Նիկոլի հերթական պարտությունը

Նիկոլի հերթական պարտությունը

Պարզվում է (https://court.am/hy/news/), որ հունվարի 7-ից վերացվում են «կալանքի դատարաններ» անվան ներքո գործող հայաստանյան արտակարգ դատարանները: Արդեն չեմ հիշում, թե որքան հոդված եմ «նվիրել» 2021 թվականի սկզբին ստեղծված դատական այդ կառույցին: Հիմնավորել, որ «կալանքի դատարանն» իր էությամբ հենց արտակարգ է, քանի որ ներկայացված չէ ՀՀ Սահմանադրությամբ թույլատրվածների շարքում: Բացի այդ, արտակարգ դատարաններն ուղղակիորեն արգելված են հիմնական օրենքով: Արտակարգ է նաև այն առումով, որ հակակոռուպցիոն դատարանի նման առանձնացված է ոչ թե կոնկրետ ինչ-որ ոլորտ, այլ դատաքննական գործընթացի մի առանձին փուլ: (Փակագծերում ասեմ, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով դատական համակարգում հակակոռուպցիոն դատարան առաձնացնելն էլ, մեղմ ասած, բանի նման չէ): Վերադառնալով «կալանքի դատարանի» թեմային՝ նշենք, որ երբ ձևական կողմից անցում ենք կատարում դրա գործառույթին՝ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի քիմքին ոչ հաճելի անձանց պարտադրաբար կալանքի սանկցիա տալուն, ապա այն վերածվում է քաղաքական հետապնդման քրեական գործիքի: Հատկապես որ դրանում ներառված են գործող իշխանության բարեհաճությունը վայելող և դրա պատվերը կատարելուն դեմ չգնացող երիտասարդ իրավաբանները: Եվ ըստ այդմ՝ այն նաև բովանդակությամբ է վերածվում արտակարգ դատարանի:

Իմ սերնդի (կամ 60+ տարիքի) մարդիկ դասագրքերից գիտեն, թե ինչ է արտակարգ դատարանը: Դատական այդ կառույցն ակտիվորեն գործել է նախորդ դարի 30-ական թվականներին՝ Սովետական Միության կազմավորման երկրորդ տասնամյակում: Այն ծառայել է հենց նույն նպատակին՝ քաղաքական հետապնդումներ, որի համար երկու տարի առաջ ստեղծվել էր «կալանքի դատարանը» նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում: Դրանք ամբողջովին վերացան 1941-1945 թվականների Հայրենական (հաղթական) պատերազմից հետո: Իսկ Հայաստանում դրանց ստեղծման գործընթացը սկիզբ առավ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո: Մենք, միաժամանակ, գիտենք, որ Փաշինյան Նիկոլն, իր ասելով, երբեք չի սխալվում: Դրա վկայությունը վերջինիս հոդվածանման գրառումն էր ֆեյսբուքում 2020 թ.-ի սեպտեմբերի 18-ին «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վերնագրով: Բայց քանի որ ստեղծվելուց շուրջ երկու տարի անց դրանք, այնուամենայնիվ, վերանում են, ապա դա նշանակում է, որ պարտադրանք է եղել արդարադատության ոլորտի արևմտյան կազմակերպությունների կողմից: Դա էլ գալիս է այն հանգամանքից, որ Արևմուտքը, կարելի է ասել, ալերգիա ունի խորհրդային ամեն ինչի նկատմամբ: Այլապես չտեսնելու կտար նաև արտակարգ դատարանների գոյությունը: Ճիշտ այնպես, ինչպես չտեսնելու է տրվում այն ամեն բացասականն ու հակաժողովրդականը, ինչ կատարվում է նիկոլական Հայաստանում:

Միակ զարմանալին այն է, որ թափանցիկության ջատագով Արևմուտքն իր պարտադրանքը չի հանրայնացրել: Չնայած դա գոնե ինձ ու ինձ նմանների համար վաղուց արդեն նորություն չէ: Նորություն չէ ո՛չ «ժողովրդավար մեծարգո վարչապետի» և ո՛չ էլ բազմաթիվ հարցերում նրան աջակցող արևմտյան պետությունների ու կառույցների ղեկավարության վարքագիծը: Այնուամենայնիվ, այդ դատարանների գործունեության արգելքն Նիկոլի հերթական պարտություններից մեկն է արևմտամետության տեսակետից: