Իշխանությունից ով ուզում է իմ վրա աշխատել, թող գա կոշիկներս մաքրի, մազերս սանրի

Իշխանությունից ով ուզում է իմ վրա աշխատել, թող գա կոշիկներս մաքրի, մազերս սանրի

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ

-  Տեղեկություններ կան, որ ԲՀԿ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանին հետեւողներ են լինելու, անգամ ասում են՝ Դուք էլ կարող է վայր դնեք մանդատը: Իշխանություններն աշխատանք են տանում ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Շաբաթ օրը խմբակցության նիստ եք անցկացրել Առինջում, քննարկել եք Բագրատյանի պահվածքը: 

- Բագրատյանի հեռանալու շարժառիթների եւ պատճառների մասին բացարձակ տեղեկատվության չեմ տիրապետում, լավ կլինի՝ ինքը մեկնաբանի: Ես իմ համար եմ պատասխանատու ու կարող եմ ասել՝ իմ ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները գերազանց վիճակում են, ինքն իմ ավագ ընկերն է, մեծ ախպերը, ես կուսակցությունից դուրս գալու խնդիր չունեմ, եւ իմ վրա էլ ոչ մեկ չի կարող աշխատել: Շարունակում եմ մնալ խմբակցության պատգամավոր, պարզապես նյարդերս մի քիչ հանգստացնելու նպատակով 10 օրով որոշել եմ Ֆեյսբուք չմտնել:

- Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ անգամ անձնական տարածք մտնեն, Դուք նաեւ սոցապնախարար եք եղել, դասախոս, բացառո՞ւմ եք, որ այս թեմաներով փորձեն Ձեզ պոկել ԲՀԿ-ից:

- Նախկինում, այո, նախարար եմ եղել եւ վստահ եմ՝ եթե իշխանությունն իմ վրա կոմպրոմատ ունենար, ապա կգործեր: 5 տարի էլ եղել եմ մասնավոր բուհի ֆակուլտետի դեկան, 5 տարի՝Վանաձորի հայ-ռուսական միջազգային համալսարանի ամբիոնի վարիչ, Վերահսկիչում՝ վարչության պետ․ եթե կոմպրոմատ ունենային, շուտ էին հրապարակել: Ես ոչ մի կոռուպցիոն գործարքի մեջ ներառված չեմ, բիզնեսմեն չեմ, բացարձակապես խնդիր չունեմ, եթե ինչ-որ բան պիտի որոնեն, թող իրենց վրա որոնեն: Թե՛ ընտանեկան կյանքի առումով, թե՛ գործնական՝ ես անխոցելի մարդ եմ: Իսկ եթե իրենց գերնպատակն այն է, որ ինձ տեղավորեն որեւէ քրեակատարողական հիմնարկում, ես որեւէ խնդիր չունեմ: Ո՛չ վախենում եմ գաղութ մտնելուց, ո՛չ էլ իմ անցյալն ինձ համար ամոթալի է: Խնդիր չկա, կգնամ կնստեմ, եթե պետք է: Բայց ես որեւէ հանցավոր գործարքի մեջ, որեւէ ղազագրի տակ կքած մարդ չեմ:  
Իսկ եթե որեւէ մեկն ուզում է իմ վրա աշխատի, ասեմ, թե ինչ կարող է անի՝ գա, ասենք, մազերս սանրի, մեկ-մեկ ալարում եմ սանրվեմ, շորերս արդուկեն… հա, մեկ էլ՝ կոշիկներս այսօր կեղտոտ են, մի ժամից էլ տնից դուրս եմ գալու, թող գան կոշիկներս մաքրեն:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ են կենտրոնացել ԲՀԿ-ի վրա:

- Նրանք սարսափած են Գագիկ Ծառուկյանի հեղինակությունից. միակ մարդը, ով համավարակի, այս սովի պայմաններում իր հնարավորություններով կանգնեց ժողովրդի կողքին, Ծառուկյանն էր: Իրենք տեսնում են, որ Ծառուկյանի նկատմամբ վստահությունը, հարգանքն օր-օրի աճում է, դրա համար ավելի են գազազում: Ես ափսոսում եմ, որ մի մարդու կամքով այսօր մեր իրավապահ կառույցները դուրս են եկել ժողովրդի դեմ, եւ աննախադեպ անջրպետ է առաջացել երկուստեք փոխհարաբերություններում: Բա ասում էին՝ ոստիկանը մերն է, եթե մերն է, ինչո՞ւ են 2 երիտասարդ աղջիկների ձեռքերը ոլորած՝ ձեռնաշղթաներով բաժին տանում միայն այն բանի համար, որ դիմակ չեն կրել: Իշխանափոխության ժամանակ անձամբ ես ուրախ էի, հույս էի փայփայում, որ կվերանան ոստիկանություն-ժողովուրդ անջրպետը, ատելությունը, բայց Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այսօր խորացել են այդ ատելության եւ թշնամանքի փոխհարաբերությունները: Լավ, ամոթ է դիմակ չկրելու համար այսպիսի մթնոլորտ ձեւավորելը: Իրենց ներկայացուցիչներն այսօր որտեղ ուզում են, զվարճանում են՝ մի քանի տասնյակ մարդկանցով, ու դիմակ չեն կրում, իրենց կարելի է, բայց փողոցում քայլող աղջիկներին տանում են, ու երբ մի բան խոսում ես, ասում են՝ քրեական ենթամշակույթ է ներկայացնում: Բա ի՞նչ ենթամշակույթ ներկայացնենք, մաքրությունը մենակ համարյա էդտեղ է մնացել: Ուրիշ ի՞նչ ենթամշակույթ պաշտպանեմ, Արայիկ Հարությունյանի՞ ենթամշակույթը, թե՞ իրավապաշտպան կոչեցյալ Դանիել Իոաննիսյանի:

