Ուրացում

Ուրացում

Ինչպե՞ս հնարավոր եղավ մեզ հետ այսօրինակ մեծ ողբերգություն՝ ազգային, պետական ու մարդկային ահռելի կորուստներով: Մի՞թե հին ու փորձված ազգը իրեն կարող էր թույլ տալ նման աններելի սխալ՝ երկիրը վստահել ամբոխածին տարրերին եւ հայտնվել կազմալուծման խորխորատում: Վերլուծաբանների մի մասն ասում է, որ ժողովրդավարության ներկայիս կարգն է համազգային այս աղետի գլխավոր պատճառը, այն հասարակությանը մոլորեցնելու լայն հնարավորություններ է տալիս:

Համամիտ եմ նրանց հետ, իմ հերթին կհավելեմ ու կորոշակիացնեմ այդ միտքը՝ մեր պետության ներկայիս ամենավտանգավոր որոգայթը հենց ժողովրդավարությունն է՝ իր այսօրվա մոդելով ու ռեսուրսներով: Այլ վերլուծաբաններ պնդում են, որ Հայաստանը /Արցախի հետ/ վերջին երեք տարիներին, ըստ էության՝ մեծապես խարխլվել էր ներսից ու դրսից՝ գործող իշխանության հիմար ու վնասարար քայլերի հետեւանքով, եւ թշնամին անհապաղ օգտագործեց իր համար այդ պատեհ առիթը՝ հաշվեհարդար տեսնելու մեզ հետ: Եվ պետական-ազգային խարխլումն այժմ շարունակվում է մի այլ խորքով ու թափով, այսինքն՝ նոր պատերազմի վտանգը շարունակում է աճել, քանի որ թշնամի ազերաթուրքերը դեռ լիովին չեն հասել իրենց վաղեմի նպատակին: Միայն կույրն ու տհասը կարող են առարկել այդ հիմնավոր եզրահանգմանը: 

Եղան բազմաթիվ այլ դիտարկումներ՝ նույնպես ողջամիտ ու առարկայական, որոնք բացահայտում են ազգային մեր ողբերգության այլ դրդապատճառներ, բայց դրանք առավելս պտտվում են հասարակական, ռազմա-քաղաքական ակնհայտ փաստերի շուրջ. կայացող դիսկուրսը, իմ դիտանկյունից՝ հազվադեպ է ներառում հանրության բարոյա-հոգեբանական վիճակի խորքային մի շարք երեւույթներ, որոնք իրականում ատաղձն են հանրային վարքագծի, հետեւաբար եւ՝ իշխանական գործելակերպի: Ես հիմա կանգ կառնեմ դրանցից մեկի վրա, որի ազդու ներգործությամբ նաեւ, իմ խորին համոզմամբ, տեղի ունեցավ մեր ազգային ներկա ողբերգությունը:
Ուրացում: Տարօրինակ է, որ մարդկային յոթ մահացու մեղքերի շարքում /հպարտություն, նախանձ, որկրամոլություն, կիրք, բարկություն, ագահություն, ծուլություն/ այս արատը ներառված չէ: Որքան թույլ են տալիս իմ կենսափորձն ու գիտելիքները դատելու, ուրացումն առավել վտանգավոր ու ծանր արարք է, քան վերոնշյալ յոթնյակի կեսից ավելին. ասենք՝ ի՞նչ են հպարտությունը, որկրամոլությունը, կիրքը, ծուլությունը, թեկուզեւ նախանձը ուրացման կողքին:

Գուցե՞ վեցերորդ դարում, երբ Գրիգորիուս Մեծ Պապը վերջնական տեսքի էր բերել այդ ցանկը, ուրացումն առանձպաես տեղ չուներ հռոմեական-կաթոլիկ տվյալ ժամանակաշրջանի մարդկային խառնվածքի արատավոր առաջնաշարքում… Հազիվ թե: Բայց ես քրիստոնեական հավատալիքի առնչությամբ բանավեճ բացելու մտադրություն չունեմ: Պարզապես ուզում եմ շեշտել, որ ուրացումը պակաս մահացու մեղք չէ, անկախ նրանից՝ այն ներառվա՞ծ է որեւէ ցանկում, թե՞ ոչ: Ավելին կցանկանայի ասել՝ ուրացումն իսկապես հաճախ է հանգեցնում հակասությունների ու հակամարտությունների, մահվան ու տանջանքների, բախումների ու կորուստների, բարոյազրկման ու ապամարդկայնացման, ինչպես եղավ մեր ներկա ժամանակներում:

Ես իմ առանձին մատնանշումները կանեմ մեր հոգեւոր-մշակութային ու հասարակական-քաղաքական դաշտերի այն դեպքերի վերաբերյալ, որոնք ունեցել են հանրային հնչեղություն, բայց՝ մեծամասամբ այլ հատկանշումներով: Այսպես՝ մենք կործանարար հունի մեջ հայտնվեցինք, 
- երբ հանրության մի ստվար զանգված սկսեց ուրանալ ազգային միասնությունը՝ որպես մեր ժողովրդի գոյության հիմնաքար, 
- երբ սկսեց ուրանալ ու արհամարհել Արցախյան Ազատամարտը,
- ուրանալ բուն Արցախը, այդպես ուրանալով Հայրենիքը,
- երբ սկսեց ուրանալ ազգային հիմնական արժեքները՝ լեզուն, պատմությունը, եկեղեցին, դրանք նսեմացնող ու ոտնահարող տարատեսակ քայլերով,
- երբ իշխանությունը գրաված երիտհայերը սկսեցին ուրանալ ու վարկաբեկել Հայոց բանակի հաղթական կերպարը եւ նրա համապետական առաջնային դերակատարումը, 
- երբ սկսեցին ուրանալ Հայաստանի անկախության ամրապնդման համար եւ ազգային պետություն կերտելու ճանապարհին խոշոր ավանդ ներդրած գործիչներին ու անհատներին,
- երբ, մասնավորապես, ուրացան ՀՀ առաջին ու երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի անժխտելի ու էական ծառայությունները՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների ձեւավորմանը, պաշտպանությանն ու զորացմանը,
- երբ այդ ուրացումն արտահայտվեց նաեւ՝ առաջին նախագահի հանդեպ քամահրանքի ու ծաղրի, իսկ երկրոդի հանդեպ՝ քաղաքական հետապնդման ձեւով,
- երբ ուրացան ազգային էլիտայի բուն փաստն ու նշանակությունը,
- երբ սկսեցին ուրանալ Հայ Դատը եւ խոնարահվել թշնամու առաջ,
- երբ սկսեցին ուրանալ իրական դաշնակիցներին եւ թշնամու գրկում հովանի փնտրել,
- երբ սկսեցին ուրանալ ազգային համերաշխությունը եւ կենդանաբար տրվել պառակտիչ ոգուն,
- երբ հազարավոր մարդիկ սկսեցին ուրանալ հայ մարդու բուն առաքելությունը՝ պահպանել ու պաշտպանել հայկական ինքնությունն ու Հայաստանը /Արցախի հետ/ ամեն կարգի մասնատումներից ու օտարումից, հարձակումներից ու դավերից, շահարկումներից ու լղոզումներից,
- երբ սկսեցին ուրանալ ազգասեր-հայրենասեր իրական ուժերին, նրանց անձնվիրությունն ու մաքառումը՝ չմիանալով նրանց կենսական-փրկարար պայքարին…

Բավական է, ընդհատեմ թվարկումը: Վերը նշված ուրացումներից յուրաքանչյուրն առանձին մահացու մեղք է, չգերբեռնեմ ազնիվ ընթերցողի միտքն ու հոգին ցավագին հիշատակումներով, թեպետ նա պակաս քաջատեղյակ չէ այդ միտումնավոր մեղանչումներին: Երբեք ուրացումն ու ժխտումը լավ տեղ չեն հասցրել, այդ ամենը, որպես կանոն, ավարտվում է ավերիչ ձախողումով, հատկապես՝ ազգային-պետական գործունեության մեջ: Ուրանալն ու ժխտելը փոքր-ինչ ընդունելի են արվեստում՝ ստեղծագործական նոր հորիզոններ նվաճելու շարժառիթով, թեեւ դա էլ հաճախ անհաջողության մատնվող մտայնություն է:

