Հանձնաժողովի որոշումից է կախված՝ ԱԺ-ն կզրկի՞ Ծառուկյանին մանդատից, թե՞ ոչ

Հանձնաժողովի որոշումից է կախված՝ ԱԺ-ն կզրկի՞ Ծառուկյանին մանդատից, թե՞ ոչ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս տարվա հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով վարույթ է հարուցել: Դրա համար առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։ Կարապետյանը, պարզ լեզվով ասած, հայտնաբերել է, որ Ծառուկյանը, լինելով պատգամավոր, նաեւ բիզնեսմեն է եւ մասնակցում է իրեն պատկանող ձեռնարկությունների կառավարմանը։ Բանն այն է, որ 2020 թ․ հունիսի 23-ի «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության ընդհանուր ժողովին մասնակցել է անձամբ Ծառուկյանը, որպեսզի դադարեցնի ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ԺՊ նշանակի Արայիկ Կեսոյանին, քանի որ Առուստամյանը գտնվում է կալանքի տակ։ 
Արձանագրության տակ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի ստորագրությունն է, որն էլ նման «սահմռկեցուցիչ» բացահայտումների առիթ է հանդիսացել, որ Ծառուկյանը զբաղվում է բիզնեսի կառավարմամբ՝ լինելով ԱԺ պատգամավոր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, որն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով է այս պաշտոնում ընտրվել, մեզ հետ զրույցում ասաց, որ վարույթի քննության համար 90 օր ժամկետ է սահմանված, որի ընթացքում կուսումնասիրեն եւ որոշում կկայացնեն։

- Տիկին Հարությունյան, ստացվում է՝ Հայաստանում ցանկացած ոք կարող է դիմում ներկայացնել ձեր հանձնաժողովին՝ որեւէ մեկի դեմ, եւ դուք պարտավոր եք այն վարո՞ւյթ ընդունել։

- Չէ, ուսումնասիրում ենք, բայց հիմնականում էդպես էլ լինում է, որ դիմումը հիմք է արդեն վարույթ հարուցելու համար։

- Այստեղ կամայականության խնդիր չկա՞, օրինակ, մեկը մյուսին ուզենա վատություն անել, նայի նրա հայտարարագիրը, որեւէ բան գտնի եւ ուղարկի ձեր հանձնաժողով՝ վարույթ հարուցելու։

- Չէ, բայց էդպես չէ, որ այդքան հեշտ է գտնել, չէ՞, ինչ-որ մի բան։

- Հայաստանում, կարելի է ասել, հեշտ է, գրեթե բոլորի վրա էլ մի բան կարելի է գտնել։

- Չէ, այդքան էլ էդպես չէ, որովհետեւ էդ էնպես չէ, որ հաղորդում են գրում, կապ չունի՝ ինչ տեսակի տվյալի կամ ինչ տեսակի գործողության մեջ են ներկայացնում հնարավոր կասկածը ու վերջ՝ դատախազությունն արդեն դիմումն ստանալուց հետո նայում է, տասնօրյա ժամկետը լրանալուց հետո նոր որոշում է կայացնում։ Մեր պարագայում հստակ է ծավալը, կոնկրետ հայտարարագրման ենթակա տվյալներին է վերաբերում, հո մենք ամեն տեսակի տվյալի հիմքո՞վ չէ, որ վարույթ հարուցելու իրավունք կամ հնարավորություն ունենք։ Հստակ գրած է՝ հայտարարագրման ենթակա տվյալ։ Հիմա, եթե կոնկրետ անձի եկամուտը հայտարարագրման ենթակա տվյալ է, ու ինչ-որ մեկը բացել է անձի հայտարարագիրն ու տեսնում է՝ լրացված չէ, դա հո չեղա՞վ, որ ինչ հնարավոր է գտնել, գտնում են ու ներկայացնում են։

- Կոնկրետ Ծառուկյանի գործով արդեն ուսումնասիրություն կատարե՞լ եք, կա՞ն հիմքեր։

- Տեսեք, Հայկ Մարությանի գործը հիշո՞ւմ եք, Մարությանի վարույթը գրեթե նույնական դեպք էր մեզ համար։ Երկուսի պարագայում էլ եղել է փաստ՝ կոնկրետ անձին վերաբերող անհամատեղելիության մասով։

- Քանի որ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտնվել է քրեական հետապնդման ներքո, որի տակ քաղաքական ենթատեքստ են տեսնում, մտավախություն չունե՞ք, որ ձեր հանձնաժողովի հարուցած վարույթը եւս այդ կոնտեքստում ընկալվի, հատկապես որ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նոր հիշեցին, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսներ ունի։

- Այդ հարցը մեզ չի վերաբերում՝ ինչու նոր հիշեցին, որովհետեւ մենք ոչ թե նոր ենք հիշել, այլ որ պահին հարցը բարձրացվել է, նոր ենք դարձրել քննության առարկա։ Եվ մեզ ուղարկված դիմումը հիմք ընդունելով, որպեսզի նման շահարկումներ չլինեն, հանձնաժողովը որոշում է կայացրել եւ սկսել է ուսումնասիրել ոչ միայն Ծառուկյանի, այլեւ բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերը եւ մասնավորապես անհամատեղելիության խնդիրը՝ ում հայտարարագրում առկա է եղել կոնկրետ մասնաբաժնի կամ շահաբաժնի, կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու վերաբերյալ տվյալ։

- Ծառուկյանի փաստաբանն ինձ հետ զրույցում ասում էր՝ քանի որ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ում Ծառուկյանն իր բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման, գտնվում է կալանքի տակ, Ծառուկյանն ընդամենը փոխել է կառավարչին։

- Դրա համար, եթե մեր որոշումը՝ վարույթ իրականացնելու մասին, ուշադիր նայեք, մենք ընդգծված գրել ենք, որ վարույթի առիթը հանդիսացել է Ծառուկյանի ստորագրության փաստը։ Այսինքն՝ տվյալ անձի ստորագրությունը, որը ենթադրաբար պիտի չլիներ, պիտի դառնա խորը ուսումնասիրության առարկա, թե արդյոք այս ստորագրությունը միա՞կն է, եզակի՞ն է, կրկնվե՞լ է, սրա ազդեցությամբ պայմանավորված՝ կազմակերպություններում որոշումներն ի՞նչ ձեւով են կայացվել, արդյոք ինքը փաստացի հանձնա՞ծ է եղել հավատարմագրային կառավարման, բայց բովանդակային մասնակցությունը շարունակե՞լ է, թե՞ որոշումների կայացման ամբողջ ծավալն իսկապես հանձնված է եղել այլ անձի։ Դրանք հարցեր են, որ վարույթի շրջանակներում է միայն հնարավոր պարզել։

- Եթե հանձնաժողովը պարզի, որ խախտում կա, դա կարո՞ղ է հանգեցնել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացի։

- Տեսեք, հանձնաժողովն ընդամենը տալիս է եզրակացություն, թե կոնկրետ մտահոգության առարկա դարձած փաստը որպես խախտում որակվո՞ւմ է, թե՞ չի որակվում։ Թե ինչ որոշում կկայացվի դրանից հետո, դա անմիջականորեն վերաբերում է այլ մարմնի։ Այս դեպքում՝ Ազգային ժողովին։ Մենք տալիս ենք եզրակացություն՝ խախտում առկա՞ է, թե՞ առկա չէ, մնացածն արդեն իրացվում է համապատասխան մարմինների կողմից։