- Բայց ոչ էլ քրեական ենթամշակույթը:

- Ես քրեական ենթամշակույթ չեմ պաշտպանում, պաշտպանում եմ ճշտի ենթամշակույթ, իսկ քրեական ենթամշակույթ կոչված աշխարհում ճիշտն ավելի շատ են պաշտպանում, քան մեր քաղաքացիական: Մեր կյանքը սարքել են գործ տվողների, բանսարկուների կյանք՝ «նկարի, վիդեոն ուղարկի, որ պատժենք»․ սա ի՞նչ է նշանակում: Ես իրավաբան եմ, ո՛չ կարող եմ գողական կյանք ներգրավվել, ո՛չ էլ, բայց ճիշտը պիտի պահել, հենց այդ աշխարհում են շատ թե քիչ մնացել բարոյական օրենքները: Հիմա ուզում են դա էլ վարի տան, ընտանիքը վարի տան, «գրականություն» բառից եթե «հայ»-ը հանում են, դա դառնում է խորթ: Ո՞վ է Արայիկ Հարությունյան կոչեցյալը, ո՞վ է այդ անգրագետ արաբագետը (եթե պատիվ պահանջի, ես կապացուցեմ՝ արաբերեն չգիտի, բայց համարվում է արաբագետ), ո՞վ է այդ կիսագրագետը, որ կրթությունից հանի «հայ» բառը, սա հայակործան կառավարություն է:

- Եկեք վերադառնանք ԲՀԿ-ին…

- Ցանկացած կառույց, ցանկացած կուսակցություն եւ, առասարակ՝ կենդանի օրգանիզմ, մշտապես ինքնամաքրման գործընթացում է գտնվում, եւ եթե վաղը որեւէ մեկն էլ դուրս գա, պետք չէ զարմանալ:

- Քննարկեցի՞ք այդ հարցը՝ ինչո՞ւ հեռացավ Բագրատյանը, հնարավո՞ր է այլ պատգամավորներ եւս բռնեն նրա ճանապարհը․ ուրիշների անուններ էլ են տալիս:

- Դա այն հարցը չէ, որ քննարկենք: Բագրատյանն օգտվել է իր իրավունքից, ինքն է իր պատվի կրողը, թող ժամանակի եւ տարածության մեջ եւ պատմության առաջ պատասխան տա, թե ինչու այդպիսի որոշում կայացրեց: Ինչ վերաբերում է մյուսներին, հիմա շատերի անունները կարող են տալ, բոլորն էլ ազատ են իրենց դիրքորոշման մեջ: Ծառուկյանը որեւէ մեկի վրա չի բռնանալու: Ի տարբերություն մյուս ուժերի, ներկուսակցական դեմոկրատիան մեզ մոտ կա շատ ավելի ուժեղ, քան երբեւէ: Խնդիրն այն է, որ մեր խմբակցությունն ի սկզբանե իր թվով այնքան չէր, որ կարողանար որեւէ հարցի միայն իր ուժերով լուծում տալ՝ քննիչ հանձնաժողով ձեւավորել, վարչապետին անվստահություն եւ այլն: Այս պարագայում էական չէ՝ 1 պատգամավոր ավել, 1-ով պակաս: Հիմա ավելի լավ է ունենալ 20 հավատարիմ, քան 26 պատգամավոր՝ անհավատարիմ: Բայց այս պահին գոնե ես ինֆորմացված չեմ որեւէ պատգամավորի հեռանալու մասին: Անհատ պատգամավորների հեռանալով կուսակցությունը չի լուծարվելու, ընդհակառակը՝ իրենց փոխարինելու են նորերը:

- Բայց իշխանությունն անելու է ամեն ինչ, որ անջատվածները մանդատը վայր չդնեն:

- Գիտեք ինչ, մանդատը չպիտի դառնա… ես կարող եմ մանդատս վայր դնել, բայց մնալ Ծառուկյանի կողքին, այսինքն՝ այնպես չէ, որ մանդատը վայր չեն դնում, գնում են… Դուք պատկերացնո՞ւմ եք իրենց կարգավիճակը, դառնում են երկու տիրոջ ծառա, որովհետեւ անցյալի ապահովության համար երախտապարտ են Ծառուկյանին, բայց հիմա էլ իրենց ապագան են ուզում հանձնել ուրիշի քմահաճույքին:

- Իսկ հնարավո՞ր է ճնշումների ներքո Ծառուկյանը հետ կանգնի կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջից:

- Ես որքանով ճանաչում եմ Ծառուկյանին, ինքը նման քայլի պատրաստ չէ, բայց իր անունից հայտարարություն անելու իրավունք ինձ չեմ վերապահում: Բայց մենք միասնական ենք, վճռական ենք տրամադրված ոչ թե իշխանությունների դեմ, այլ երկիրն այս վիճակից հանելու համար: