դեռ ձեւավորման փուլում է, ուստի դժվար է ասել, թե նախարարությունը երբ մրցույթ կհայտարարի թատրոնի տնօրենի պաշտոնի համար։ Թե ինչով է այդ համակարգը տարբերվելու, արդյոք նոր չափանիշնե՞ր են սահմանվելու, թե՞ ոչ, Մխիթարյանն ասաց, որ տեղյակ չէ։ «Թատրոնի աշխատանքներն այս պահին առաջ են գնում, եւ այն, ինչ նախատեսված էր, լինելու է»,- ասաց ու հավելեց, որ առաջիկայում թատրոնը ներկայացումներով կմասնակցի Գավառում, Վանաձորում կայանալիք փառատոներին։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են իր հարաբերությունները թատրոնի կոլեկտիվի հետ, կոնֆլիկտներ ունենում է, թե ոչ, ասաց․ «Ես կոնֆլիկտային անձնավորություն չեմ եւ սիրում եմ բոլոր կոնֆլիկտները հարթել, բոլոր սուր անկյունները մեղմացնել։ Հիշո՞ւմ եք, մի սովետական մուլտֆիլմ կար, որտեղ ասվում էր․ «Ребята, давайте жить дружно!»։ Այ, դա իմ կարգախոսն է»։