Ով ում հանեց լուսանցքից

Ով ում հանեց լուսանցքից

Արցախում մեկնարկում է խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների քարոզարշավը: ԿԸՀ-ն գրանցել է նախագահի բոլոր առաջադրված թեկնածուներին, ԱԺ 33 մանդատի համար պայքարի հայտ ներկայացրած կուսակցություններին եւ դաշինքներին: Ակնկալվում է թեժ մրցակցություն, որ, բնական է, ուղեկցվելու է համարժեք տեղեկատվական ապահովությամբ եւ «կսմիթներով»: Բայց որ հենց առաջին օրն անակնկալ կունենայինք՝ անսպասելի էր:

Մանավանդ որ դա կարող է իրավիճակ խառնել: Lragir.am-ը, մասնավորապես, դիտարկում է արել, թե աջակցություն հայտնելով նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դուրս եկավ լուսանցքից եւ ունեցավ քաղաքական բաց դաշտում գործելու հնարավարություն:

Անկախ Սամվել Բաբայանի անձի ու քաղաքական հայացքների մասին վերաբերմունքից, փաստը չես կարող շրջանցել՝ նա քաղաքական հայտ ներկայացրել է դեռեւս անցյալ տարվա գարնանը, երբ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաք եւ ստացավ շուրջ 20 000 քաղաքացու աջակցություն: Թեմայից դուրս է, թե որքանով էին օրինական-սահմանադրական այդ փոփոխությունները, ով էր ՊԲ նախկին հրամանատարի իրավախորհրդատուն, որ այդքան անհաջող ձեւակերպումներ եւ ընթացակարգ էր առաջարկել: Իրողություն է, որ մարդիկ ստորագրել են հանուն Սամվել Բաբայանի: Գուցե այդ ընթացքում անհատներ, խմբեր կամ նույնիսկ քաղաքական ուժեր, ինչպես ասում են՝ «տակից» օժանդակել են, բայց ներկա փուլում ասել, որ Մայիլյանին աջակցությունն է նրան լուսանցքից բաց քաղաքական դաշտ բերել, իրականության շրջափոխություն է: Եթե Մայիլյանն ունի նախագահ ընտրվելու կամ, ինչպես ինքն է դիտարկում՝ երկրորդ փուլում երաշխավորված տեղ զբաղեցնելու հնարավորություն, ապա դրանով մեծապես պարտական է Սամվել Բաբայանի աջակցությանը: Եւ վստահաբար կարելի է ասել, որ այդ Բաբայանն է Մայիլյանին դուրս բերել քաղաքական լուսանցքից: Մայիլյանը քաղաքական թիմ չունի:

«Նոր Արցախ․ կուսակցությունների դաշինքում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան եւ ստիպված եղան հենվել պաշտոնաթող գնդապետ Գրիգորի Սահակյանի հեղինակության վրա: Ի՞նչ արդյունք կգրանցի այդ դաշինքը՝ խիստ կասկածելի է, բայց գրեթե բոլորն են ասում, որ Բաբայանի «Միասնական հայրենիքը» կհաղթահարի հինգ տոկոսի շեմը եւ կմտնի Ազգային ժողով: Մայիլյան-Բաբայան դաշինքը, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, բավական փխրուն է, որովհետեւ ձեւավորվել է ոչ թե գաղափարական ընդհանրության, այլ՝ «ընդդեմ» սկզբունքով, որտեղ մեծ դեր է խաղացել արտաքին միջամտությունը: Այս համատեքստում ինքնասպանության փորձի նման է, երբ Մայիլյանին ի սկզբանե աջակցող լրատվամիջոցն իրավիճակը գնահատելիս ՊԲ նախկին հրամանատարին ստորադասում է «լուսանցքայինի» աստիճանի եւ նախագահի իր նախընտրելի թեկնածուին վերագրում Սամվել Բաբայանին «մոռացվածությունից» քաղաքականություն բերելու առաքելություն: Եթե դա մտածված քարոզչություն է, եւ Մայիլյանն իրոք որոշել է այդ կերպարով նաեւ ընտրողներին ներկայանալ, ապա Արցախում, իրոք, կարող ենք իրավիճակի արմատական փոփոխության ականատես դառնալ: