Մեդալը՝ որպես քծնանքի գործիք…

Մեդալը՝ որպես քծնանքի գործիք…

Որպես կանոն, մարդուն մեդալ կամ շքանշան պետք է շնորհել իր կատարած ինչ-որ լավ, հերոսական, ազգանպաստ արարքի, արդյունավետ գործունեության, որեւէ ոլորտում կատարած գյուտի, նորարարության համար, երբ արդեն տեսանելի է այդ ամենի դրական արդյունքը: Վերջին տարիներին, սակայն, մեդալն ու շքանշանը դարձել են որպես քծնանքի, կաշառելու յուրահատուկ միջոց, գործիք: Ով ունի մեդալ շնորհելու որեւէ լծակ կամ կարգավիճակ, այդ առիթն օգտագործում է ոմանց քծնելու, հաճոյանալու համար: Այդ գործելաոճը նոր չէ. այն գործում էր Սերժ Սարգսյանի օրոք: Որպես կանոն, ամենաշատը մեդալների էր արժանանում Սերժ Սարգսյանը. շատերի կարծիքով, դա դեպի նախագահի սիրտը տանող հեշտ ու կարճ ճանապարհ էր: Այդ հաճույքից զերծ չէին մնում նաեւ վարչապետները, նախարարներ, բարձր ու միջին օղակի պաշտոնյաներ, անկախ այն բանից՝ նրանք այդ ոլորտի հետ որեւէ կապ ունեցե՞լ են, թե՞ ոչ:

Մեդալների մի ամբողջ հավաքածու ունի քրեական տարբեր պատմությունների կիզակետում կոփված Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թեեւ չի ծառայել բանակում, սակայն մեդալներ ու շքանշաններ է ստացել ՊՆ-ից, ԵԿՄ-ից, ոստիկանությունից եւ շատ այլ կառույցներից: Մեդալներ ու շքանշաններ շռայլելուց զերծ չէր մնում նաեւ Սերժ Սարգսյանը. նա Գագիկ Ծառուկյանին «չարիք» անվանելուց մի քանի ամիս անց, նրա սիրտը շահելու համար, պարգեւատրեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով: Իսկ իր եղբորը՝ Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի ղեկավար Լեւոն Սարգսյանին, պարգեւատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով: Անգամ Թոխմախի Մհերն է արժանացել մեդալի, այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, Անանիա Շիրակացի մեդալին։ Այս մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության եւ տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի ու հայտնագործությունների համար։

Օրերս Հայաստան էր ժամանել Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը: Հայկական երկու հանրապետությունների ոստիկանության պետերը ստորագրել էին համագործակցության մասին հուշագիր: Նորմալ փոխգործակցության ակտ է՝ հասկանալի: Սակայն անհասկանալի է, որ հայկական երկու հանրապետությունների ոստիկանապետերը փոխադարձաբար իրար պարգեւատրեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով. ԱՀ ոստիկանապետը մեդալ շնորհեց ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ոստիկանապետը՝ ԱՀ ոստիկանապետին։ ԱՀ ոստիկանապետ Հակոբջանյանը պաշտոնում նշանակվել է երկու ամիս առաջ, ՀՀ ոստիկանապետ Ղազարյանը՝ մոտ մեկ ամիս առաջ: Այսինքն՝ այս մեկ-երկու ամսվա ընթացքում երկու ոստիկանապետերը հազիվ նոր հարմարվել են իրենց պաշտոնական աթոռներին, հավանաբար, սա երկու պաշտոնյաների առաջին հանդիպումն է այս պաշտոնում նշանակվելուց հետո:  Մեկ-երկու ամսում այդ ի՞նչ համագործակցության արդյունք տեսան, ո՞րն է դրա երեւացող ու աներեւույթ արդյունքը, որ փոխադարձաբար մեդալներ շռայլեցին միմյանց: Թե՞ այդ մեդալները տրվեցին «ավանսով»՝ հետագայում լավ համագործակցելու ակնկալիքով: 

ՀԳ․ Հավանաբար, հենց մեդալներն էին «թրջում» «Ծիրանի» ռեստորանում, որտեղ «Հրապարակի» օպերատորը փորձել էր նկարահանել ոստիկանական մարդաշատ փարթին եւ հարձակման ենթարկվել թիկնապահների կողմից։ Նրանք մեր աշխատակցի ձեռքից խլել էին հեռախոսը, ջնջել կադրերը եւ սպառնացել, որ «պրոբլեմներ կունենա»։