Գյումրիում եռուզեռ է (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրիում եռուզեռ է (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրիում այս պահին եռուզեռ է:Վարդանանց հրապարակը մարդաշատ է,պատրաստ է ռուսական ընկերության կողմից տեղադրված ամենամեծ բեմահարթակը: «Ավրորա» ֆորումի շրջանակներում այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսված Հանրապետության երկրորդ քաղաքում:

Քիչ անց հրապարակում դպրոցականների մասնակցությամբ կմեկնարկվի աննախադեպ մարդասիրական ֆլեշմոբ, որին կհաջորդեն Ավրորայի մրցանակաբաշխության մասնակիցների ողջույնի խոսքերը: Երեկոյան սպասվում է շքեղ տոնական համերգ, իսկ մինչ այդ հյուրերի մասնակցությամբ դրվելու է Բաեկամության պուրակի հիմնաքարը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում կանցկացվեն լայնամասշտաբ միջոցառումներ բարեկամության, երախտագիտության եւ մարդասիրության խորհրդի ներքո:

Հանրային միջոցառումները կմեկնարկեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության եւ երախտագիտության խորհուրդների կարեւորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ եւս մեկ անգամ կարեւորելով երախտագիտության խորհուրդը:  

Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրն իրականացվում է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել եւ զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները եւ արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը:

Մշակութային Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոն գյումրեցիների համար կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի եւ D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաեւ Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը եւ TmbaTa նվագախումբը:

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D'Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները:  Համերգը նվիրված է լինելու բարեկամության եւ երախտագիտության խորհրդին:

D'Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար եւ EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է եւ սիրված ոչ միայն նախկինում՝ Երեւանում եւ Դիլիջանում կայացած իր համերգներներով՝ որպես երաժիշտ, այլեւ որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար: 

D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից: Խմբի ինքնատիպ կատարումների շնորհիվ այս համերգը կդառնա անմոռանալի երաժշտական տոն գյումրեցիների համար: Համերգի մուտքն ազատ է:  

Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված են լինելու պատվավոր հյուրեր եւ միջազգային հանրության ներկայացուցիչներ: