Ապրիլի 24-ին բեկում մտցնենք մեր կյանքում

Ապրիլի 24-ին բեկում մտցնենք մեր կյանքում

Կարծես ամեն ինչ ասված է, գրված՝ ցավով ու տառապանքով ապրված այս ամիսներին։ Սա ի՜նչ արհավիրք էր, ի՜նչ երկնային պատիժ, անվերջանալի, անելանելի դրություն։ Ամենամեծ կսկիծը մեր երեխաների կոտորածն էր, ամենաանդառնալին, հաջորդը՝ հողերի, երկրի կորուստը, եւ, վերջապես՝ անտանելի է նաեւ մեր հասարակության մի ստվար զանգվածի խանգարմունքը, բանականության կորուստը։ Լավ, այսքան անուղեղ ու տհաս ա՞զգ ենք եղել եւ ապրել ենք մշտապես գլուխ գովելով՝ գերագնահատելով մեր ինտելեկտը, գրագիտությունը, մեզ համարելով աշխարհի լավագույն ազգերից մեկը։

Իսկ իշխանություններն այնքան թքած ունեն մեր կենսունակ, մտածող ժողովրդի վրա, որ արդեն խոսում են թուրքերի հետ համատեղ հյուրանոցի շինարարության, շենքերի սեփականացման եւ այլ համատեղ գործունեության մասին։ Թուրք-ադրբեջանական ոհմակը շարունակում է իր նվաստացման լկտի քաղաքականությունը։ Այս ահավոր աղետից հետո, որ 44 օր անընդմեջ բնաջնջեցին մեր տարածքները, կտոր-կտոր արին մեր լույս, մեր թանկ, մեր պայծառ զավակներին, գերեվարեցին մոլորվածներին, տնավեր արեցին հազարավորներին եւ դեռ շարունակում են մտնել Հայաստանի տարածք, տներ, փողոցներ, արոտավայրեր վերցնել եւ դեռ խոսել Երեւանի ու Սեւանի մասին։

Ո՞վ պետք է լինի այն տականքը, այն ստորը, որ բարեկամության ձեռք սեղմի նրանց հետ։ 
Հայաստանս կանգնած է անելանելի, անփարատելի վշտի առջեւ։ Աստված մեզ տվեց դավաճան իշխանություն եւ զրկեց մեր ժողովրդին մտածելու կարողությունից։ Ապրիլի 24-ին հուշահամալիր գնալու են նաեւ մեր միջի թուրքերը, ինչպես միշտ։ Մենք չենք իմացել, թե որքան շատ է մեր միջի կեղտը։

25 տարի շարունակ Նիկոլը ոչ մի տարի եղեռնի հուշահամալիր չի գնացել, ապրիլի 24-ին նա եւ ընկերները՝ ընտանիքներով, գնում էին բնության գրկում քեֆ անելու։ 2020 թվականին նա առաջին անգամ կնոջ հետ հանդիսավոր քայլեց դեպի հուշահամալիր. իրադրության տերն էր։ Բոլորին արգելված էր, իսկ որպես երկրի թագավոր՝ նա ճեմեց, ու սիրտը փառավորվեց։ Թրքասիրությունը մշտապես եղել է նրանց գործունեության առանցքը։ Նիկոլը երբեք չի լքելու աթոռը՝ ոտքի կանգնած խելացի, հասկացող մասսան անզոր է նրան հեռացնելու։ Անգրագետ, տհաս, շահամոլ խաժամուժն է իրեն պահելու, որն այսքանից հետ կաշառվում է չնչին գումարով ու սուտ խոսքով։

Այս ի՜նչ չարիք էր, որ եկավ մեր ազգի գլխին։ Ու դեռ չի ամաչում՝ Ստեփանակերտի կառուցապատումից է խոսում։ Ես համոզված եմ, որ եթե Պուտինը պատերազմը չկանգնեցներ, Ստեփանակերտն էլ էր տալու։ Դա էլ ռուսներին էր պետք՝ տեսան, որ էս երկրի ղեկավարն ուրիշ մտադրություններ ունի, բացարձակ պետքը չեն օրական 200-ից ավելի զոհերը, տարածքների կորուստը։ Առանց մի կրակոցի հանձնվեց նաեւ Շուշին, թուրքի բաժին դառավ Հադրութը։
Ապրիլի 24-ին պետք է մեծ ցույց կազմակերպել հենց եղեռնի հուշահամալիրում, արգելել դավաճանի մուտքը։ Եթե համարձակվի գալ, պետք է ամեն ինչ անել, որ մեր միջի տականքն ուշքի գա, այդ օրը դարձնել առանցքային։ Կոչ անել մեր գեներալ կոչվածներին, զինվորականությանը, մտավորականներին, բոլոր բնագավառների աշխատողներին՝ մասնակցել եւ վերջապես բեկում մտցնել իրադարձությունների մեջ։ Եթե ոչ՝ 21-րդ դարը կդառնա հայ ժողովրդի կործանման դարը, եւ սա իրական վտանգ է, լոկ խոսքեր չեն։  

Այսպես շարունակվել չի կարող. ո՛չ ապրում ենք, ո՛չ մեռնում։ Կյանքը տառապանք է դարձել։ Կոնկրետ քայլերի է պետք դիմել։ Մի՞թե այսքան ամուլ է հայ արգանդը։

Անահիտ Այվազյան