«Թրի մնացո՞րդ», թե՞ ժողովուրդ

«Թրի մնացո՞րդ», թե՞ ժողովուրդ

Առջեւում ընտրություններ են: Ամեն մարդ սիրում է գուշակություններ անել: Ընդ որում, ոչ թե իրատեսական տվյալների վրա հիմնված, այլ` սեփական ցանկությունների: Երկու ծայրահեղություններն էլ առկա են. առանց Նիկոլի Հայաստան, կամ Նիկոլը՝ կրկին վարչապետ: 
2018  թվականի իշխանափոխության օրերին երիտասարդ տղաներից մեկը հայտարարեց, որ 600 տարուց հետո, առաջին անգամ ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կերպարը: Այն օրերին սա թեւավոր խոսք էր: Մնում էր հետեւել կերպարի զարգացմանն ու դրսեւորումներին:  Ցավոք սրտի, արդյունքները գոհացուցիչ չեղան: Լավագույն օրինակը մեզ պիտի տար ինքը՝ վարչապետը, որ ընտրության պահին փորձեց իրեն համեմատել Նելսոն Մանդելայի հետ:

Սակայն այն, ինչ տեսանք նրանից, ընդամենը ամբոխային հաճոյախոսական աճպարարություն էր ու խանգարված մտքի արտանետումներ: Կամ՝ իր կինը, որ աշխարհի եւ ոչ մի առաջին տիկնոջ նման չպահեց իրեն՝ հատկապես վեհափառին ներկայանալու ժամանակ: Փոխանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեւավորվեր, ստեղծվեց եւ հրապարակ իջավ «աջակիցներ» համարվող խաժամուժ ամբոխ, որոնք շեֆի հրահանգով վրեժ պիտի լուծեին այն քաղաքացիներից, ովքեր իրենց բնական զայրույթն էին արտահայտում ստորացուցիչ համաձայնագրի ստորագրման առթիվ: Չտեսանք այն քաղաքացու կերպարը, որ խոստացան մեզ: Ընդհակառակը, եղածն էլ սեւի ու սպիտակի բաժանելով՝ աղճատեցին ու քանդեցին: 

Նորընծա իշխանավորները շատ արագ գլխի ընկան, որ իրենց աթոռները պահելու համար պետք է անվերապահորեն «կերակրեն» աջակիցների այդ բանակին: Իրենց ուշադրության կենտրոնում պահելով նրանց հիվանդագին հույզերն ու ցանկությունները, բանուգործ թողած՝ զբաղվեցին նախկինների նկատմամբ վրեժխնդրական գործողություններով: Իրենց անճարակությունը քողարկելու համար ամեն առիթով մեղավորներ փնտրեցին ամենուրեք, բացի իրենց միջից: Դա եղավ իրենց բանուգործը՝ ամբողջ երկուսուկես տարի: Իսկ թշնամին պարապ չմնաց: Նա էլ պահը գտավ ու վրեժ լուծեց մեզնից: Ընդամենը մի քանի միլիոն կարողացան պոկել նախորդներից, փոխարենը միլիարդներ նվիրեցին Ադրբեջանին: «Հպարտ քաղաքացիներ» գոռալով՝ ջնջեցին ամբողջ հայության ազգային հպարտությունը: Ըստ Հակոբ Պարոնյանի` «առաջ» «պոռացին», բայց ետ-ետ գնացին: Նորից մնացինք մենք ու թուրքի ասածը` «թրի մնացորդ»...

Հիմա եկել է պահը սթափվելու: Եթե նորից պիտի գլուխներս կորցրած ընկնենք այս խեղկատակի ետեւից ու չմտածենք, թե ինչ է սպասվում մեզ, ուրեմն մենք հենց այս ենք, որ կանք, ու արժանի ենք սրանց: Այլեւս զգուշությամբ պիտի արտասանենք «հայ ժողովուրդ» բառակապակցությունը: Քանզի շատ ենք իջել այդ կոչմանն արժանանալու մակարդակից...

Եթե մեր մեջ նորից պիտի գլուխ բարձրացնեն ոչ թե հայրենականն ու ազգայինը, այլ հարեւանի ունեցածը ձեռքից խլելու մաղձը...

Եթե պիտի մտածենք, որ այն, ինչ եկավ մեր գլխին, ոչ թե սրանց անճարակության ու աճպարարության պատճառով էր, այլ բոլոր նախկինների գործած մեղքերի ու սխալների...
Եթե ազգային կոչումից պիտի իջնենք այս խեղկատակի «աջակիցների» մակարդակին...
Եթե ազատագրված տարածքներից հետո այս անգամ էլ պիտի Սյունիքը զիջենք...
Ուրեմն թրի մնացորդ ենք, որ կանք, այն էլ՝ չնչին մնացորդ...

Վահան Դարբինյան