Երկրագունդը, փաստորեն, քառակուսի է

Երկրագունդը, փաստորեն, քառակուսի է

Այո, այո, քառակուսի… Ու դեռ բավական չէ քառակուսի է, այն իրենց ուսերին են պահում Նիկոլը, Նիկոլի վկաները, Նիկոլի վասալները եւ Նիկոլի նորահայտ ընդդիմությունը: Գոնե արտաքուստ այդպես է երեւում, սակայն բոլորին էլ պարզ է, որ երկրագունդը պահողը Նիկոլն է, իսկ մնացածը միայն իրենց գլուխն են պահում այդ մեծ ու քառակուսի շվաքի տակ: Ադրբեջանում մի փոքր այլ է պատկերացումը: Նրանց հավատալիքներում երկրագունդը պահում են հայր եւ որդի Ալիեւները, այն տարբերությամբ, որ երկրագունդը ոչ թե քառակուսի է, այլ կնճիթավոր պոմպի է նման, որի օգնությամբ նավթ են արդյունահանում: Ռուսների համար երկրագունդը Պուտինն է` իր ամեն ինչով… Անունն էլ՝ Վլադիմիր, ասել է՝ աշխարհի տիրակալ:

Բավականին հետաքրքիր է ուկրաինացիների աշխարհընկալումը: Նրանց հավատալիքներում երկրագունդը յոթթեւանի աստղ է, որն իրենց ուսերին են պահում G7-ի երկրների ղեկավարները՝ երկու նախագահ, մեկ ռեյխս կանցլեր եւ 4 վարչապետ: Ուկրաինացի ծանոթիս հարցնում եմ՝ իսկ ձեր նախագահն ինչո՞ւ չի մասնակցում այդ կարեւոր գործին: Ձեռքը թափ է տալիս՝ ավելի լավ, որ չի մասնակցում…

Չէ, մեր Նիկոլը ոչ միայն մասնակցում է, այլեւ հենց ինքն է պահում երկրագունդը: Ու նաեւ շատ լավ է, որ մեր փայ երկրագունդը քառակուսի է: Հիշո՞ւմ եք, Մուրացանի հերոսն ինչպես անհանգստացավ, երբ քաղաքում ուսում առած երիտասարդը նրան համոզում էր, որ երկրագունդը կլոր է: Բա որ կլոր է, հարցրեց, ինչո՞ւ չի գլորվում ու ընկնում Սեւանը… Մի խոսքով՝ մեր հավատալիքներում հուսադրող շատ բաներ կան, եւ, իմ կարծիքով, դրանք պետք է լավ պահպանել:
Այժմ երկու խոսք Նիկոլին այդ ծանր, բայց եւ պատասխանատու գործում օգնողների մասին: Հասկանալի է, չէ՞, որ նրանք, որպես Նիկոլի օգնականներ, մնալու են պատմության մեջ: Եվ ահա ես կուզենայի նրանց եւս հիշատակել եւ գնահատել, որպեսզի մեր ապագա սերունդները մեզ չմեղադրեն, թե ո՞վ են սրանք՝ այս պատահական անցորդները, որոնց անունները գրել եք դասագրքերում: Ես կսկսեի Արմեն Սարգսյանից, բայց, ավաղ, նա դժվար պահին լքեց Նիկոլին:

Մի գուդբայն ի՞նչ էր, դա էլ չասաց: Այնպես որ՝ իրեն հասնում է, որ իր անունը մոռացության տրվի եւ կամ հիշատակվի բացառապես իրավապահների պրոտոկոլներում: Գուդբայ, պոնչ, գուդբայ, կտեսնվենք Եղիսաբեթի պալատում: Էն մյուսը, որ ջրի բաժակը ձեռքին կանգնել է Նիկոլի կողքին, Արման Բաբաջանյանն է՝ օտարերկրյա գործակալական ցանցի ակնառու ներկայացուցիչներից մեկը: Նիկոլի հոգնած, փնթի, անթրաշ ֆոնին նա ընդգծված կոկիկ տեսք ունի, եթե չհաշվենք կլյոշ շրթունքները, որոնցով անընդհատ հարցնում է՝ Նիկոլ ջան, չհոգնեցի՞ր, մի հատ սառը ջուր խմիր… Հանկարծ չզայրանաս, Նիկոլ ջան, ու չխփես ադրբեջանական խողովակաշարերին, մեր բոսերը քո հերը տուտժե կանիծեն, Նիկոլ ջան, ավելի լավ է՝ դու սառը ջուր խմիր… Էս քաղցր խոսակցությունն ստեպ-ստեպ ընդհատող էն նախկին երիտասարդն էլ Էդմոն Մարուքյանն է՝ Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը: Էլի եկավ.

