«Սերժիկի կոստյումը պետք է փոխվի»․ Օպերայի դիմաց նստացույց է լինելու

«Սերժիկի կոստյումը պետք է փոխվի»․ Օպերայի դիմաց նստացույց է լինելու

Օրերս «Համահայկական ազգային համաձայնության» ներկայացուցիչները 2015 թվականի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի արխիվացված քվեապարկերը բացելու և վերահաշվարկելու գործընթացն իրականացնելու պահանջով դիմել էին դատախազություն, քննչական ծառայություններ, Ազգային անվտանգության ծառայություն։

«Հրապարակի» հետ զրույցում ՀԱՀ մտավորականների խորհուրդի անդամ Արթուր Արմին Բաբայանը նշեց, որ դեռևս արձագանք չկա։

«Փոշտով ուղարկել ենք, կտրոնները վերցրել ենք, մյուս օրն էլ դիմել ենք Ձեր թերթին, որպեսզի բաց տեքստով գնա, չկարողանան շրջանցել իրենց սովորության համաձայն։Դիմումը գրվել է փոխհամաձայնությամբ, տեսել եք՝ ինչքան կազմակերպություններից, նախաձեռնություններից ներկայացուցիչներ կան»,-ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ դիմել են իրավապահ մարմիններին, բայց իրականում նպատակ կա դիմելու ժողովրդին։

«Կարևորը ժողովուրդը հասկանա, հասկանա իր իրավունքները, հասկանա, որ իրեն խաբել են, հասկանա, որ մայր օրենք կոչվածը ոչ լեգիտիմ փաստաթուղթ է, հետևաբար ոչ լեգիտիմի մեջ փոփոխություններ անելը հակաիրավական է։ Բացմիցս արտահայտվել ենք, որ 2015 թվականի Սահմանադրությունը լեգիտիմ չէ։  «Սերժիկի կոստյումը» թևավոր խոսքը հենց իրենցն է, ուրեմն էդ պետք է կոստյումը պետք է փոխվի, պետք է փոխվի ոչ թե կոսմետիկ փոփոխություններով, այլ ուղղակի պետք է դա մի կողմ դրվի և համաժողովրդական քննարկմամբ գրվի նոր Սահմանադրություն»,- նշեց Բաբայանը։

ՀԱՀ մտավորականների խորհուրդի անդամը հավելեց, որ մարտի երկուսից «Համահայկական ազգային համաձայնության» երեք ներկայացուցիչներ վերոնշյալ պահանջով նստացույց են սկսելու։

«Նստացույցը լինելու է Օպերայի աստիճանների մոտ, նախնական 5 օր կհայտարարվի նստացույց»,- ասաց Բաբայանը