Առաջարկվում է սահմանել ուսուցչի 4 բնութագիր

Առաջարկվում է սահմանել ուսուցչի 4 բնութագիր

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների մասնագիտական չափանիշների եւ դրա հետ փոխկապված՝ տարակարգի շնորհման նոր կարգի նախագծերը։ Առաջիկայում նախարարությունը պլանավորում է կազմակերպել նաեւ այս նախագծերի բաց քննարկում։ Համաձայն դրա, առաջարկվում է սահմանել ուսուցչի չորս բնութագիր՝ դասավանդող, ավագ, վերապատրաստող, հետազոտող ուսուցիչ։ Ըստ այդմ, կշնորհվեն նաեւ տարակարգերը։ 
Քանի որ հարցերն արդեն իսկ շատ են ներկայացված նախագծերի շուրջ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ուսուցչի մասնագիտական չափանիշների ու տարակարգի նոր կարգի տրամաբանությունը։

«Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ․ 
առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն, ինքնազարգացում եւ մանկավարժական համայնքի հզորացում:

Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվել են մասնագիտական գործունեության ձեւեր, օրինակ՝ դասավանդման մեթոդամանկավարժական կարողությունների համար դրանք հետեւյալն են. դասընթացների եւ դասերի պլանավորում, դասի վարում, ՏՀՏ-ի ինտեգրում, 21-րդ դարի հմտությունների խթանում եւ ռեսուրսների կառավարում։

Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձեւի համար սահմանվել են հստակ եւ չափելի կարողունակություններ։ Օրինակ՝ դասընթացների եւ դասերի պլանավորման համար. 
ա․ ուսուցիչը կարողանում է մշակել իր դասավանդած ուսումնական առարկայի թեմատիկ պլանը՝ հստակ սահմանելով ուսումնական նյութի յուրացման, կարողությունների զարգացման եւ գնահատման համար անհրաժեշտ ժամաքանակը՝ հանրակրթության պետական չափորոշիչի, առարկայի չափորոշիչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին եւ գնահատման մեթոդաբանությանը համապատասխան

բ․ ուսուցիչը կարողանում է կազմել առանձին դասերի պլաններ՝ հստակ նշելով դասի նպատակը, վերջնարդյունքները, խնդիրները եւ մեթոդները, յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ենթադրող գործողությունները, որոնք կնպաստեն սովորողների արդյունավետ ուսումնառությանն ու զարգացմանը

Նման կարողունակություններ են սահմանվել մյուս բոլոր մասնագիտական գործունեության ձեւերի համար։

Սահմանվել է, որ ըստ ոլորտների եւ մասնագիտական գործունեության ձեւերի կարողունակությունների մակարդակի՝ ուսուցչի չորս բնութագիր ենք առանձնացնում. 
դասավանդող ուսուցիչ, որի պարագայում հիմնական ակնկալիքն «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում է. պետք է բավարարել այս ուղղությամբ նշված մասնագիտական գործունեության ձեւերի առնվազն 70 տոկոսին։ Ավագ ուսուցիչ, որի պարագայում ակնկալիքը շարունակում է մնալ «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում. առնվազն 80 տոկոսի չափով։

Վերապատրաստող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» եւ «Ինքնազարգացում եւ մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարելու պայման կա։
Հետազոտող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» եւ «Ինքնազարգացում եւ մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարելու պայման կա։

Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում էլ շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են։ Փորձել ենք շեշտադրել ուսուցչի բուն մանկավարժական աշխատանքը ներկայացնելու կարեւորությունը՝ դասերի տեսագրություններ, դասապլաններ, թեմատիկ պլաններ, առաջադրանքների նմուշներ, կազմված բնութագրերի նմուշներ, որոնք առավել տեսանելի եւ հստակ են դարձնում ուսուցչի մասնագիտական բնութագիրը եւ տարակարգը դարձնում են ամբողջությամբ իր աշխատանքից կախված»,- նշել է Անդրեասյանը եւ խնդրել մանրամասն կարդալ ու առաջարկներ անել։ Ընդգծելով, որ այս մոտեցումների վրա աշխատել են շուրջ մեկուկես տարի՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ։ Մասնագիտական զարգացման հայեցակարգի մշակմանը ներգրավված է եղել նաեւ տեղական փորձագիտական թիմ՝ կազմված մասնագիտացված կառույցների, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներից, կրթության փորձագետներից։