Մանե Գրիգորյան. Մանեն նվաճեց բարձրությունը

Մանե Գրիգորյան. Մանեն նվաճեց բարձրությունը

ոգեշնչված պաուլուս բյոմեռի

նանան կորցրեց բարձրությունը բանաստեղծությունից         

մոր աղիքների երկարությամբ մատները
սեղմվելով պարանոցի շուրջ
փորձեցին խեղդել նրան

մայրը դիմադրեց
դիմադրելիս կորցրեց գեղեցկությունը
հայրը մի սենյակից
մի տնից
մի քաղաքից
մի ջրափոսից մյուսն ընկավ

խոցված 
բեկորներով
հայացքների
ժպիտների
փոշու
արյան
թքոտված առատությամբ 
օրերի
հայրը սլացավ ինչպես միջանցիկ քամի
իր ետեւից թողնելով 
ծանրությունը
չփակվող դռների

մանեն նվաճեց բարձրությունը

նա փորձեց կքանստել
թեւերը ծալվեցին
ծալքերի միջեւ
խոյացան ծաղիկները անորոշության

մանեն ջրեց ծաղիկները
ու որքան երկար կքանստեց
այնքան անհագուրդ խմեցին 
ծաղիկները
գարնան հետ խառնվեցին 
կծկումները ձմռան
հերթական սրտխփոցի հետ
կանգ առավ սիրտը

մանեն նվաճեց բարձրությունը

բարձրանալիս ցած նետեց ծաղիկները
նրանք որոնք տեսան նրան
չկարողացան ըմբռնել
դա երազի շարունակությունն էր
թե սկիզբը

փեշին թափված մոր վերջին լոզը 
չորացավ
ցամաք տիրեց
մայրը հավաքեց մատները
եւ որպեսզի կանգնեցնի նրանց տենդը
մի մատը հյուսեց մյուսին
հայրը չկարողացավ բարձրացնել 
մոր ձեռքը
մայրն ընդունեց սպասելի ծանրությունը

մանեն նվաճեց բարձրությունը

եւ պատճառը ամենեւին էլ թեւերը չէին
որ անասելի հեռվում կորցնելու էին
նշանակությունը իրենց

նրան կանչեց մայրը
կանչեց հայրը
մանեն չհասկացավ մեռյալների 
ոչ բառերը ոչ շշուկները

նա այլեւս չտեսավ 
կարթից կախված ձկան պարը
մանեն նվաճեց բարձրությունը
եւ կորցրեց կշիռը

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

Լուսանկարը` Մանե Գրիգորյանի