- Նիկոլ, Ալիեւն ասում ա՝ միջանցքը պըտի տաս:
- Գնա իրեն ասա՝ ես չեմ կարա, դա Պուտինը պըտի տա, դա նրա խնդիրն ա արդեն:
- Ասել եմ, ինքն էլի իրանն ա պնդում՝ պըտի տաք:
- Բա որ չտանք ի՞նչ…
- Սպառնըմ ա… Իսկ գուցե մի հատ ասուլի՞ս տաս, բացատրես՝ որը որից հետո ա:
- Հա, ճիշտ ես ասում, դե դուք եկեք երկրագունդը բռնեք, ես գնամ ասուլիս տամ:
- Ոչ մի դեպքում, պարոն Փաշինյան, երկրագունդը չի կարելի վստահել ոչ մեկին: Դու ավելի լավ է՝ մի հատ սառը ջուր խմիր:
- Բա Էդմոնն ասում ա՝ ասուլիս տուր:
- Էդմոնը շատ բան ա ասում, դու էս գործի թիվ մեկ պատասխանատուն ես, ոչ թե ասուլիս տալու:
Այդտեղ Արման Բաբաջանյանի գրպանից Սծյոպիկն է գլուխը հանում.
- Ես գիտեմ ինչ կարելի է անել, պարոն մեծարգո վարչապետ: Ասուլիսն առցանց տվեք՝ առանց էս կարեւոր գործից կտրվելու:

Սծյոպիկի առաջարկն ընդունվում է բուռն եւ երկարատեւ ծափահարություններով: Երբ ծափահարությունները լռում են, Արամ Սարգսյանը՝ Վազգենի եղբայրն է առաջ գալիս:
- Պարոն Փաշինյան, կանխազգում ունեմ, որ էդ ասուլիսին Ձեզ միջանցքաք..ն են անելու, եթե կարելի է, ասուլիսից առաջ ես ժողովրդին նախապատրաստեմ այդ նորությանը…
- Ի՞նչ նորություն, Արամ,- բեռի տակ տնքալով՝ մի կերպ խոսում է Նիկոլը:
- Դե միջանցքը տալու, էլի…
- Չէ, Արամ, մեզ կուտեն։
- Չեն ուտի, մեծարգո պարոն վարչապետ,- խոսում է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը։- Արամն իր գործը լավ գիտի:
- Հա՞… Եվ ի՞նչ ես մտածում ասել, Արամ, ինչպե՞ս ես նախապատրաստելու ժողովրդին:
- Ես արդեն մտածել եմ, կասեմ, որ միջանցքը թուրքերին Պուտինն ա խոստացել:
- Էդ ո՞նց…
- Հա, կասեմ, որ Նիկոլը նոյեմբերի 6-ին պատերազմը չկանգնեցրեց, որովհետեւ Ալիեւը միջանցք էր ուզում: Կասեմ՝ Նիկոլն այնքան դիմադրեց, որ այդ կետը նոյեմբերի 9-ի թղթից հանեցին:
- Հրաշալի է,- դարձյալ Արմանի գրպանից գլուխը հանում է Սծյոպիկը:
- Ի՞նչն է հրաշալի, այ դեբիլ,- խոսակցությանը միջամտում է նորահայտ ընդդիմության ներկայացուցիչ Սուրենյանց Սուրոն,- ուզում եք ասել՝ միջանցքը չտալու համար Նիկոլը Շուշի՞ն տվեց: Դուք ինչո՞վ եք մտածում, արա, կոնկրետ դու, Արամ, ինչո՞վ ես մտածում:

Սուրենյանցի կոշտ դիտողությունից հետո աղմուկ է բարձրանում քառակուսի երկրագնդի տակ: Նիկոլը ծանր տնքում է:
- Ջո՞ւր, պարոն վարչապետ…
- Չէ… Դուք ինձ խայտառակ կանեք, արա, ավելի լավ է՝ ինքս ասուլիս տամ…
- Առցանց, չէ՞, մեծարգո պարոն վարչապետ ջան…

Հետո՞… Հետո ասուլիսը տվեց, բայց ի՞նչ ասուլիս: Լցեց ու լցեց ժեխի առաջ իր կտերը: Ջհանգիրյան, ականջդ կանչի, քեզ առողջություն, կարող ես չմտահոգվել, նոր կուտ տվող է հայտնվել: Էն ի՞նչ ֆռիկներ էին, էն ի՞նչ մանիպուլյացիաներ… Եվ այդ ամեն ինչը գրական հայերենով՝ առանց ջհանգիրյանական լեզվամտածողության գոհարների: Կարելի էր, թերեւս, ժեխի հերթական կերակրումը հաջողված համարել, եթե ասուլիսից հետո նորահայտ ընդդիմադիր Սուրենյանցը չասեր՝ վարչապետի ասուլիսը տխուր էր, որովհետեւ եկել է նոյեմբերի 9-ի վերջնական կապիտալիզացիայի ժամանակը: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, իհարկե, բայց Սուրենյանցի հայտարարությունից հետո աղմուկ բարձրացավ: Ուզում էին նրան տփել եւ կտփեին, եթե Նիկոլն այդ պահին ծանր չտնքար, իսկ Սուրենյանցն էլ չասեր, որ այդ տխրության մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է, որին ոչ մի կերպ չի հաջողվում փրկել Արցախն ու Հայաստանը: Այ, եթե ինքը լիներ այդ ընդդիմության տեղը…