Չի կարելի ուրանալ անուրանալին, չի կարելի ժխտել անժխտելին: Որքան էլ ներկայիս իշխանամոլ եւ պարտության փշե սեւ պսակն իրենց գլխներին հոխորտացող երիտհայերը աղաղակեն, թե ի վնաս Հայաստանի է գործել, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանը, այդ վայնասունից երկրորդ նախագահի իրական ու նշանակալից ավանդի մեծությունը չի նվազի ու չի ջնջվի: Նրան ուրանալով՝ նա ասպարեզից ու պատմությունից չի օտարվում, նա դարձյալ մնում է պետական-քաղաքական նույն բարձրակարգ ու պահանջված գործիչը՝ լի կարողությամբ՝ ընկած տեղից կրկին վեր բարձրացնելու Հայաստանը/Արցախի հետ/: Այս դատողությունը լրիվ վերագրելի է նաեւ Վազգեն Մանուկյանին: Նման կարգի գործիչներին ուրանալ եւ առաջ մղել անվաստակ ու պատեհապաշտ արկածախնդիրներին, առավելս՝ ապիկարներին ու խեղկատակներին, պարտվողներին ու հանձնվողներին, հայրենամերժներին ու թշնամամիտներին՝ ազգային-պետական դավաճանությանը հավասարազոր, գուցե՝ գերազանցող արարք է:

Ուրացումը սովորաբար ուղեկցվում է ժխտմամբ ու ատելությամբ: Վերջին երեք տարում հատկապես շատ է խոսվել /եւ բավական տեղին/ ատելության մասին՝ առ այն, որ Հայաստանը վերածվել է ատելությամբ խոշտանգված երկրի՝ ներկայիս իշխանության քստմնելի պահվածքի հետեւանքով: Դա անժխտելի ճշմարտություն է, պետք չէ ուրանալ նաեւ դաժան ճշմարտությունները: Որպեսզի ժխտես ու ատես ինչ-որ բան, նախ, պետք է ուրանալ, իմա՝ ուրացումը հիմնաքարային արատ է, որը կարող է ներքուստ, ապա եւ ֆիզիկապես քայքայել մարդուն, հանրությունը, ազգն ու պետությունը: Ընդ որում՝ ուրացումը գրեթե նույնչափ վտանգավոր է եւ ուրացողի, եւ ուրացվողի համար: Ոչ մի գիտակից զանգված ու անհատ չի հանդուրժի, երբ իրեն ուրանում են:

Հայերիս համար ուրացումը տիպական բնութագրիչ չէ, կարծում եմ՝ այդ տեսակետին ոչ ոք փաստարկված չի կարող առարկել: Նույնիսկ մեր ոխերիմ թշնամիները մեզ ուրացող չեն համարել. մենք չենք ուրացել համամարդկային, հոգեւոր ու ազգային արժեքները, ընդհակառակը՝ լիովին ապավինել ենք դրանց՝ դուրս պրծնելով պատմական՝ անհուսալի թվացող բազմաթիվ ծուղակներից: Ներկա պահին Հայաստանում բացահայտ գործում եւ սուր են ճոճում հազարավոր ուրացողներ՝ ժանիքավոր ու մոլեգնած ուրվականների պես: Մեր երկիրը պատված է ուրացման ու ատելության խեղդիչ մեգով, որից ազատվելն իրեն շիտակ հայ զգացող եւ Հայոց երկրի պատասխանատու քաղաքացի համարող մարդկանց վերահաս պարտականությունն է: Հայաստանի ու Արցախի օդը/մթնոլորտը/ պետք է մաքրվի «Հայրենապահ» մակնիշի հզոր օդորակիչներով եւ պաշտպանվի այդ նույն մակնիշի համակարգերով: 

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